«Երեւան ջուրը» պատասխանում է ուշացումով

23/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ջրմուղն իր բաժինն է թալանում» («168 Ժամ» N89, սեպտեմբերի 7) հոդվածի հետ կապված իր մեկնաբանություններն է տվել «Երեւան ջուր» ընկերությունը: Ընկերությունը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե բնակիչների հետ պայմանագիր չկնքելու համար «մեղավոր» է միայն ընկերությունը: Հիշեցնենք, որ այդ հոդվածում անդրադարձել էինք Դավիթ Անհաղթի 6 շենքի ջրամատակարարման խնդիրներին:

«Երեւան ջուր» ընկերությունն անցյալ տարի շենքի մուտք մտնող ջրատարի վրա տեղադրել է ջրաչափ, սակայն բնակիչների բնակարաններում՝ ոչ: Եվ անցած մեկ տարվա ընթացքում ծախսված ջրի ընդհանուր գումարը բաժանել է շենքի բնակիչների թվի վրա ու այդ հաշվարկով էլ այս տարի սկսել է գանձել պարտքերը: Մեկ շնչին հասնող պարտքը օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 11.250 դրամ: Ուշացնելու դեպքում ընդհանուր գումարին յուրաքանչյուր ամիս ավելանալու է 2000 դրամ: Շենքի բնակիչները դժգոհում էին, թե այդ գումարը մեկ տարվա համար կրկնակի-եռակի շատ է, քան իրականում հնարավոր է ջուր օգտագործել: Այդ հաշվարկով 4-5 հոգանոց ընտանիքը տարեկան պետք է վճարի 53.000-66.000 դրամ: Մինչդեռ արդեն բաժանորդ դարձած ընտանիքները տարեկան վճարում են միջին հաշվով 25.000-30.000 դրամ: Բնակիչները դեմ չեն պարտքերը վճարելուն, բայց չեն ուզում այդքան շատ վճարել: Ընդ որում, անցյալ տարի Ջրմուղը շենքի ընդհանուր ջրաչափը տեղադրել էր, որովհետեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանն էր այդ հարցով դիմել Ջրմուղին: Բանն այն է, որ շենքը նախկին հանրակացարան է եւ գտնվում է թաղապետարանի հաշվեկշռում: Երբ ընկերությունը ջրաչափ է տեղադրել շենք մտնող ջրագծի վրա, գրեթե նույն ժամանակ էլ թաղապետարանը բնակարանները նվիրաբերել է բնակիչներին, իսկ վերջիններս արդեն սկսել են դրանք սեփականաշնորհելու գործընթացը: «Երեւան ջուր» ընկերությունն ընդհանուր ջրաչափը տեղադրելուց հետո մեկ տարի շարունակ չի փորձել բնակիչներին էլ դարձնել բաժանորդ: Իսկ բնակիչներից ոմանք իրենք են ջրաչափ տեղադրել եւ սպասում էին, թե Ջրմուղը երբ կգա կապարակնքելու: Շենքի բնակիչները կարծում են, որ ընկերությունը դա դիտմամբ է արել, որպեսզի հետո կորուստներ չունենա: Այսինքն՝ ընկերությունը դիտմամբ ջրաչափեր չի տեղադրել բնակարաններում, որովհետեւ համոզված չի եղել, թե կկարողանա բոլորին միանգամից դարձնել բաժանորդ: Իսկ ոչ բոլոր բնակարաններում տեղադրելու դեպքում էլ ջրի կորստի ծախսը չէր կարողանա այդ բնակիչներից հանել, ինչպես որ հիմա է անում: Ճիշտ է, անցյալ տարի բնակիչները բաժանորդ դառնալու համար գրավոր չեն դիմել ընկերությանը՝ մտածելով, թե ընդհանուր ջրաչափից հետո Ջրմուղն իրենց մոտ այլեւս ջրաչափ կտեղադրի: Եվ հիմա էլ առիթն օգտագործելով՝ «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարում է, որ ջրաչափեր չտեղադրելու հարցում մեղքը միայն իրենը չէ: «Հարց է առաջանում, ջրամատակարարման խնդիրների նկատմամբ բնակիչների անտարբեր կեցվածքի պարագայում որքանո՞վ է ճիշտ մեղադրել միայն ջրամատակարար կազմակերպությանը՝ խնդրին շուտափույթ լուծում չտալու մեջ»,- «168 Ժամին» հասցեագրված նամակի մեջ հարցնում է «Երեւան ջուր» ընկերության նախագահ Սերժ Պոպոֆֆը: Փաստորեն, պարոն Պոպոֆֆն իր ղեկավարած ընկերության անգործությունը կամ մանր խորամանկությունը բացատրում է բնակիչների անտարբերությամբ: Իսկ այն մասին, որ այդ բնակիչներին բաժանորդ դարձնելն այդ հիմնարկի գործն է, չի ակնարկում: Բացի այդ, բնակիչները կարող էին «անտարբեր» լինել նաեւ այս տարի, ուրեմն Ջրմուղն այդ գործընթացը չպե՞տք է սկսեր: Եվ հետաքրքիր է, թե ինչո՞ւ այս ամռանը հանկարծ հիշեց ջրաչափերի մասին: Որովհետեւ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը նորից է դիմել ընկերությանը` պահանջելով վերջապես լուծել այդ շենքում ջրաչափեր տեղադրելու հարցը, որովհետեւ այլեւս չի վճարելու բնակիչների փոխարեն: Պոպոֆֆը նաեւ դժգոհում է, որ հոդվածը եղել է միակողմանի, եւ ընկերության կողմից որեւէ մեկնաբանություն չի եղել: Տեղեկացնենք, որ մինչեւ հոդվածը պատրաստելը մենք փորձել էինք բնակիչներին հուզող պատասխանները ստանալ «Երեւան ջուր» ընկերության ղեկավարից, սակայն Ս.Պոպոֆֆը պատասխանել էր այն հարցերին, որոնց հարկ էր համարել: Իսկ բնակիչներին հուզող գլխավոր հարցերին ընդհանրապես չէր անդրադարձել: Բնակիչներին հուզող հարցն էր, թե «Ջրմուղն ինչո՞ւ անցած տարի էլ իրենց մոտ ջրաչափ չի տեղադրել, երբ դա անում էր ընդհանուր ջրագծի դեպքում, եւ, չե՞ք կարծում արդյոք, որ մեկ շնչի հաշվով 11.250 դրամը 2-3 անգամ շատ է»: Այս հարցերին Ս.Պոպոֆֆն ուղղակի չի պատասխանել եւ դժգոհում է, որ հոդվածում «ընկերությունն ընդհանրապես բացակայում է»: Ընկերությունը նաեւ բնակիչներին առաջարկում է «հանդիպել եւ խնդիրը երկու կողմերի համար ընդունելի պայմաններով լուծել»: Ջրմուղի աշխատակիցը մի քանի ամիս անընդհատ այցելել է այդ շենքի բոլոր բնակիչներին, բազմաթիվ անգամ լսել է սահմանված պարտքի մասին բնակիչների դժգոհությունը: Այդ դժգոհությանն անդրադարձել ենք նաեւ մենք: Փոստի բաժանմունքներում բնակիչների հետ միասին հետեւել ենք, թե ամսական որքան գումար են վճարում 4-5 հոգանոց ընտանիքները, եւ պարզել ենք, որ մի հոգու համար տարեկան կտրվածքով 11.250 դրամը բավականին շատ է: Այս հարցին պարոն Պոպոֆֆը նույնպես չէր անդրադարձել: Եվ հիմա բնակիչներին առաջարկում է հանդիպել եւ խնդիրը լուծել երկու կողմերի համար ընդունելի պայմաններով: Իսկ բնակիչներն ասում են, թե Պոպոֆֆն այդ առաջարկությունն անում է այն ժամանակ, երբ արդեն Ջրմուղը մեծ մասից գումարը հավաքել է: «Ընկերությունը մեր դժգոհությանն ի սկզբանե ծանոթ է եղել, դե թող այնպես աներ, որ մեզ համար էլ ընդունելի լիներ,- ասում են բնակիչները: -Եվ ոչ թե խորամանկությամբ կրկնակի-եռակի շատ գումար խլեր»: