«Անկախության ազատամարտիկներին ազատություն»,- նման գրությամբ վերնաշապիկով երեկ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Մինչ ընդունելությանը մասնակցելը Զարուհի Փոստանջյանն իր մի քանի համախոհների հետ «Ազատություն Սէֆիլյանին, Մալխասյանին, Բաբաջանյանին» գրությամբ թերթիկը ձեռքին՝ կանգնած է եղել նախագահական շենքի դիմացի մայթին: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիական համազգեստով կարգ պահպանողները նրանց «համոզում» էին պահել ձեռքի թերթիկները՝ ասելով. «Էս մարդկանց հո Քոչարյա՞նը չի նստեցրել»: Նրանք անգամ փորձել են խլել թերթիկները, սակայն դա նրանց չի հաջողվել: Կարգ պահպանողները փորձել են բացատրել իրավաբան Զարուհի Փոստանջյանին, որ իրենք այդ տարածքը վերահսկողներն են եւ իրավունք ունեն նրանց այդտեղից հեռացնել: «Հասկանում ե՞ք, դուք այսօրվա տոնը փչացնում եք: Փոխանակ ուրախանաք ազատության կապակցությամբ, եկել հարամ եք անում, գնացեք մի ուրիշ օր եկեք»,- ասել է կարգ պահպանողներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ: Նախագահականի մուտքի առջեւ մի ոստիկան Զարուհի Փոստանջյանին փորձել է արգելել ներս մտնել, սակայն երբ տեսել է նրա հրավիրատոմսը՝ ճանապարհն ազատել է: Երբ «Ժառանգություն» կուսակցության անդամը դուրս է եկել նախագահական շենքից, առանց անուններ նշելու՝ «Ա1+»-ին փոխանցել է, թե ինչպես էին որոշ իշխանական գործիչներ արձագանքել՝ իրեն այդպիսի վերնաշապիկով տեսնելով. «Ասացին՝ ուրախանում ենք, զարմանում ենք, շնորհավորում ենք, այսինքն՝ նրանք ուրախ էին, որ ես էս կեցվածքով էի գնացել»: Նախագահականի դիմացի մայթին եւս 20 րոպե կանգնելուց հետո Զարուհի Փոստանջյանը հեռացել է ՀՀՇ-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ ընդունելությանը մասնակցելու համար: