Ադաթ կա սակայն դատական համակարգում

21/09/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Եվ այսպես, ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավոր Պարգեւ Օհանյանի դեմ կարգապահական վարույթ է անցկացնելու։ Կոպիտ ասած՝ նրա հարցը քննելու են եւ անպայման փորձելու են ինչ-որ կերպ պատժել։ Համընդհանուր կարծիքի համաձայն, պատճառը «Ռոյալ Արմենիայի» գործն է։ Եթե հիշում եք, ժամանակին այդ ընկերությունը Մաքսայինին մեղադրել է կաշառք պահանջելու մեջ, հետագայում ընկերության ղեկավարներին կալանավորել էին, բայց դատավոր Պարգեւ Օհանյանը որոշում էր կայացրել եւ նրանց ազատ արձակել։

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ են իշխանությունները որոշել պատժել Պարգեւ Օհանյանին։ ՀՀ օրենքների համաձայն, դատավորներն անկախ են եւ պարտավոր են առաջնորդվել բացառապես ՀՀ օրենքներով, եւ այս առումով Պարգեւ Օհանյանը որեւէ հանցանք չի գործել։ Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանում այսօր գործում է ոչ թե օրենքը, այլ, այսպես ասենք, «ընդունված կարգը»։ Եթե կուզեք՝ ադաթը։ Իսկ Պարգեւ Օհանյանն այդ ադաթը խախտել է։

Ըստ Հայաստանում գործող ադաթի, դատավորները խիստ որոշակի «գործառույթներ» ունեն։ Այն է՝ կաշառք են վերցնում եւ ըստ դրա էլ որոշումներ ընդունում։ Դատավորներին դա թույլ է տրվում միայն մի պայմանով. նրանք պարտավոր են անվերապահորեն կատարել Դատախազության հրամանները։ Այս համակարգը շատ խոր արմատներ ունի եւ գալիս է դեռ խորհրդային տարիներից։ Ավելին՝ տասնամյակների ընթացքում ակնհայտ է դարձել, որ այս համակարգը շատ ամուր է, եւ ամրության հիմնական պատճառն այն է, որ դատավորները «թպրտալու տեղ չունեն»։ Օրենքով նրանք, իհարկե, անկախ են, բայց ոնց էլ լինի՝ անցյալում մի երկու մեղք գործած կլինեն, կամ ծայրահեղ դեպքում՝ ազգականները բիզնես-բան կունենան, որոնք անհրաժեշտության դեպքում կհայտնվեն Հարկայինի ուշադրության կենտրոնում։ Մի խոսքով՝ դատաիրավական համակարգը անտեր չի, որ ով ինչ ուզի՝ անի։ «Ադա՛թ կա սակայն էն մութ ձորերում»։ Ու հանկարծ առանձին վերցրած մի դատավոր խախտում է ադաթը։ Կազմակերպված պետություններում նման բաները չեն ներվում։

Լավ, իսկ ի՞նչ կլիներ, եթե այս մի դեպքն էլ անպատիժ թողնեին։ Ի վերջո, պետություն ենք, Եվրախորհրդի անդամ ենք, թող ձեւի համար էլ գոնե մի անկախ դատավոր ունենայինք։ Ոչ, համակարգը դա թույլ չի տա։ Խնդիրը Պարգեւ Օհանյանը չէ, այլ այն, որ նրա օրինակը կարող է մյուսների համար վարակիչ դառնալ։ Այսօր «Ռոյալ Արմենիայի» ղեկավարներին բաց կթողնեն, վաղը Դատախազության մի ուրիշ հրամանը կարհամարհեն… Այդպես ո՞ւր կհասնի։ Այդպես եթե գնա, մեկ էլ տեսար՝ վաղը դատավորները վեր կացան ու հայտարարեցին, թե սրանից հետո առաջնորդվելու են բացառապես օրենքներով։ Իսկ դա, ինքներդ էլ հասկանում եք, կարող է լրջորեն վնասել երկրի ներքաղաքական կայունությանը։ Իսկ ինչո՞ւ կարգապահական վարույթ չեն անցկացնում, ասենք, Ալեքսանդր Արզումանյանի կալանքը հերթական անգամ երկարացնելու որոշում ընդունած դատավորի նկատմամբ։ Շատ պարզ պատճառով. նա ադաթը չի խախտել։ Նրան ասել են՝ երկարացրու՝ երկարացրել է, ասեին՝ բաց թող՝ բաց կթողներ։

Պարգեւ Օհանյանին պատժելու իշխանությունների մտադրությունը մեկ այլ, նույնքան զորավոր պատճառ էլ ունի։ Բանն այն է, որ ըստ այդ նույն ադաթի, նա փաստորեն դատարանի դահլիճից հանցագործների է ազատ արձակել։ Այո, բանն այն է, որ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարներն իրենք խախտել են ադաթը, հետեւաբար՝ հանցագործներ են։ Չէ՞ որ Հայաստանում բիզնեսը նույնպես գործում է ոչ թե օրենքներով, այլ ադաթով։ Ըստ այդ ադաթի, գործարարը պիտի Մաքսայինին անպայման կաշառք տա, հետո շնորհակալություն հայտնի, որ այդ կաշառքն ընդունեցին, եւ գլուխը կախ աշխատի։ Իսկ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները դրա փոխարեն աղմուկ են բարձրացրել եւ փորձել պայքարել համակարգի դեմ։ Կազմակերպված պետություններում նման բաները նույնպես չեն ներվում, որովհետեւ նրանց օրինակը նույնպես կարող է վարակիչ լինել։ Այսօր՝ «Ռոյալ Արմենիան», վաղը՝ մի ուրիշ ընկերություն, ու մեկ էլ տեսար՝ մի գեղեցիկ օր բոլոր գործարարները հայտարարեցին, թե սրանից հետո էլ ոչ մեկին կաշառք չեն տալու եւ գործելու են բացառապես օրենքով։ Այս «խայտառակ հեռանկարից» խուսափելու ելքը միակն է՝ պետք է «չարիքը վերացնել սաղմնային վիճակում»։

Ինչով եւ նախանձելի հետեւողականությամբ զբաղվում է համակարգը։