«Դաշինք» եւ Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունների հետ միավորման հարցը դեռ «Ազգային վերածնունդ» կուսակցության օրակարգում է, եւ միավորումը տեղի կունենա՝ «երբ որ կստացվի»: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է «Ազգային վերածնունդի» ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Ալբերտ Բազեյանը: Մեկնաբանելով իր կուսակցության Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի մարզերի տարածքային կառույցների ղեկավարների՝ նախօրեին տարածած հայտարարությունը, թե «Բազեյանը նպատակային քաղաքականություն է վարում՝ կազմակերպությունը անգործության մատնելու եւ, ի վերջո, լուծարման հասցնելու ուղղությամբ», Ալբերտ Բազեյանն ասել է. «Տարածքային կառույցներում նման հարց չի քննարկվել, ես ճշտել եմ կառույցների խորհուրդներում՝ կառույցների ժողովներ չեն եղել, նման հարց չի քննարկվել, այս մարդիկ անհատ անձինք են, որոնք արել են հայտարարություն: Կուսակցության հայտարարության իրավասությունն իմն է»: «Ազգային վերածնունդ» կուսակցության անունից տարածած հայտարարությունում տարածքային երեք կառույցների ղեկավարները պնդում էին, թե «Բազեյանը սեփական նախաձեռնությամբ, առանց կուսակցությունում, քաղխորհրդում հարցը քննարկելու, բանակցություններ է վարել կուսակցությունը «Դաշինք» եւ ՀՌԱԿ կուսակցությունների հետ միավորելու ուղղությամբ»: Հայտարարության հեղինակներն այդ բանակցությունները համարում են «անընդունելի եւ ավարտված»՝ վստահեցնելով, որ «Ազգային վերածնունդը» կարող է ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող գործընթացներին եւ իր ուրույն ներդրումն ունենալ հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներում: