Ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային բանկը ձեռք է բերել հայկական «Առէկսիմբանկը»: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ կարեւոր է «Տրոյկա դիալոգի» հնարավորությունները` ներդրողների ուշադրությունը երկրի ֆինանսական եւ տնտեսական համակարգի վրա հրավիրելու առումով: «Տրոյկա դիալոգի» հիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոսքերով, բանկի մուտքը Հայաստան պայմանավորված է Հայաստանի ֆինանսական շուկայի դինամիկ զարգացումներով, ինչպես նաեւ՝ ընկերության հայաստանյան գործընկերոջ` «Ամերիա» կազմակերպության գործունեությամբ: Հայաստանի ֆինանսական համակարգը սկսում է նոր թափ ստանալ, զարգանում է արժեթղթերի շուկան եւ «Ամերիայի» գործընկեր կազմակերպություններն այսօր ոչ միայն ներդրումների, այլեւ բանկային ծառայությունների բազմազանեցման կարիք ունեն: «Ամերիայի» գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանը նշել է, որ գործարքի առանցքային խնդիրը ՀՀ-ում ներդրումային բանկ ստեղծելն է: Ըստ Ռ. Վարդանյանի` ներդրումային ծրագրերը դեռեւս քննարկվում են, սակայն նախնական քննարկումների համաձայն`առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նախատեսվում է 50 մլն դոլարի ներդրում կատարել բանկի կապիտալում: Իսկ առաջիկա 2-3 տարիների ընթացքում բանկը նախատեսվում է դարձնել հանրապետության 3 առաջատար բանկերից մեկը: «Առէկսիմբանկի» բաժնետիրոջից 96 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման համար ռուսական կողմը վճարել է 13 մլն դոլար: Գործարքն ավարտվել է օգոստոսին: Նախատեսվում է նաեւ, որ բանկի բաժնետերեր կլինեն նաեւ բանկի առաջատար աշխատակիցները, «Ամերիայի» բաժնետերերը: Անդրադառնալով բանկի բրենդին, «Տրոյկա դիալոգի» հիմնադիրը նշել է, որ այդ հարցը դեռեւս քննարկվում է, եւ հավանաբար այն կփոփոխվի, իսկ բանկի աշխատակազմը նախատեսվում է թարմացնել` բանկի առջեւ դրված նոր խնդիրները լուծելու նպատակով: