Երեկ, Հայաստանի Հանրապետության Անկախության 16-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ, որը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նախաձեռնել էր ՀՀՇ-ն, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ 20 րոպե տեւողությամբ ելույթում, ըստ էության, ներկայացրեց Հայաստանի զարգացման, կառավարման իր մոդելը: Նրա խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ` առանց միջամտության:
«16 տարին եւ՛ շատ կարճ, եւ՛ շատ երկար ժամանակ է` նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը: Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունն արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի Առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար ոչ միայն նրան հասնելու ճանապարհին, այլ նաեւ հետագայում, քանի որ սա սովորական անկախություն չէր, սա նույնիսկ գաղութատիրությունից ազատվելու փորձ չէր: Այստեղ լուծվում էր ոչ միայն քաղաքական անկախության խնդիրը, այլեւ հասարակարգի բոլոր համակարգերի փոփոխության խնդիրը` կոմունիստական գաղափարախոսությունից անցում դեպի դեմոկրատիա, կենտրոնացած պլանային տնտեսությունից անցում դեպի ազատ շուկայական տնտեսություն, բացարձակապես զրոյական արտաքին հարաբերություններ ունենալուց՝ արտաքին հարաբերությունների նոր համակարգ ստեղծելու մի փոփոխություն: Էլ չեմ ասում՝ սեփական բանակ, սեփական պետական կառույցներ ունենալու մի ճանապարհ: Դժվար է, իհարկե, մարդկանց բացատրել, թե ինչպիսի օբյեկտիվ խնդիրներ գոյություն ունեին (այսօր էլ գոյություն ունեն եւ դեռ տասնյակ տարիներ դրանք պետք է գոյություն ունենան) մեր ճանապարհին: Չխոսվեց այն մասին, որ մենք, բացի այս ամենից, որոնք հատուկ էին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին, մենք ունեինք նաեւ Ղարաբաղյան պատերազմ, 300.000 փախստական, մենք ունեինք աղետի գոտի, որից տուժել էր 500.000 մարդ: Ես չեմ պատկերացնում մեզնից շատ ավելի հզոր մի պետություն, որ այսպիսի դաժան բեռի տակ կարողանար հասնել այն բանին, ինչին հասավ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը: Այսօր այս ամենն ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ Անկախության 16-ամյակը թեեւ թվում է սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` ես համարում եմ սա շրջադարձային տարի: Այսօր մենք կանգնած ենք ճամփաբաժանի, մեծ երկընտրանքի առջեւ: Ունենք երկու ճանապարհ. մեկը` պահպանել այն, ինչն այսօր գոյություն ունի, այսինքն` պետության, ավելի շուտ՝ իշխանության` վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ժողովրդի կամքով, քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը, եւ այս իշխանության գոյատեւումը ոչինչ չի խոստանում, որ մենք կարող է երբեւէ դուրս գանք այս վիճակից: Այսօր խնդիրն այս համակարգը կազմաքանդելն ու այս համակարգից ազատվելն է: Եվ ամենակարեւոր խնդրի մասին. անցել է արդեն 16 տարի, մեր օրոք` 8, ավելի քիչ` յոթուկես, սրանց օրոք` ավելի շատ, եւ ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ (գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, հասցնել նրանց) չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի, Հայաստանի, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է եւ՛ Հայաստանի ապագան, եւ՛ մեր ժողովրդի բարօրությունը, եւ՛ մեր տնտեսության բարգավաճումը` ԼՂՀ հարցի կարգավորումն է: Եթե չլինի այդ գիտակցությունը, ինձ թվում է, ոչինչ անել պետք չէ. գնանք-նստենք մեր տներում եւ սպասենք, թե ինչպես է Հայաստանը վերածվում երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք: Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ ՀՆԱ-ի զգալի մասը, եթե ոչ` բախտորոշ մասը: Ես սա չեմ ասում, որ թեւաթափ լինենք: Հայաստանն ունի ռեսուրսներ. ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան: Չխաբվենք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է: Եթե այսպես փակված մնանք, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ ավելի աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ պետք է մտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին: Այս իշխանությունների ամենամեծ հանցանքն, ինձ թվում է` սրանում է կայանում: ԼՂՀ հարցի կարգավորումն այս 10 տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե հետեւեք Ադրբեջանի արձագանքներին, կտեսնեք, որ նրանց դիրքը գնալով կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ` ի՞նչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար: Բայց, կրկնում եմ, ես այս վիճակը դեռեւս անհուսալի չեմ համարում: Հնարավոր է փորձել վերադառնալ նորմալ երկրների շարքը: Ես մնացած խնդիրների լուծումը շատ լավ տեսնում եմ, հնարավոր է այս կոռուպցիոն կառույցը լիովին կազմաքանդել, հնարավոր է Հայաստանում վերականգնել օրենքի իշխանությունը, հնարավոր է դատարանները, Դատախազությունն ու իրավապահ մարմինները վերածել իրենց բուն ֆունկցիան կատարող օրգանների, այլ ոչ թե այս մաֆիոզ կառույցների հանցանքները թաքցնող եւ միայն քաղաքական հետապնդումների գործիք ծառայելու կոչված նրանց կոչումը: Հնարավոր է, եւ շատ իրական, Հայաստանում վերականգնել դեմոկրատական ազատությունները: Այսօր ունենք 17 հեռուստաալիքների հետեւում փակված, բարիկադավորված իշխանություններ. ուզում են մեր ժողովրդին ցույց տալ բոլորովին մի ուրիշ աշխարհ: Դա տեսել ենք. բրեժնեւյան շրջանի Խորհրդային Միությունն է դա, եւ այսօրվա վիճակն, ըստ էության, շատ նման է, այսպես կոչված` բրեժնեւյան շրջանի լճացման տարիներին: Վերջերս մի միտք արտահայտվեց, թե ՀՀ-ում իշխանության փոփոխություն հնարավոր չէ, քանի որ իշխանության ճգնաժամ չկա: Ճի՛շտ է` առերեւույթ իշխանության ճգնաժամ չկա. կառուցվում են Հյուսիսային պողոտայի շենքերը, ամեն օր նոր ռեստորաններ են բացվում, նոր տներ են կառուցվում, եւ այլն, բայց ճգնաժամը չկա առերեւույթ: Առերեւույթ, տեսանելի ճգնաժամը վտանգավոր չէ: Մենք ունեցել ենք էներգետիկ ճգնաժամ` հաղթահարել ենք, ունեցել ենք ֆինանսական ճգնաժամ` ԽՍՀՄ ամբողջ տնտեսական համակարգը, ռուբլու գոտին փլուզվեց` մենք դա տեսել ենք, հաղթահարվել է, ունեցել ենք պատերազմի ճգնաժամ` հաղթահարել ենք: Շատ ավելի դժվար է հաղթահարել այդ անտեսանելի, աներեւույթ ճգնաժամը, որը լճացումն է: Լճացում, որը բերում է պետության հիմքերի բացարձակ նեխման ու փտման: ԽՍՀՄ-ը փլուզվեց ոչ թե 1991թ., այլ կործանվեց Բրեժնեւի լճացման տարիներին: Պարզվեց, որ այդ պետությունը խաղալիք էր, այլեւս հիմքեր չուներ, ջրերը մաշեցրել էին այդ հիմքերը: Այսօր այդ վիճակն է, ամենավտանգավոր վիճակը, որովհետեւ դա չի երեւում, ժողովուրդը չի գիտակցում, եւ դժվար է ժողովրդին հասցնել, որովհետեւ հեռուստատեսությունները փակ են, թերթերն էլ ի զորու չեն այդ արգելքը հաղթահարելու: Ինչեւէ: Սա մեկ ճանապարհն էր: Մյուս ճանապարհը մեր արժանապատվությունը վերագտնելու, ժողովրդին իր երկրի տերը դարձնելու եւ պետական այն բոլոր կառույցների առողջացման ճանապարհն է, որոնք արդեն նշեցի: Դա հնարավոր է իրականացնել, թեեւ իշխանությունները շատ հզոր են: Շատ հզոր են իրենց իրավապահ մարմիններով, իրենց հատկապես պետական ապարատով` նկատի ունեմ նախագահից մինչեւ վարչապետ, նախարարներ, մարզպետեր, թաղապետեր՝ գումարած ամբողջ իրավապահ մարմինների բոլոր աստիճանավորները: Ես այս շարքում չեմ ընդգրկում, այսպես կոչված` օլիգարխներին. դա բոլորովին ուրիշ թեմա է: Մի՛ խաբվեք, հրաժարվեք անգամ այս բառից, սա եւ վիրավորական, եւ սխալ տերմին է, որը ներմուծվեց ռուսաստանցի մի քաղաքական գործչի թեթեւ ձեռքով: Հիմնովին սխալ տերմին է: Նրանք ձեռնարկատերեր, գործարարներ են, եւ նրանք այս իշխանության սյուները չեն: Եթե կուզեք իմանալ` գործարարներն այս իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեին գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ հարգելու իրենք իրենց: Այդ բարեգործություններով այդ հարգանքը չեն նվաճի: Եվ մի մտածեք, թե այդ մարդիկ հարկերը չեն վճարում: Նրանք վճարում են, գուցեեւ ավելին, քան պետք է վճարեին օրենքով, բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե, դրանք գնում են, գիտեք` ում գրպանը: Եվ վերջապես մենք այս գիտակցությունը, թե ինչից է կախված իր վիճակի բարելավումը, պետք է կարողանանք հասցնել ժողովրդին: Առաջին հերթին` այս կոռուպցիոն համակարգի վերացում, երկրորդ` ԼՂՀ հարցի լուծում, երրորդ` շրջափակումների վերացում, չորրորդ` հարեւանների հետ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների հաստատում, եւ, վերջապես, որը գլխավորն է, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ձայնը վաճառելով 20 կամ 50 դոլարով, նա պետք է իմանա, որ իրենից այս իշխանությունները կորզում են 5000 դոլար: Կորզում են իրենց երեխաների ապագան, վերջապես՝ կորզում են այս երկրի բախտը:
Հիմա՝ անձամբ իմ մասին: Ես գիտեմ, թե այսօր ինչ ակնկալիքներ ունեք: Չեմ թաքցնում, չեմ էլ կարող սեթեւեթել, ես հետեւում եմ գործընթացներին, բոլորս հասկանում ենք, որ իսկապես բախտորոշ վիճակ է, հասկանում ենք, որ պետք է դուրս գանք սրանից: Բանալին բոլորն էլ ճիշտ են ըմբռնել. այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, առողջ հասարակական, մտավոր, հոգեւոր բոլոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ: Ուրիշ ճանապարհ չկա: Այս 10 տարիների փորձը ցույց տվեց, որ մնացած ճանապարհները հաջողություն չեն բերում: Հիմա ես կողջունեի ցանկացած մեկին, ով կհավակներ այդ միասնական թեկնածուի դերին, եւ նրան կհաջողվեր իր շուրջը համախմբել բոլոր ուժերին, եւ իմ ամբողջ կարողությամբ, իմ ազդեցությամբ ես կնպաստեի այդ պրոցեսին: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ` ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, դեռ կշռում եմ, դեռ քննում եմ. իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի: Իհարկե, կա մթնոլորտի, տրամադրությունների փոփոխություն, բայց դա դեռեւս, իմ այսօրվա գնահատականներով, ինչպես ասում են` կանդիցիայի չի հասել: Եվ դժվար է հասցնելը, քանի որ, ինչպես ասացի` հեռուստատեսությունը 17 ալիքով ամեն օր մտնում է 2 միլիոն հայի տուն: Դրա հաղթահարելու ձեւերը մենք դեռ պետք է գտնենք: Ասացի` ես դեռ որոշում չունեմ եւ, երբ որոշում կայացնեմ` այո կամ ոչ, ես համոզված եմ, որ կարող եմ ձեզ տալ իմ բացատրությունները, որոնք ձեզ համար կարող են համոզիչ լինել: Միայն մի բանում մի կասկածեք. եթե տեսնեմ` որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ հայ ժողովրդին եւ մեր երկիրը, մեր պետությանն այս վիճակից դուրս բերելուն` որեւէ ջանք չեմ խնայի»: