«ՏԷՑ-ի կռուգ» տեսած ժողովրդի համար Դավթաշենում տեղի ունեցած հրաձգությունը զարմանալի չէ: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ երկրում իշխանությունը կրիմինալի կողմից է ձեւավորված եւ բնականաբար չի կարող պայքարել այդպիսի երեւույթների դեմ, հետեւաբար մենք պարբերաբար ականատես կլինենք այդպիսի դեպքերի:
Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Վերջինս երեկ նաեւ դատապարտեց «Իսկական իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նկատմամբ իրականացված բռնությունը: Բանախոսը երեկ անդրադարձավ բազմաթիվ թեմաների՝ խոստացված 2,5 միլիարդ դոլարանոց բյուջեից՝ մինչեւ հացամթերքի հերթական թանկացում: Սակայն հիմնական հարցերը վերաբերում էին ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը: Ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու ՀԺԿ-ն նախագահի առաջիկա ընտրությանը. առաջադրելու է սեփակա՞ն թեկնածու, թե՞ սատարելու է առաջադրվողներից որեւէ մեկին: Պատասխանելով այս հարցերին՝ ՀԺԿ քարտուղարը նախ հիշեցրեց, որ իրենք նախագահական ընտրություններին արդեն երկու անգամ մասնակցել են (1998-ին եւ 2003-ին), եւ «երկու դեպքում էլ հաղթել, ու դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում»: «Այլ խնդիր է, որ այդ հաղթանակը… թույլ չեն տվել, որպեսզի ժողովուրդն իր ընտրությունը կատարի»,- ասաց Գ. Հարությունյանը: Նրա հավաստմամբ՝ այս անգամ էլ ՀԺԿ-ն անպայման մասնակցելու է ՀՀ նախագահի ընտրությանը, եթե հարկ լինի՝ նույնիսկ սեփական թեկնածուով, սակայն ՀԺԿ-ն կառչած չէ սեփական թեկնածու ունենալու մտքից: «Այսօր մենք կարող ենք մասնակցել առանձին, բայց երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ անհրաժեշտ է ուժերի համախմբում: Կրիմինալ վարչախմբի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը միավորված լինի»,- նշեց կուսակցության քարտուղարը: Վերջինիս խոսքերով՝ ինքը միամիտ չէ ու հասկանում է, որ կլինեն այլ թեկնածուներ եւս (իշխանության կողմից ներդրված, ամբիցիաներից ելնելով եւ այլն): Այս երեւույթը նա առաջարկում է նորմալ համարել՝ միաժամանակ հավելելով. «Ամեն դեպքում՝ ընդգծված միասնական թեկնածուն, ինչպես 2003 թվականին, հաղթող թեկնածուն երեւում է, եւ ժողովուրդը կողմնորոշվում է այդ ուղղությամբ»: Եվ ՀԺԿ-ն առաջարկում է համախմբվել, միավորվել, շեշտելով, որ իրենք անելու են հնարավորը՝ հնարավորինս շատ ուժերի մեկ թեկնածուի շուրջ համախմբելու նպատակով: Իսկ ո՞վ է վերը նշված հաղթող թեկնածուն:
Կոնկրետ թեկնածուի անուն Գ. Հարությունյանը երեկ այդպես էլ չնշեց, իսկ կոնկրետ անուն լսելուն միտված լրագրողների հարցերին նա հիմնականում խուսափողական պատասխաններ էր տալիս: Այնուամենայնիվ, ՀԺԿ քարտուղարի երեկվա խոսքերից թերեւս կարելի էր եզրակացնել, որ հաղթող թեկնածուն, ըստ ՀԺԿ-ի, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ու թերեւս վերջինիս առաջադրվելու դեպքում ՀԺԿ-ն կպաշտպանի հենց նրա թեկնածությունը: Գ. Հարությունյանը չմեկնաբանեց շրջանառվող այն լուրերը, թե ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը պատրաստ է չառաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ միայն այն դեպքում, եթե որպես միասնական թեկնածու առաջադրվի ՀՀ առաջին նախագահը: Բանախոսը նշեց, թե ինքը նման տեղեկություններ չունի: «Մենք գնահատում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը: Նա կարող է համախմբող դեր կատարել, բայց եկեք մենք այդ մասին շատ չխոսենք, որովհետեւ Լ. Տեր-Պետրոսյանն այդ մասին դեռ ոչինչ չի ասել: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով, ինչ-որ շրջանակների մոտ սպասվում է, որ կառաջադրվի (կարծեք թե իշխանություններն էլ են սպասում, որ կառաջադրվի, որովհետեւ իշխանությունների պահվածքից էլ է ինչ-որ բան նկատվում), այդ մասին խոսի, այդ դեպքում մենք մեր մոտեցումները կասենք: Նորից եմ կրկնում՝ գնահատում ենք նրա փորձը եւ անցած ճանապարհը»,- նշեց ՀԺԿ քարտուղարը: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ առանձին-առանձին հանդիպել էր «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանին եւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանին: Գեղամյանի թիմակիցներն այդ հանդիպումից հետո, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեցին, թե՝ քանի որ Լեւոն-Տեր Պետրոսյանը փորձառու եւ լուրջ քաղաքական գործիչ է, ապա կարող է նախագահի ընտրությանը պաշտպանել Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Իսկ Տեր-Պետրոսյան-Դեմիրճյան հանդիպումից հետո ի՞նչ կարող են ասել Ս. Դեմիրճյանի թիմակիցները: Արդյո՞ք նրանք էլ կարծում են, թե Տեր-Պետրոսյանը կարող է սատարել ՀԺԿ առաջնորդին: Գ. Հարությունյանի հավաստմամբ՝ հանդիպման ժամանակ որեւէ խոսակցություն չի գնացել այն մասին, թե ով ում պետք է պաշտպանի, եւ պարզապես երկուսն էլ իրենց անհանգստությունն են հայտնել երկրում տիրող իրավիճակի հետ կապված: Գ. Հարությունյանը եւս մեկ անգամ կրկնեց հանդիպումից հետո Լ. Տեր-Պետրոսյանի վերաբերյալ Ս. Դեմիրճյանի հայտնած դրական կարծիքը: ՀԺԿ քարտուղարը երեկ մի քանի անգամ կրկնեց, որ այս պահին կարեւորը համախմբվելն է, իսկ ընտրություններին ՀԺԿ-ի՝ թեկնածու առաջադրելու հարցն իրենք առաջնային չեն համարում: «ՀԺԿ-ն այսօր իր թեկնածուի հարցն առաջնային չի համարում: Մենք առաջնային ենք համարում համախմբված, միասնական, հաղթող թեկնածուով հանդես գալը: Սա է գլխավորը»,- համոզված է Գրիգոր Հարությունյանը: