Այցելել են Եռաբլուր

23/09/2007

Երեկ Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» եւ հարգանքի տուրք են մատուցել անկախության կերտման գործում իրենց ավանդը ներդրած նահատակների հիշատակին: Նրանք ծաղկեպսակ են դրել զորավար Անդրանիկ Օզանյանի(՞), Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմաններին, Արցախյան ազատամարտի զոհերի հուշակոթողին: Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ «Հայկական պար» հուշակոթողի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ: «Ցանկանում եմ, որ այս տոնը հավերժ լինի, ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը հազար տարի այս տոնը նշի»,- ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` շնորհավորելով Անկախության տոնի առթիվ: Ըստ նրա` անկախությունը պահպանելու ամենաճիշտ ճանապարհը երկրի զարգացումն է: «Այն զարգացումները, որ մեր երկրում կան, հնարավորություն են տալիս ասելու, որ վաղը ունենալու ենք ավելի լավ Հայաստան, քան այսօր: Անկախության ամրապնդման գործում կառավարության ձեռնարկած քայլերի մասին կարող ենք ավելի հանգամանորեն խոսել, երբ Ազգային ժողովին կներկայացվի 2008 թվի բյուջեն, որը շատ կոնկրետ փաստաթուղթ է: Այնտեղ շատ թվեր ու ցուցանիշներ կան, որոնք շատ տպավորիչ են»,- նշել է Ս.Սարգսյանը: