Սոցիալական գովազդ Ամերիկայից՝ հատուկ հայերի համար

12/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

«Տղան նստած է թափանցիկ սեղանի մոտ: Տեսախցիկից ներս թափանցող նրա լարված հայացքը զգուշացնում է, որ այն, ինչ հիմա կկատարվի, չափազանց լուրջ է, որպեսզի աչք փակենք դրա վրա ու արհամարհենք: Բայց կադրերը, որոնք պետք է այս կամ այն կերպ նկարագրեն ծխելու, խմելու, «ծակվելու» պրոցեսը, միայն ակնարկում են այդ գործողությունների մասին, այսինքն, ցույց են տալիս գործողության կատարման դետալները»: Կարեն Խաչատրյանը մեքենայի ղեկից հեռախոսով այսպես ներկայացրեց վերջերս ԱՄՆ-ում նկարահանած իր սոցիալական գովազդը: Երկու րոպե տեւողությամբ տեսահոլովակն արդեն մոնտաժված է: Այն առաջին անգամ ցուցադրվելու է Հայաստանում եւ, հեղինակի կարծիքով, հաջողություն պետք է ունենա, հատկապես ծխամոլության ու թմրամոլության դեմ պայքարողների շրջանում: «Սա նաեւ փորձ է մարդկանց ցույց տալ, թե ինչպիսին են նրանք կողքից, որովհետեւ մարդիկ չեն կարող անել դա ինքնուրույն, հատկապես` էյֆորիկ վիճակում»:

Չծխող ու չխմող 22-ամյա Կարենը երեք տարի է սովորել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո միայն փորձել է կյանքի կոչել այն ամենը, ինչ նախատեսել էր դեռ Հայաստանում: Իսկ նախատեսել էր նկարահանել մի տղայի պատմություն, որը ծխելու համար հորից ապտակ «ուտելուց» հետո չէր համարձակվում մոտենալ ծխախոտի տուփին, բայց, միեւնույն ժամանակ, տարեկիցների շրջապատում ինքնահաստատվելու համար զգում էր դրա անհրաժեշտությունը: Աղքատիկ սցենարը հետագայում լրջանում ու վերափոխվում է՝ ժամանակը սեղմվում է, թեման կենտրոնանում է երեք մահաբեր գործողությունների վրա, յուրաքանչյուր կադր՝ խորհրդանիշ է: Մահ են գուժում ժամացույցները, որոնց ընթացքն արագանում ու կանգ է առնում: Երիտասարդի հոգեւարքի տեսարանին ներկա են բժիշկը, հոգեւորականն ու մահվան հրեշտակը: Տղան սաղմի դիրք է ընդունում եւ էկրանին հայտնվում է ծխախոտի, ալկոհոլի ու թմրանյութերի զոհերի զարհուրելի վիճակագրությունը:

Հոլովակի կադրավորումը կատարվել է լուսանկարների միջոցով: Կարենը նշում է, որ գուցե հետագայում դա կդառնա իր աշխատաոճը: Հոլովակի ստեղծման ժամանակ Կարենը բախվեց այն դառն իրականությանը, որ Միացյալ Նահանգներում առանց հաստ դրամապանակի պետք չէ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել ինչ-որ բան ստեղծելու գաղափարը: Ու միայն ֆանտաստիկ համառության շնորհիվ էր, որ MGM «Paradise» ստուդիայի դռները բացվեցին Կարենի համար: Նրա խոսքերով, ստուդիայի տնօրեն Գագիկ Ասլանյանը ինչ-որ տեղ նաեւ հայրենասիրական մղումից համաձայնեց նկարահանումների համար տեխնիկա տրամադրել, երբ Կարենը բացատրեց, թե արաբից, հրեայից, կամ մեքսիկացուց ոչինչ չի խնդրի, իսկ իր խնդրածը 3 մետր լայնությամբ ու 7 մետր երկարությամբ տարածք է ու մի տեսախցիկ՝ լուսավորման սարքավորումներով: «Միակ մարդը, ով վարձատրվեց աշխատանքի դիմաց, եղել է մեքսիկուհի դիմահարդար Ռոզալինան: Մնացած անձնակազմը հայերից բաղկացած կամավորների թիմ էր»,- ասում է Կարենը: Հոլովակի գլխավոր դերակատար թմրամոլ երիտասարդին մարմնավորեց Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մեկ այլ ուսանող: «Խանութում, ստենդների արանքից մի շատ ծանոթ հայացք ինձ էր նայում: Որտեղի՞ց հայտնվեց մեր ինստիտուտի ուսանող Վիկտոր Եպիսկոպոսյանն այդտեղ, չհասկացա: Աստված էր ուղարկել»,- ծիծաղում է Կարենը լսափողի մեջ: «Մյուս կամավորը օպերատոր Գեւորգ Ճուղուրյանն էր, որը եկել էր Ամերիկա՝ սովորելու: Բայց իմ հայաստանցի օպերատոր ընկերոջից ես ներողություն խնդրեցի, որովհետեւ Էդիկի հետ էինք մտադիր անել այս գործը»: Զավեշտալի է, որ նկարահանումների ընթացքում ամենամեծ դժվարությունը մահամերձ երիտասարդի տեսարանի համար մահճակալ գտնելն էր: «Գլենդելում մի շենք գտա, որտեղ ամբողջը հայ բժիշկների օֆիսներ էին: Այդ բժիշկներից միայն մեկը համաձայնեց ինձ մեկ օրով մահճակալ տալ, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ,- հիշում է Կարենը:

Կարեն Խաչատրյանն աշխատում է «Հ1», «Հ2» արբանյակային հեռուստաընկերությունների ամերիկյան ստուդիայում` որպես հեռարձակող ու գովազդային գործակալ, բայց խիստ վիրավորվում է, երբ ընկերները նրան, թեկուզ կատակով, արդեն «սփյուռքահայ» են անվանում: