Տակավին վերջերս էր` ռուսաստանյան ընկերություններից հերթականին մենք` հայերս, սիրահոժար հանձնեցինք մեր ռազմավարական ոլորտներից մեկը` կապի ոլորտը, իսկ մի քանի օր անց արդեն վրա հասավ Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձը: Առհասարակ, տեսնելով, թե ինչ արագությամբ ու հաճույքով ենք մենք հրաժարվում մեր պետության անկախությունը խորհրդանշող ցանկացած ատրիբուտից, ցանկություն է առաջանում հարցնել` սիրո՞ւմ ենք մենք անկախություն: Ո՛չ, չենք սիրում: Եվ չենք սիրում վաղուց: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու մենք չենք սիրում անկախություն` առհասարակ, պատասխանը, մեր ենթադրությամբ, այն է, որ անկախություն չսիրելը մեր ժողովրդի համար ինքնությունը պահպանելու, ցավոք, միակ միջոցն է եղել թե՛ երեկ եւ թե՛ այսօր: Եվ այն, որ այդքան ծանր ու դրամատիկ պատմություն ունենալուց հետո ողջ եւ առողջ հասել ենք 21-րդ դար, նաեւ այն բանի շնորհիվ է, որ անկախ չապրելու եւ դրանից դժգոհ չմնալու բազմադարյա իմունիտետ ունենք: Մեր էներգետիկ համակարգը, տրանսպորտը, կապը հանձնելով այլ երկրների տնօրինմանը, մենք թեթեւացած շունչ ենք քաշում, քանի որ այդպիսով ազատվում ենք դրանք գրագետ տնօրինելու պարտականությունից: Եվ այսքանից հետո արժանին պետք է մատուցել ռուսների նուրբ հումորին, երբ վերջիններս` ի դեմս ՌԴ նախագահի եւ վարչապետի, շնորհավորում են իրենց հայ գործընկերներին` անկախության տոնի առթիվ` համապատասխան մաղթանքներ հղելով:
Իսկ մենք, ահա, արդեն տասնվեց տարի է` համբերությամբ ու մաքսիմալ անկեղծությամբ փորձում ենք տոնել անկախության տոնը` որպես Ամանորից հետո մեր ազգին ամենահոգեհարազատ տոն:
Գիտեք, ամենեւին բարդ չէր երեկ զանգվածաբար նշել Անկախության հերթական տարեդարձը: Համատարած շնորհավորանքները, ինքը` ոչ աշխատանքային օրը, փողոցներում հատկապես գյուղական երիտասարդության առատությունը, Օպերայի բակում կազմակերպված ավանդական համերգը բթացնում են զգոնությունդ եւ հնարավորություն չեն տալիս հասկանալ, որ ուրախությունն արտահայտելու միակ միջոցը բարձրաձայն ծիծաղելը կամ անճաշակ մեկի երգի տակ պարելը չէ: Անկախությունը գնահատելու համար ամենեւին պարտադիր չէ, ավելի ստույգ` լրիվ ավելորդ է, պետության առաջին դեմքերի` ամեն տարի նույնությամբ կրկնվող շնորհավորական տեքստերը լսելը: Եվ անկախ երկրի անկախության պայմաններից մեկն այն չէ, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ քաղաքական հոսանք մյուսից անկախ, մյուսից առանձին է նշում այդ օրը:
Եթե մեր պետության անկախության մոդելը դիտարկենք ՀՀ շարքային քաղաքացու օրինակով, ապա ակնհայտ է, որ մեր քաղաքացին անկախ է ճիշտ այնքան՝ որքան պետությունը: Այսինքն, անկախ չէ: Անկախությունն առողջ, գիտակից հասարակությունների ձեռքբերումն է, նրանց վիճակն է, որին հասնում են սեփական ցանկությամբ եւ ճիգով, ճշմարտության փնտրտուքի երկար ճանապարհ անցնելուց հետո: Անկախությունը տրվում է ոչ թե մի այլ պետության կողմից կամ ինչ-որ մարդկանց խմբի կողմից, այն ձեռք է բերվում, եւ նախեւառաջ` յուրաքանչյուր անհատի ներսում: Ունենալով բարձր գիտակցություն, աշխարհայացք, գիտելիք, փիլիսոփայություն եւ, ամենակարեւորը, հավատ առ Աստված, մարդն արդեն դառնում է անկախ ու անխոցելի կյանքի բոլոր իրավիճակներում, ցանկացած տիպի պետության եւ հասարակության պայմաններում: Ու պետություններն էլ դառնում են իսկապես անկախ այն ժամանակ, երբ նման անհատներն են կանգնած պետական մեքենայի ղեկին:
Արդեն 16 տարի անկախությունը գնահատող խոսքեր են ասվում կուսակցությունների կամ քաղաքական ու մշակութային գործիչների կողմից: Սակայն առաջանում է հերթական հարցը` կա՞ հայաստանյան մի կուսակցություն, կա՞ պետական մի ինստիտուտ, որը հանդուրժում է իր ներսում անկախ անհատին: Այնպիսի անհատին, որը կարող է իրեն թույլ տալ գործել, մտածել հասարակության կամ համակարգի պարտադրած արատավոր կանոններից անկախ:
Շատ հեռուն չգնալու համար բավական է հիշել ամենավերջին դեպքը. ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանը վճռականություն ունեցավ անկախ, հետեւաբար` արդար, վճիռ կայացնել: Նրա ճակատը դրա համար ոչ ոք չհամբուրեց: Հակառակը, արվեց այնպես, որ նման բան որեւէ այլ դատավոր երբեւէ չկրկնի:
Եթե հայ իրականության մեջ քիչ թվով անհատների, այնուամենայնիվ, հաջողվում էլ է գիտակցական ոլորտում անկախանալ ինքնակրթության կամ քրիստոնեական արժեքներն առաջնային համարելու ճանապարհով, ապա մարդկանց միավորումները` կուսակցությունները, անկախ համարել հնարավոր չէ: «Կառաջադրվի՞ Լեւոն Տեր- Պետրոսյանը» խնդրին այսօր արդեն փոխարինելու է գալիս «Ինչո՞ւ ՀՅԴ-ն հանդես եկավ իր թեկնածու(ներ)ով» հարցը: Գուցե սա մի նախադե՞պ է, երբ ծերունազարդ այս կուսակցությունն իր առաջացած տարիքը հարգելով՝ փորձում է հանդես գալ առանց իշխանության իջեցրած OK-ի: Սա ՀՅԴ-ի անկա՞խ, ինքնուրո՞ւյն որոշումն էր, թե՞ ինչպես միշտ: Դատելով մեր կուսակցությունների վարքից եւ պատմությունից, վստահորեն կարելի է ասել, որ՝ ոչ, սա ՀՅԴ-ի անկախ որոշումը չէր: Մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ ՀՅԴ-ն նախագահի թեկնածու է առաջադրում` հավակնելով հանդես գալ որպես ընդդիմություն, այսինքն` վերցնել ընդդիմությանը տրվելիք ձայները: ՀՅԴ-ն ոչ մի դեպքում իրեն թույլ չէր տա գնալ սեփական թեկնածուով հանդես գալու քայլին` Սերժ Սարգսյանին տրվելիք ձայների հաշվին: ՀՅԴ-ն ինքնուրույն առաջադրման համարձակություն չէր ունենա, եթե չունենար դրա համար թույլտվություն եւ ոչ պակաս կարեւոր առաքելություն: Տրամաբանությունը հուշում է, թե ում դեմ ուղղված գործիք է լինելու ՀՅԴ-ն նախագահական ընտրությունների ժամանակ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում նրա դեմ հակաքարոզչություն անելու համար հանրապետականներն անզոր են: Եվ նախեւառաջ` հոգեբանորեն: Եթե առաջանա այնպիսի իրավիճակ, որ հիմնական մրցակիցները, տեսականորեն դիտարկենք Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձերը, ստիպված լինեն նստել դեմ-դիմաց եւ բանավիճել, դժվար չէ կռահել, թե ում կողմը կթեքվի ծանրության նժարը: Հետեւաբար պետք է մի երրորդ ուժ, այս դեպքում՝ ՀՅԴ-ն. դաշնակցականները որեւէ բարդույթ կամ բարդություն չունեն` նստել Տեր-Պետրոսյանի դիմաց խրոխտ կեցվածքով եւ վերհիշել անցյալը, ինչը, կրկնենք, ոչ մի այլ կուսակցություն, թեկուզ եւ հոգեբանորեն, պատրաստ չէ անել: Այս ֆոնին այնքան էլ լուրջ պետք չէ ընդունել հանրապետականների ստորին օղակների գործիչների` ՀՅԴ-ի մասին արված բնորոշումները` կուրտիզանուհիներ, սեթեւեթանքգ
Անկախության մասին գրել չի ստացվում: Իսկ քաղաքական կուսակցությունների մասին գրելն ահավոր ձանձրալի է, հատկապես այս պահին, երբ «Կուլտուրա» հեռուստաընկերությունը Բրոդսկու մասին հաղորդում է ցուցադրում: Մի օր, պատմում է հաղորդման հեղինակը, Բրոդսկին պատուհանի մոտ կանգնած հետեւում է փողոցով անցնող հազարավոր անցորդներին ու բացականչում. «Աստված իմ, ի՜նչ ահավոր է. այս բոլոր մարդիկ մի օր պետք է մահանան»:
Անկախության մասին հոդվածի համար ոչ տեղին ու ոչ դիպուկ վերջաբան: Թող որգ …