Զգուշացեք պատահական կապերից:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպություն
Արդեն մոտ երեսուն տարի է, ինչ աշխարհի բժիշկների եւ գիտնականների ուշադրության կենտրոնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը: Եվ որքան էլ այդ կապակցությամբ տարբեր պետությունների իշխանություններ տարեցտարի ավելացնում են այդ հիվանդության դեմ պայքարին ուղղված ծրագրերի բյուջեները, այնուամենայնիվ, մարդկանց շատ դժվար է հետ պահել պատահական կապերի գայթակղությունից: Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում դեռահասներին, պատանիներին եւ երիտասարդներին իրոք դժվար է արգելել ICQ-ով կամ Chat-ով պատահական ծանոթություններ հաստատել, կամ վատ-վատ կայքէջեր մուտք գործել, ապա անկախ Հայաստանի քաղաքական ուժերը վաղուց պետք է որ հասկացած լինեին, որ պատահական կապերի հետեւանքով իրենց կուսակցությունները կարող են վարակվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, որին անգամ «Արմենիկումը» ոչնչով չի կարող օգնել:
Վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքական դաշտ լցվեցին անսահման քանակությամբ, շատ մեծ ամբիցիաներով, սակայն շատ փոքր ուղեղներով երիտասարդներ եւ նախկին երիտասարդներ: Բոլոր նորմալ մարդկանց հասկանալի է, որ քաղաքականության մեջ, ինչպեսեւ յուրաքանչյուր այլ ոլորտում, անհրաժեշտ է սերնդափոխություն: Նոր մարդիկ, նոր մոտեցումներն ու նոր մտքերը մեր քաղաքական դաշտին անհրաժեշտ են նույնքան, որքան, ասենք, գիտությանը կամ արվեստին: Սակայն հայաստանյան իրականությունը փոքր-ինչ այլ է: Այն, ինչ մտել է մեր քաղաքական դաշտ, ոչ միտք կարող է ունենալ, ոչ էլ, առավելեւս, մոտեցում: Որովհետեւ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն են վերջիններս ներկայացնում, նրանց մոտեցումը մեկն է` մոտենում են միայն հետեւից եւ անպայման լողասենյակի որեւէ փրփրացնող աքսեսուարով: Երեկ պատասխանելով «Առավոտ» թերթի հարցերին՝ ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասել էր, որ ինքը «չի կարողանում աշխատել այն մթնոլորտում, որտեղ մարդիկ ունեն ակնկալիքներ՝ ժողովրդից, համագործակիցներից, պետությունից, քաղաքական բանակցային կողմերից»: Նա նաեւ ավելացրել էր, որ «Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու առումով կուսակցության վարչությունում տարաձայնություններ չկան, բայց մարդիկ աշխատանքներ են ուզում գործադիր իշխանությունում, կուսակցության հետագա գործունեությունն են ուզում ապահովագրել… ես պայմաններ չեմ առաջադրում: … Բայց սա գործող կուսակցություն է, ունի գրասենյակներ, մարդիկ, կառույցներ եւ այլն, ուրեմն դա օդից չի, եւ կուսակցությունը կարող է բանակցային սեղանին ինչ-որ բան դնել: Ես դա չեմ պատրաստվում անել: … 2,5 տարի առաջ, ըստ իմ նախասիրության, համոզմունքի, ես սկսել եմ աշխատել այդ ուղղությամբ, հիմա կանգնեմ ասեմ՝ վերջին ամիսների աշխատանքիս համար ինձ մարմելադի տուփ տվե՞ք»: Հիշեցնեմ, որ 1996 եւ 2002 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունները շտապեց առաջինը պաշտպանել Տիգրան Ուրիխանյանի 20-րդ դարի նախատիպ Ռուբեն Միրզախանյանը: Արդյունքում պարոն Միրզախանյանը, ինչպես կասեր հայտնի կինոհերոս Ժեգլովը, ստացավ «դիռկու օտ բուբլիկա»: Բայց պարոն Ուրիխանյանը երիտասարդ է, երեւի չի լսել նման պատմություններ, այդ պատճառով էլ ջղայնացել է այն փաստի առնչությամբ, որ ինքը թեեւ «ոչինչ չի ուզում», բայց արդեն 2.5 տարի աշխատում է, իսկ վարչապետի օգնական, «չուժոյ պախմել», ասենք, Լեւոն Մարտիրոսյանն է դառնում: Էլ չենք խոսում Սամվել Ֆարմանյանի մասին, որն այդ նույն 2.5 տարին աշխատում էր հակառակորդի ճամբարում, բայց այսօր «մարմելադի տուփը» պարոն Ֆարմանյանին են տալիս (պարզվում է, որ Արթուր Բաղդասարյանի «մարմելադի տուփը» ժամկետանց էր): Այդպիսի մի կերպար էլ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախկին «ջահել» Վահան Բաբայանն էր, ով հետագայում դարձավ «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ եւ ընդդիմադիր դիրքերից պայքարում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ: Այսօր պարոն Բաբայանը Հայաստանի Երիտասարդական կուսակցության փոխնախագահն է: Ինչքան ֆանտազիա եւ ստեղծագործական մոտեցում պետք է ունենա մարդը, որպեսզի այդքան կարճ ժամանակահատվածում լինի այդքան շատ «գաղափարախոսությունների» կրող: Բայց նրանք մեղավոր չեն: Այդպիսին են բոլոր ժամանակների «վինտիկները»: Կամ, եթե կկամենաք՝ «բոլտ ու գայկեքը»: Իհարկե, մեքենաշինության տերմիններից ինձ ամենաշատը դուր է գալիս «պռակլադկա» բառը: Այն հիմնականում լինում է ռեզինե եւ դրվում երկու մետաղական մակերեսների արանքում: «Պռակլադկան» շատ փոքր է, էժան եւ անորակ: Այդ պատճառով էլ նրանց շատ հաճախ փոխում են: Այս մասին միգուցեեւ չիմանան երիտասարդ «քաղաքական գործիչները», բայց Արամ Գասպարի Սարգսյանը պետք է որ իմանար: Այստեղ միայն մի բան կարող եմ ասել, ինչպես հաճախ սիրում է կրկնել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը՝ «Գոդի ուխոդյատ, ա բեզդարնօստ օստայոտսյա»: