Միեւնույն է՝ ՀՅԴ հին ընկերը երկրի նախագահն է

21/09/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը, ում անունը՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու, նույնպես հնչել է ՀՅԴ Գերագույն ժողովում, երեկ, կարելի է ասել, սկսեց ընդդեմ Վահան Հովհաննիսյանի իր քարոզարշավը: Մինչեւ նոյեմբերին կայանալիք ՀՅԴ արտակարգ Գերագույն ժողովը, ՀՅԴ այս երկու թեկնածուները «տարբեր ոճերով, շեշտադրումներով» նույն գաղափարների շուրջ մրցակցություն են անցկացնելու, որպեսզի «բյուրեղացնեն ու հասունացնեն» նախագահի թեկնածուի մասին ՀՅԴ շարքերի ցանկությունները:

Պոտենցիալ թեկնածու Ա. Ռուստամյանը ՀՅԴ ԳԺ-ի այս որոշումը համարում է խիստ ժողովրդավարական եւ զարմանում է այն մեկնաբանությունների վրա, թե ՀՅԴ-ն նոր «տրյուկ» է անում ընտրություններից առաջ: Ժողովրդավարության կողմնակից ՀՅԴ-ն, որն իր այդ որոշումը (ինչպես բոլոր դեպքերում) կայացրել է ժողովրդավարության բոլոր կանոններին հակասող պայմաններում` փակ, գաղտնի, պարզվում է` առաջնորդվել է աշխարհում ընդունված մոտեցումներով: Ըստ Ա. Ռուստամյանի` պատճառներից մեկն էլ այն է եղել, որ ՀՅԴ ԳԺ-ում հավաքված պատգամավորները չպետք է նախագահի թեկնածուի ընտրության պատասխանատվությունը վերցնեին միայն իրենց վրա:

Երեկվա ասուլիսում Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ինքը պատրաստվում մինչեւ նոյեմբեր ամիսն իր դաշնակցական ընկերներին ապացուցել, որ ինքն ավելի լավ նախագահի թեկնածու է, քան ընկեր Վահանը: «Տեղի կունենա` կտեսնեք,- ասաց Ա. Ռուստամյանն ու պարզաբանեց,- Մեր հանդիպումները լինելու են մեր շարքերի հետ, մարզերում` մեր համակիր շրջանակներին հրավիրելով մենք ներկայացնելու ենք մեր մոտեցումները, տեսակետները: Սրանք բոլորը լինելու են այն տրամաբանությամբ, որը ՀՅԴ-ն է պաշտպանում, որովհետեւ երկուսից ում էլ ընտրի ՀՅԴ շարքերը, ի վերջո, ժողովուրդը Դաշնակցությանն է ընտրելու: Պարզապես անձի, անհատի որոշակի տարբերություններ կան: Ես կարող եմ նույն շեշտադրումներն իմ ոճով անել, ընկեր Վահանն` իր ոճով: Բոլորն էլ գիտեն` մենք նույնն ենք գաղափարապես, բայց ոճերի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Այսինքն` այստեղ գաղափարական կենտրոնացումն առկա է, եւ ես վստահ եմ, որ նույնը Վահան Հովհաննիսյանն է անելու, բայց ավելի մեծ առիթ ենք տալու մեր ընկերներին` ավելի մանրամասնել իրենց մոտեցումները, իրենց հուզող հարցերը տալ եւ երկու տեսակետ լսել` երկու էապես գաղափարապես չտարբերվող, բայց ոճային որոշ տարբերություններ ունեցող: Վ. Հովհաննիսյանը ոչ միայն իմ գաղափարական ընկերն է, այլեւ՝ անձնական»:

«Այդ դեպքում` ո՞րն է ընկեր դաշնակցականներով իրար հետ մրցակցելու իմաստը, երբ կարելի է այդ ռեսուրսն օգտագործել հիմնական մրցակցի հետ պայքարելու համար» հարցին Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Մեր մրցակցի հետ պայքարը սկսվում է նախընտրական փուլում: Տեսնենք հըլը մրցակիցներն ովքեր են: Դեռ պարզ չէ` ովքե՞ր են, ի՞նչ ծրագրով են հրապարակ գալու»: ՀՅԴ նախագահի հնարավոր թեկնածու Ա.Ռուստամյանը, ով մինչեւ հիմա գոնե իր համար չի պարզել, թե ով է լինելու իր իրական մրցակիցը, քիչ անց` բացատրելով, թե ինչու է ՀՅԴ-ն որոշել այս անգամ սեփական թեկնածուով հանդես գալ` հայտարարեց, թե ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում ընդունել է հանուն հավասարակշռված իշխանության ձեւավորման եւ ընդդեմ այն տեսակետի, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն որոշել ապագա նախագահի վրայից, այսպես ասած` «մաքրել» կանխորոշվածի պիտակը: «Մենք փորձելու ենք առաջին հերթին ցրել այն մթնոլորտը, որ ընտրությունները կանխորոշված են եւ վեր են ածվելու ընտրական հերթական միջոցառման: Կոչ եմ անում մյուս առաջադրվողներին՝ հենց այս մթնոլորտը փոխել»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը` հավելելով, թե իսկական բանավեճ ծավալվելու դեպքում 2008թ. նախագահ ընտրված անձը կդառնա իսկական ընտրություններով ընտրված նախագահ:

Անդրադառնալով ՀՅԴ հասցեին հնչած մեղադրանքներին եւ այն սպառնալիքներին, թե կոալիցիոն համաձայնագրի վերանայման անհրաժեշտություն կա, Ա. Ռուստամյանը նկատեց. «Համաձայնագիրը կնքված է ժամկետով: Առաջին կարեւոր պայմանը, որ ՀՅԴ-ն մտավ այդպիսի համագործակցության մեջ, այն է, որ մենք մեր պաշտպանած նախագահին շարունակելու ենք պաշտպանել: Մենք 1998-ից պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտոնավարումն ավարտվելու է 2008թ. ապրիլի 9-ին: Եվ անտրամաբանական կլիներ, որ կեսից մենք որոշեինք ամբողջությամբ այրել բոլոր կամուրջները, չունենալ որեւէ հարաբերություն եւ հայտնվել արմատական առճակատման ընդդիմության դիրքերում: Սա տրամաբանված չէր լինի: Եթե ժամկետների վերանայման հարց կա` կքննարկենք: Եթե ՀՀԿ-ն կգտնի, որ այս ամենն իրենց համար այնքան անսպասելի էր, եւ հարց կդնի վերանայել համագործակցության համաձայնագիրը, ես վստահ եմ` խոսքը գնալու է հիմնականում նախարարների պաշտոնների մասին` նախարարները պաշտպանելո՞ւ են, թե՞ ոչ: Ես հստակ ասում եմ` մենք պատրաստ ենք երեք տարբերակով էլ շարունակել. առաջին` հետ կանչել նախարարներին, եւ մեր համագործակցությունը շարունակել այլ ձեւերով: Բայց եթե իրենք գտնում են, որ պետք է այդպես արվի` մենք պատրաստ ենք հետ կանչել մեր նախարարներին: Երկատվածությունը վերացնելու համար կարելի է որոշել, որ նրանք ինչ-որ ժամանակ արձակուրդ գնան: Երրորդ տարբերակն էլ այն է, որ մնա այնպես, ինչպես կա։ Մենք երեք տարբերակներին էլ կողմ ենք»: Մեր դիտարկմանը, թե ի՞նչ կլինի, եթե իրենց նախարարները հետ չգնան, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Նախարարները պատրաստ են եւ կենթարկվեն ՀՅԴ որոշմանը»:

Իսկ ինչո՞ւ է ՀՅԴ-ն դեմ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, եթե ՀՅԴ-ի 1998-ից պաշտպանած նախագահ Ռոբերտ Քոչարյանը հենց նրա թեկնածությանն է կողմ: «Մենք Ս. Սարգսյանին դեմ չենք,- ասաց Ռուստամյանը,- ՀՅԴ-ն ընդդեմի գաղափարով չի առաջնորդվում: Մենք մեր երկրում թշնամի ման չենք գալիս: Հակառակը` հանունի համար մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը միավորվեն: Մեր պատկերացրած հանունը մենք ձեւակերպում ենք, թող իրենք ասեն, որ մեր պատկերացրած խնդիրները հանունի համար չեն, սխալ ենք հասկանում իրավիճակը` բանավիճենք, ոչ թե վիճենք իրար նվաստացնելու, ցեխ շպրտելու մակարդակով: Ժողովուրդն ում էլ ընտրի բանավեճի մթնոլորտում, ապա կլինի իսկապես մի նախագահ, որը հանձնառու է եղած խնդիրների լուծմանը, ստանձնելու է այդ պատասխանատվությունը եւ բոլորովին այլ որակի նախագահ է լինելու` ով էլ ընտրվի: Իսկ եթե այս մթնոլորտում ընտրվի, երբ ասում են` կանխորոշված է, անիմաստ է դառնում այդ ամենը: Այդ որակի նախագահն էլ այլ կարգավիճակում է լինելու»: Մեր հարցին, թե՝ չե՞ք վստահում Ռոբերտ Քոչարյանի ընտրությանը (Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հայտարարել է, որ Ռ. Քոչարյանը նախագահի ամենափորձառու թեկնածու է համարում Սերժ Սարգսյանին), որ որոշել եք սեփական թեկնածուով հանդես գալ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Երկրի համար լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը մեր թեկնածուին պաշտպաներ, բայց ես դեռ վաղուց եմ ասել, որ եթե Սերժ Սարգսյանը դնի իր թեկնածությունը, Ռ. Քոչարյանը նրա թեկնածությունն է պաշտպանելու: Հասկանալի է այդ ամենը, ի վերջո, մեծ եւ երկար ճանապարհ են անցել երկու անձնավորությունները, երկու անձնավորություններն էլ շատ ավելի մոտ են, եւ շատ ավելի են համընկնում իրենց մոտեցումները: Իրար հետ աշխատել են բոլոր տեղերում: Եվ ես բնական եմ համարում, որ Ռ. Քոչարյանը պաշտպանում է Ս. Սարգսյանի թեկնածությունը»:

ՀՅԴ-ն, ինչպես նշեց Ա. Ռուստամյանը, բացարձակ մտահոգված չէ հնարավոր այն զարգացումներից, որ իշխանությունները, որպես հակաքարոզչություն, կարող է ՀՅԴ-ին հիշեցնեն «Դրոյի», «Վահան Հովհաննիսյան+31» գործերի մասին: «Եթե վերհիշեն` ավելի լավ, թող հիշեն, մենք էլ շատ հիշեցնելու բաներ կունենանք, թող վերհիշեն, մենք խնդիր չունենք: Բոլորն էլ գիտեն` ինչն ինչոց է»: Թե ինչու է ՀՅԴ-ն առայժմ որոշել բարի գտնվել իր մրցակիցների նկատմամբ` գաղտնի պահելով նրանց դեմ ունեցած կոմպրոմատները` դժվար է ասել, սակայն Ա. Ռուստամյանն իր բացատրությունն ունի. «Չենք ուզում կոմպրոմատային մթնոլորտ ստեղծել: Բայց եթե մեզ սկսեն մեղադրել, առաջին հարցն այն է լինելու, թե ով է այդ անմեղը, որը պետք է առաջին քարը նետի մեզ վրա: Թող իր բյուրեղյա մաքրությամբ, ոտքերն ամպոտ, հրեշտակի հանգամանքով մեկը կանգնի նման բան ասի, մեզ վրա քարեր նետի, մենք էլ ասենք` հա, ամենամեղավորը մենք ենք, երկրի, ժողովրդի պրոբլեմների համար ՀՅԴ-ն է մեղավոր, դե լավ` մենք պատասխանատու ենք, մաքրվեցի՞ք դուք: Տենց չի, չէ՞: Վստահ եղեք, եթե մեզ ինչ-որ բանի մեջ մեղադրեն, երկու-երեք անգամ ավելի շատ մեղադրելու բան մենք ունենք: Հակազդելու ենք շատ հուժկու»: