Ավելի հեշտ է երեխային հեռուստացույցի առջեւ նստեցնել ու թույլ տալ նայել, քան սկսել միասին նկարել, պարել, գիրք կարդալ կամ խորանարդիկներից տնակ սարքել։ Հաճախ խաղալ համոզելը, նաեւ սովորեցնելը, ավելի դժվար է, քան հեռուստադիտում թույլատրելը։ Դիտումը մասնակցություն չի պահանջում, դա ժամանակը լցնելու պասիվ միջոց է։ Երեխան ինքնակամ հեռուստացույցից չի բաժանվում՝ ձեռք բերելով կախվածություն արագ փոփոխվող ու գունեղ պատկերներից, որոնք կառուցված են խճանկարի սկզբունքով։ Ընդ որում, երեխան բնավ էլ կրթական ու մանկական հաղորդումներ չի նայում, այլ՝ ինչ պատահի։ Հեռուստացույցը վատ դայակի պես բան է, որի հետ ժամանակ անցկացնելն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ «Ինֆորմացիայի հոսքն այնքան մեծ է ու նման է տարափի, որ երեխաները չեն հասցնում մարսել,- ասաց «Արծաթե բանալի» մանկական նախագծի հեղինակ Գոհար Սարգսյանը։ -Ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո կունենանք շատ անհավասարակշիռ սերունդ։ Ոչ ոք չի ուզում մանկական հաղորդումներ անել, քանի որ դրանք բարձր վարկանիշներ չունեն։ Մեզ անվճար եթեր է տրամադրում Հանրային ալիքը, սակայն վաղը կարող է եւ չտրամադրել»։ Մենք հաճախ ասում ենք, որ ոչ մի բան չենք ափսոսում սեփական երեխաների համար ու ցանկանում ենք նրանց մեծացնել որպես լիարժեք ու մարդկային անձնավորություններ։ «Ես ուզում եմ, որ իմ թոռնիկն ինձ ասի՝ բարեւ, տատիկ ջան, ինչպե՞ս ես, այլ ոչ թե՝ փող տուր, որ հարցնեմ՝ ինչպե՞ս ես»,- ասաց Գ. Սարգսյանը, որի ստեղծած մանկական ստուդիան գոյություն ունի արդեն 10 տարի։ Ստուդիայի նպատակը երգիչ կամ երաժիշտ պատրաստելը չէ, յուրաքանչյուր պարապմունքի հիմքում ընկած է խաղը, պարզապես երաժշտությունը երեխայի ներուժը բացահայտելու ու ի հայտ բերելու ամենահարմար միջոցն է։ Տարեկան երկու նոր համերգային ծրագիր է պատրաստվում ու նկարահանվում եւ միշտ` մանկության խորհրդանիշ՝ ծաղրածուների ուղեկցությամբ։ «Արծաթե բանալու» տանտիրուհին նաեւ երգերի հեղինակ է, ունի 100-ից ավելի մանկական երգեր, որոնցից մի քանիսը հանրությանն են հանձնվել ձայներիզի տեսքով։ «Իմ բոլոր երգերը պատկերային, կլիպային են՝ փոքրիկ ֆիլմերի տեսքով։ Երեխան պետք է երեխայի դերում լինի, մեծավարի չհագնվի, մեծերի երգեր չերգի»,- ասաց նա։ Երգերի ձայնագրումն ու համերգային զգեստների պատրաստումն արվում է ծնողների գումարներով։ «Մեր 400 դրամով կարված զգեստները մեծ ուղեղի աշխատանք են պահանջում։ Էժանը գեղեցիկ ու հաճելի դարձնելը հեշտ չէ»,- ասաց նա։ Նման նախագիծ ստեղծելու ցանկությունն առաջացել էր մասնագիտությամբ դաշնակահար Գ. Սարգսյանի մոտ իտալական «Ոսկե դդում» մրցույթին ծանոթանալուց հետո։ Արդեն 45 տարի ողջ Իտալիայից հավաքվում են շնորհալի երեխաները, որոնց հետ անվճար պարապմունքներ են անցկացվում ու կազմակերպվում է նրանց հանգիստը։ Երեխաների առջեւ կանաչ ճանապարհ բացելը ծնողների ներդրումներից կախված չէ, պետությունն ինքն է ներդրում անում՝ մեծացնելով բազմակողմանի զարգացած սերունդ։ Ամեն երեխա իր տարիքին համապատասխան սնունդ է պահանջում, սննդի տեսականին դանդաղորեն է ավելանում՝ երեխայի տարիքի հետ մեկտեղ։ Նույնը կարելի է ասել նաեւ ինֆորմացիայի մասին։ Կմեծանա՝ ինքը կորոշի` ինչ նայել ու լսել, իսկ մինչ այդ՝ նա մաքուր, բայց սպունգի նման արագ ընկալող անձնավորություն է, որն անպայման կանգնելու է ընտրության առջեւ։ Եվ թող այդ ընտրությունը միայն հեռուստավահանակով ալիքներ ընտրելը չլինի։ Կյանքն ավելի լայն ու հետաքրքիր է։ Դա է փորձում հուշել «Արծաթե բանալի» ստուդիան, որի հեռուստատեսային տարբերակը վերջնական արդյունքն է միայն՝ հանձնումը, ուրախ, գունեղ ու գեղեցիկ։ Իսկ նպատակը՝ երեխաներին շփվել, խաղալ ու խաղից հաճույք ստանալ սովորեցնելն է։ «Բույսը աճում ու ծաղիկներ է տալիս, երբ նրան ճիշտ են խնամում ու ջրում։ Նույնն էլ` երեխաները։ Ես այն մարդն եմ, ով օգնում է երեխային ճիշտ ջրել, որպեսզի վաղը նա կարողանա ինքնուրույն՝ առանց կողմնակի ճնշման, ծաղկել»,- ասաց մանուկների հետ աշխատելու 36 տարվա փորձ ունեցող Գոհար Սարգսյանը։