Գինի լից, ընկեր ջան, գինի լից

23/09/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներին կարող է դիմակայել միայն դաշնակցական նախագահը, սակայն կարեւորն այն է, որ ապագա նախագահին ընտրի ժողովուրդը, իսկ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ընտրված ցանկացած նախագահի հետ, «նույնիսկ եթե դա լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Այս մասին երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ Ներքին գործերի, ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ Ա. Աղաբեկյանը, ով երկար ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի տեղակալն էր, կարծում է, որ Ս. Սարգսյանը չի կարող դիմակայել այդ մարտահրավերներին: Ըստ Ա. Աղաբեկյանի, ինքը գործող վարչապետի հետ համագործակցում է դեռեւս պատերազմի տարիներից, սակայն տվյալ դեպքում, անկախ անձից, կարեւորն ըստ նրա՝ այն է, որ նախագահին ընտրի ժողովուրդը: Ա. Աղաբեկյանը երեկ նաեւ ասաց, թե եթե հարկ լինի նախագահի ընտրության երկրորդ փուլում ընտրություն կատարել Սերժ Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, ապա ինքն արդեն վաղուց կատարել է իր ընտրությունը: Ու թեեւ այդպես էլ չնշվեց, թե ո՞րն է այդ ընտրությունը, սակայն, կարծում ենք, դրա կարիքը չկար էլ, ու ամեն բան հասկանալի է: Իսկ ՀՅԴ-ն, պաշտպանության նախկին փոխնախարարի հավաստմամբ՝ փորձելու է նոր որակ հաղորդել ընտրական գործընթացին եւ ցանկություն չունի կոմպրոմատային պատերազմի մեջ մտնել որեւէ ուժի հետ: Միաժամանակ նա նշեց, թե ՀՅԴ-ին ուղղված մեղադրանքների պատասխանները կտրվեն անմիջապես: Իսկ եթե ՀՅԴ-ին «հիշեցնեն» իր անցյալի, այսպես ասենք, ոչ այնքան պատվաբեր ու հաճելի դրվագների մասի՞ն: Պարզվում է՝ դա ՀՅԴ-ականներին առանձնապես չի անհանգստացնում: Համենայն դեպս, նրանք փորձում են այդպես ներկայացնել: Ա. Աղաբեկյանը երեկ հայտարարեց, թե Դաշնակցությունը հպարտանում է իր պատմությամբ, իսկ եթե ոմանք փորձեն ՀՅԴ-ին «հիշեցնել» այդ պատմության որոշ դրվագներ, դա ՀՅԴ-ի օգտին կլինի, որովհետեւ, ինչպես պարզ դարձավ Ա. Աղաբեկյանի խոսքից, ՀՅԴ-ի պատմությունն ուղղակի հերոսական ու փառահեղ էջերի շարան է: Լրագրողներից մեկը պարոն Աղաբեկյանին «հիշեցրեց», որ այդ պատմության մեջ մտնում են նաեւ ոչ անհայտ «Դրո», «Վահան Հովհաննիսյան+30» քրեական գործերը, Վահան Հովհաննիսյանի՝ «Առագաստում» օդ կրակելը, Աղվան Վարդանյանի հետ կապված պատմություններըգ: «Սրանով էլ ե՞ք հպարտանում»,- փորձեցին պարզել լրագրողները: Հնչած պատասխանից պարզվեց, որ դրանք Դաշնակցության պատմության հետ կապ չունեն, ու չի կարելի անձի անցյալը նույնացնել «ժողովրդի» անցյալի հետ: Հետաքրքիր է, չէ՞, նշված գործերի արդյունքում փաստորեն ՀՅԴ-ի ներսում գործող հանցավոր խմբավորում՝ բանդա էր բացահայտվել, իսկ դա, պարզվում է, ոչ մի կապ չունի ՀՅԴ-ի հետ: Ուշագրավ է, որ պարոն Աղաբեկյանն այդպես էլ չփորձեց վիճարկել նշված «հերոսական» էջերի հետ կապված հարցերը, չասաց, թե դրանք քաղաքական նպատակներ հետապնդող գործեր էին, «նախկին հանցավոր ռեժիմը» ՀՅԴ-ին այդկերպ ճնշում էր եւ այլն (ինչպես սովորաբար այդ «հերոսությունների» մասին ասում են ՀՅԴ-ականները): Նա ընդամենն ասաց, թե անձերի անցյալը չպետք է վերագրվի տվյալ քաղաքական կուսակցության պատմությանը: Իսկապես, ի՞նչ է եղել որ, որոշ մասնավոր անձինք մի թեթեւ «հերոսություններ» են արել, իսկ ոմանք ստորաբար այդ ամենը վերագրում են ՀՅԴ-ին: Հետո՞ ինչ, որ «թարսի պես» այդ մարդիկ ՀՅԴ-ականներ էին ու գործում էին ՀՅԴ-ի «բարձր հովանու ներքո»: Ի՞նչ կապ ունի դա ՀՅԴ-ի հետ: Հետո՞ ինչ, որ համապատասխան քրեական գործերը մինչ օրս կան, ոմանք դեռ բանտերում են, իսկ ՀՅԴ-ի նախագահի թեկնածուի թեկնածուն արդարացված չէ, եւ բանտից ազատ է արձակվել «իրավիճակի փոփոխության պատճառով»: Ի դեպ, նկատենք, որ ոչ ոք այդ «հերոսությունները» ժողովրդին չի էլ վերագրում (ինչպես շարունակ նշում էր Ա. Աղաբեկյանը), ու, տվյալ դեպքում՝ Ա. Աղաբեկյանը փաստորեն նույնացնում է ժողովրդին ու ՀՅԴ-ին, ժողովրդի ու ՀՅԴ-ի անցյալը: Բայց վերադառնանք «Դրո», «Վահան Հովհաննիսյան+30» գործերին, Վահան Հովհաննիսյանի՝ «Առագաստում» օդ կրակելուն, Աղվան Վարդանյանի հետ կապված պատմություններինգ: Ուրեմն՝ ՀՅԴ-ն սրանով էլ է՞ հպարտանում: Այս հարցին Ա. Աղաբեկյանի պատասխանը մեջբերում ենք ամբողջությամբ. «Դուք անձերի պատմությունը կապում եք մեր ժողովրդի պատմության հետ: Եթե մենք յուրաքանչյուր անձի պատմությունը կապենք մեր ժողովրդի անձի պատմության հետ, ապա՝ վայ մեզ: Ճիշտ է, յուրաքանչյուր անձ իր չափով մաս է կազմում մեր ժողովրդին: Բայց սա չի նշանակում, որ յուրաքանչյուր անձի գործողությունը պետք է վերագրենք մեր ժողովրդին: Իսկ Դաշնակցությունը մեր ժողովրդի պատմությունն է: Դաշնակցությունը մեր ժողովրդի հիշողությունն է: Կոչ չէի անի ձեզ, որ այլ քաղաքական ուժերի անձերի փնտրեք, նրանց անցյալն անընդհատ բարձրաձայնեք եւ դա կապեք տվյալ քաղաքական կուսակցության պատմության հետ»: Անցնենք առաջ: Ինչպե՞ս է ՀՅԴ-ի հավանական նախագահացու Վահան Հովհաննիսյանը մրցելու իր խնամի Սերժ Սարգսյանի հետ: Ըստ պարոն Աղաբեկյանի, «նախագահական ընտրություններն իրենց մեջ ավելի մեծ արժեքներ են կրում ժողովրդին ծառայելու առումով, քան բարեկամական կամ խնամիական կապերը»: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե երկար տարիներ զինվորական համակարգում աշխատած, պատերազմ տեսած Ա. Աղաբեկյանը, ով աշխատել է ՀՀ զինված ուժերի երկու գերագույն գլխավոր հրամանատարների հետ էլ, ինչպե՞ս է գնահատում նրանց աշխատանքը: Նրա խոսքերով՝ Հայաստանի որեւէ քաղաքական գործիչ չի արել այն, ինչ արել է Ռոբերտ Քոչարյանը՝ Ղարաբաղի պատերազմի տարիներին: Որպես փաստարկ՝ Ա. Աղաբեկյանը սկսեց խոսել 1988-92 թվականների հաջողությունների մասին, սակայն լրագրողները նրան «հիշեցրին», որ այդ տարիներին գերագույն գլխավոր հրամանատարը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: «Ցավում եմ, որ այդ շրջանում հրամանատարներն իրենց մաշկի վրա չեն զգացել գերագույն գլխավոր հրամանատարին, տեղյակ չեն եղել նրա որոշումներին: Այդ շրջանը մի քիչ այլ հարց է, եւ, կարծում եմ, որ այստեղ է, որ մի քիչ շատ ասելիք ունենք, բայց այդ ասելիքը կասենք Ղարաբաղի խնդիրը կարգավորելուց հետո: Կամ մեր հիշողությունների մեջ կգրենք այդ մասին»,- «հիշեցմանն» այսպես արձագանքեց բանախոսը: Նա նշում է, թե այդ շրջանում մենք պետք է գնահատենք Վազգեն Սարգսյանի առաքելությունը: