«Չիպոլինոն» արդեն պատրաստ է

12/05/2005

«Պատկերներ ցուցահանդեսից» պարային ստուդիան պատրաստել է իր առաջին՝ «Չիպոլինո» բեմադրությունը: «Չիպոլինո» բալետի հեղինակն Արամ Խաչատուրյանի զարմիկ Կարեն Խաչատուրյանն է, ումից ստուդիայի ղեկավար Արինա Արարատյանը բեմադրելու թույլտվություն է ստացել: Բեմադրությանը մասնակցելու են եւ՛ պրոֆեսիոնալ դերասանները, եւ՛ ստուդիայի սաները: Սենյոր Լոլիկը լինելու է Արսեն Գրիգորյանը, Սենյոր Դդումը՝ Լեւոն Հարությունյանը, հրավիրված են նաեւ պրոֆեսիոնալ պարողներ: Ամենափոքրերին՝ 10 տարեկաններին վստահվել են երկրորդական՝ մրջյունների ու թիթեռների դերերը, իսկ հիմնական դերակատարներին Ա. Արարատյանը երեխա չի համարում: «14-15 տարեկան պարողներ ունենք, որոնց ավելի ճիշտ է պատանի անվանել»,- ասաց նա: Զգեստները՝ կարված ծնողների փողերով, ծանրակշիռ չեն լինի, ամեն կոստյում իր գունային լուծումը կունենա: Ներկայացումը պատրաստ է, դեկորացիաների ստեղծումից հետո պետք է որոշվի, թե որ թատրոնի բեմում կցուցադրվի սոխ-տղայի մասին պատմող հումորով լի պարային բեմադրությունը: Բեմադրության պրեմիերան հավանաբար Ստանիսլավսկու անվան թատրոնում կլինի: «Եթե խորը նայենք, Չիպոլինոն շատ հետաքրքիր կերպար է, նա սովորական մի տղա է, ով՝ իրեն միայնակ զգալով, ստիպված է պայքարել»,- ասաց բեմադրության հեղինակ Ա. Արարատյանը: