Երեկ Քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ «Ռոյալ Արմենիա» ընկերության փոխնախագահ Արամ Ղազարյանի հերթական դատավարությունը: Հիշեցնենք, որ նույն դատարանը մեկ ամիս առաջ ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի մասն ընդհանուր գործից անջատել է, նրա նկատմամբ կայացրել է կալանքի որոշում եւ հայտարարել է հետախուզում: Գ.Հակոբյանը բուժման նպատակով գտնվում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում: Ընկերության ղեկավարները մեղադրվում էին մաքսանենգության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով: Գ. Հակոբյանը եւ Ա. Ղազարյանը մեկ տարուց ավելի է ձերբակալված էին:
Սակայն հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը նրանց արդարացրեց: Իսկ Գլխավոր դատախազությունն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Երեկվա դատավարությունը սկսվեց Արամ Ղազարյանի ցուցմունքներով: Ա. Ղազարյանը նախ հայտարարեց, թե ինքը «Ռոյալ Արմենիա» ընկերությունում համասեփականատեր չէ, այլ վարձու աշխատող է: Ըստ պարոն Ղազարյանի` դատարանը մինչ օրս այս հանգամանքի վրա ուշադրություն չի դարձրել, եւ իրեն վերաբերվել են որպես Գ. Հակոբյանի հետ հավասար իրավունքներ ունեցողի:
Հետո Ա. Ղազարյանը հայտարարեց, թե ինքը որեւէ փաստաթուղթ չի կեղծել, «ակնհայտ կեղծ» որեւէ փաստաթուղթ չի օգտագործել եւ իր ներկայությամբ որեւէ կեղծիք չի եղել: Ա. Ղազարյանը նաեւ հայտարարեց, թե իրեն վերագրված մեղադրանքներից ոչ մեկը նախաքննությամբ եւ դատաքննությամբ չի ապացուցվել: Այդ մեղադրանքը կառուցվել է «Ֆեդերալ ինվեստմենտ գրուպ» ընկերության ղեկավար Վաչե Պետրոսյանի իրարամերժ ցուցմունքների հիման վրա: «Կա՞ արդյոք կնիք պատրաստող մի կազմակերպություն, որի աշխատակիցները հաստատեն, թե Արամ Ղազարյանն իրենց մոտ պատվիրել եւ ստացել է ինչ-որ կնիք,- հարցնում է պարոն Ղազարյանը: -Իհա՛րկե չկա»: Ա. Ղազարյանի ցուցմունքներից հետո հարցեր պետք է տային մեղադրող եւ տուժող կողմերի ներկայացուցիչները, բայց նրանք հարցեր պատրաստելու համար դատարանից ժամանակ խնդրեցին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին: