Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատար խողովակաշարի թուրքական մասի ձեռնարկատեր «Բոթաշ» ընկերության գլխավոր տնօրեն եւ վարչական խորհրդի նախագահ Սալիհ Փաշաօղլուն հայտարարել է, որ նավթատար խողովակաշարից կատարվող գողությունները կանխելու համար «ուժգին գործունեություն» են սկսել: Ըստ թուրքական «Ռադիկալի», Փաշաօղլուն ասել է, որ ԲԹՋ-ի թուրքական հատվածում գտնվող խողովակները ծակելու միջոցով հում նավթ գողանալու 21 դեպքեր են հայտնաբերել: «Ամենազարմանալի գողությունը խողովակաշարի գործարկումից սկսած կատարվել է
850 մ երկարությամբ ստորգետնյա խողովակներով ԲԹՋ-ից նավթը մեկին պատկանող ագարակում գետնի տակ տեղադրված ցիստեռն մղելու միջոցով: Խողովակները գետնի տակ տեղադրվել են դեռ ԲԹՋ-ի կառուցման ժամանակ: ԲԹՋ-ի կառուցման ժամանակ տեղադրված այլ գող խողովակաշարեր էլ են հայտնաբերվել»,- ասել է նա: «Բոթաշի» տնօրենն ասել է, որ ԲԹՋ-ով մինչ այժմ փոխադրված 200 մլն բարել նավթի դիմաց Թուրքիան 900 մլն դոլար եկամուտ է ունեցել: