Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո Վանաձորում կրքերը դեռ չեն հանդարտվել: Սպանությունից հետո ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին՝ Արման Դարբինյանը, ով այժմ գտնվում է «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Դրանից հետո Վանաձորի դատախազությունը հարցաքննել եւ ծեծի էր ենթարկել Արմանին պատկանող «Բելիսիմո» սրճարանի հինգ աշխատողների (այս մասին պատմել էին սրճարանի աշխատակիցները), որոնցից երկուսը կանայք էին: Անցյալ շաբաթ տուժողներն իրենց ծնողների հետ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ, դիմում-բողոքներ էին հանձնել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, Վանաձորից պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Տուժողներն այդ քայլին գնացել էին, որովհետեւ դրանից առաջ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե ծեծի ենթարկվելու մասին գրավոր բողոքներ չեն ստացել, հակառակ դեպքում այդ մասով քննություն կնշանակվեր: Տուժողներն իրենց նամակը հանձնել են Գլխավոր դատախազություն, ավելի ճիշտ, գցել էին Դատախազության նամակների արկղի մեջ: Գլխավոր դատախազությունը նամակը ստանալուց հետո քննություն նշանակեց: Տուժողները, սակայն, մեզ տեղեկացրին, թե տարբեր ձեւերով՝ հարեւան-ծանոթ-բարեկամների միջոցով Դատախազությունը աշխատողներին խնդրում է ետ վերցնել այդ բողոքները եւ հերքել նախկին ասածները, այն, որ Վանաձորում քննիչները հարցաքննելիս իրենց ծեծել են: Լոռու մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Շահբազյանը զրուցել է տուժողների հետ եւ նրանցից ներողություն է խնդրել, ասելով, թե ինքը տեղյակ չի եղել, որ քննիչները ծեծել են հարցաքննվողներին: Տուժողները, հատկապես կանանց հարազատները, մտադիր չեն ետ կանգնել իրենց բողոքներից: Նրանք ավելի շատ վրդովված են քննիչների հասցրած վիրավորանքներից, քան ծեծից: Իսկ տուժածներից Աշոտ Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարգարիտան ասում է, թե չի կարող չբողոքել, քանի որ իր տղան հիմա առողջական խնդիրներ ունի: «Աշոտի լյարդը եւ փայծաղը մեծացել են, մեզի մեջ արյուն կա, իսկ գլխի մեջ հեմատոմա է առաջացել,- ասում է տիկին Մարգարիտան: -Հիմա տղաս բուժման կուրս է ընդունում, ինչպե՞ս կարող եմ բողոքս ետ վերցնել: Երեւանից հատուկ պարապած սադիստներ էին բերել էրեխեքին ծեծելու համար»: Իսկ Արման Դարբինյանի փաստաբան Ենոք Ազարյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան Վանաձորի դատարանի վճիռը՝ կալանքը որպես խափանման միջոց, փոխելու խնդրանքով: «Արմանը փայծաղի վիրահատություն է տարել, այդ մասին տեղյակ է պահվել նաեւ Վանաձորի դատարանին,- ասում է պարոն Ազարյանը: -Ես զարմանում եմ, որ դատարանը դա հաշվի չի առել եւ կալանքի որոշում է կայացրել»: Արմանի ավտոմեքենայի միջից առգրավված 4 փամփուշտների մասով նշանակված է քիմիական փորձաքննություն, որովհետեւ դրանք ժանգոտված են եղել: Պետք է պարզել, թե այդ փամփուշտներն ինչ վաղեմություն ունեն: «Արմանն այդ մեքենան ներմուծել է Ամերիկայից մարտ ամսին,- ասում է պարոն Ազարյանը: -Միգուցե պարզվի, որ այդ փամփուշտները մեքենայի անիվի մեջ են եղել մինչեւ նրա գնելը»: Իսկ եթե պարզվի, որ այդ ժանգոտված չորս փամփուշտները Արմանինն են եղել, ուրեմն նրան հասնում է մինչեւ 3 տարվա կալանք: