«Շատ էլ լավ կանի` թող առաջադրվի»,- այսպես եղավ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի պատասխանն այն հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը: «Այն, որ ասում էի` պայքարը պետք է դառնա գաղափարական, քաղաքական, այո, դա կնպաստի առնվազն հենց այդ խնդիրների լուծմանը: Ճիշտ է` 10 տարի է, մենք չենք լսել Տեր-Պետրոսյանի ամբողջական տեսակետները, չգիտենք` ինչ փոփոխություններ են իր մեջ տեղի ունեցել, բայց` ճանաչելով իրեն, ես գիտեմ, որ երբ մենք ընդդիմություն էինք, հայ իրականության մեջ երկու հիմնական գաղափարախոսություն կար` ազգային եւ ազգայինը մերժող, կոսմոպոլիտ կամ ինտերնացիոնալիստական: Եթե Տեր-Պետրոսյանը մտնի այս պայքարի մեջ, վստահ եմ, որ պայքարն ավելի գաղափարականացված կլինի: Առնվազն մենք մեր գաղափարները եւս մեկ անգամ վերստուգելու, վերահաստատելու խնդիր կդնենք մեր առջեւ, եւ իրական բանավեճի առարկա կհանդիսանա դա: Կվերանան ձեւական մոտեցումները, չեն ընկնի ձեւի հետեւից, չեն նայում` ինչ է ասում էս մարդը, ասում են` էս ի՞նչ դիրքով, ձեւով, տոնով է ասում: Ի՞նչ կապ ունի` ի՞նչ ձեւով է ասում: Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է ասում»,- ասաց Ա. Ռուստամյանը: Վերջինիս համոզմամբ՝ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում ընտրությունները երկու փուլով անցկացնելու հնարավորություն կստեղծվի: Իսկ այդ պարագայում ՀՅԴ-ն դեռեւս չգիտի, թե որ թեկնածուին կսատարի երկրորդ փուլում, եթե, իհարկե, ՀՅԴ-ն երկրորդ փուլում չհայտնվի. «Այդ դեպքում ՀՅԴ-ն շատ լուրջ կգնահատի իրավիճակը, կգնահատենք բոլորի ասածները, քանի որ առաջին փուլում հիմնական ասելիքն ասված է լինելու, եւ այդ պարագայում կողմնորոշվելը կդառնա շատ ավելի հստակ»,- ասաց նա: