Երբ հանկարծ խանութում հայտնաբերում ես, որ սննդամթերքի ու այլ ապրանքների գները կտրուկ աճել են, պետք չէ խուճապի մատնվել: Դա չի օգնի: Նաեւ պետք չէ պաշտոնական բացատրություններ փնտրել: Պատասխանատու լրատվամիջոցներն, ինչպես միշտ, խելամտորեն շրջանցում են այդ թեման: Կենտրոնական բանկի ղեկավարությունն էլ չի շտապի որեւէ բացատրություն հրապարակել: Չնայած, որ ըստ օրենքի՝ դա նրանց համարյա միակ պարտականությունն է: Ոչինչ պետք չէ ակնկալել նաեւ Տնտեսական մրցակցության հանձնաժողովից: Լավագույն դեպքում նրանք կհայտարարեն, որ հարցն ուսումնասիրում են: Նրանց երեւի ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես ողջ երկրով մեկ ճիշտ նույն պահին թանկացավ ձեթը, կարագը, հացը եւ այլն: Իսկապես դժվար խնդիր է` գների պետական կոմիտե չկա, բայց պաշտոնապես ազատ ու մրցակցային շուկա ունեցող երկրում գներն ավելի կառավարելի են, քան խորհրդային տարիներին: Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ու ԿԲ-ն փորձում են չնկատելու տալ այս փաստը: Ոչ ոք նրանց չի պարտադրում բացատրություն տալ: Բոլորովին այլ է Ազգային վիճակագրական ծառայության պարագան: Այս գրասենյակը հրապարակումներ անելու պարտադիր գրաֆիկ ունի: Հետեւաբար՝ ստիպված է տվյալներ հրապարակել ու պարբերաբար հայտնվել անհարմար իրավիճակներում: Օրինակ, այս օրերին, երբ կրկին երկրում մոլեգնում է գնաճը, Վիճակագրական ծառայության վերջին հրապարակումներից մեկը բեստսելերի արժեք ունի: Հրապարակումն այդպես էլ կոչվում է. «Գները եւ գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2002-2006 թթ.»: Այն ֆանտաստիկ հակասության մեջ է գործող իրականության հետ: Հետեւաբար հրապուրիչ է, քան որեւէ դեդեկտիվ, եւ ընթերցվում է մեկ շնչով: Պաշտոնապես տնտեսական երկնիշ աճ ունեցող Հայաստանում գնաճը պաշտոնապես ձգտում է զրոյի: Ավելին, որոշ գրաֆիկներում ու աղյուսակներում գների նվազման դեպքեր են նկարագրված: 2005 եւ 2006 թթ. սպառողական գների ընդամենը 1 եւ 3 տոկոսանոց աճի պաշտոնական տվյալներով Հայաստանն անզուգական է: ԱՊՀ երկրներից ոչ մեկը նման ցուցանիշ չունի: Ավելին` զարգացած երկրներից միայն մի քանիսը կարող են մեզ հետ ոտք մեկնել: Երկու տարվա կտրվածքով աշխարհում ամենախոշոր տնտեսություն ունեցող ԱՄՆ- ում գնաճի ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել: Պարենային ապրանքների աճը մեր երկրում նույնպես համեստ թվով է ներկայացված` մոտ 5 տոկոս: Այս տվյալները հարկավ հակասական են: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նշել պարենային ապրանքների աճի իր արձանագրած դինամիկան: Բայց դա փաստ չէ: Փաստը պաշտոնական վիճակագրական տվյալներն են, որոնք աջ ու ձախ հրաշք են արձանագրում: Օրինակ Վիճակագրական ծառայության հրապարակման մեջ գրաֆիկի տեսքով ներկայացված է բենզինի ներմուծման եւ մանրածախ գների փոփոխությունը 2003-2006թթ.: Վերջին տարիներին անընդհատ խոսվում է այն մասին, որ այս ոլորտում ստվերային շրջանառությունը տարեցտարի աճում է: Որովհետեւ պաշտոնապես անընդհատ նվազում է ներկրվող բենզինի ծավալը: Տնտեսության ղեկավարներն, իհարկե, ներկրվող բենզինի փոքր ծավալները բացատրում էին նրանով, որ անշեղորեն աճում է գազով աշխատող ավտոմեքենաների քանակը: Բայց 2005թ. կեսերից այս բացատրությունն այլեւս անբավարար համարվեց: Եվ այդ պահից սկսած բենզինի ներկրման ծավալները պաշտոնապես սկսեցին աճել: Այս ոլորտը ներկայացնող գրաֆիկը մասամբ տրամաբանական է: Այսինքն` տրամաբանական է հենց մինչեւ 2005թ. հունիս ամսվա տվյալները: Հետո դրամով արտահայտված ներմուծման ու մանրածախ գների գծապատկերները գրաֆիկի վրա իրարից կտրուկ անջատվում են: Ներմուծման գինը կտրուկ աճում է: Մինչեւ 2007թ. մայիս ամիսը մանրածախ գնի ցուցանիշը կտրուկ զիջում է ներմուծման գնին: Այսինքն, մեր տնտեսության մեջ հազվադեպ ու չտեսնված պարադոքս է գրանցվել: Մարդիկ (եթե, իհարկե, բենզին ներկրողները չեն նեղանա այս որակումից) ավելի թանկ բենզին են ներկրել, բայց մանրածախ շուկայում ավելի էժան վաճառել: Բիզնեսի ոլորտում նման արարքը բացատրության ենթակա չէ: Գուցե Հայաստանի պարագային տնտեսական կյանքում իրոք նման փաստեր կարող են լինել, բայց միմիայն ընտրությունների շեմին: Ինչպես, օրինակ, եղավ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Բայց 2005 թ. ընտրական տարի չէր: Հետեւաբար թանկ ապրանքն էժան վաճառելը որեւէ բացատրություն չունի: Եթե բենզին ներկրողները բարեգործական նման ակցիա անեին, ապա մեզանում ընդունված ավանդույթի համաձայն՝ հասարակության զահլեն տանելու էին իրենց գովազդային քաղաքականությամբ: Հայ հասարակությունը վաղուց արդեն գիտի, որ իր չինովնիկն ու գործարարն իրենց բիզնեսն անում են միմիայն հանուն ժողովրդի: Օրինակ՝ վերցրեք երեկվա թերթերը, Երեւանի «Արարատ» գինու, օղու, կոնյակի գործարանը քարոզարշավ է սկսել: «Մուլտի Գրուպ» կոնցեռնն այսօրվանից իր բիզնեսի շրջանակներում գինի ու կոնյակ արտադրելու հումք է ներմուծելու: Բայց խաղողի մթերման մասին այնքան խրոխտ է հայտարարվում, որ հասարակությունը կարծելու է, թե բարեգործական ակցիա է սկսվել: Թուղթն ամեն ինչի կդիմանա,- վստահեցնում է ռուսական ասացվածքը: Մերոնք էլ դրան հավատարիմ գրում են: Հետեւաբար, այս օրերին, երբ անկառավարելի է դառնում կառավարվող գնաճի ԿԲ քաղաքականությունը, Վիճակագրական ծառայության հրապարակումներն ընթերցելն օրհասական խնդիր է դառնում: Փակվեք տանը, կարդացեք, ոգեշնչվեք, ծիծաղեք, բայց հաշվետվություններում հրապարակվող գները մի համեմատեք շուկայական գների հետ: Այլապես պատկերն այդքան զվարճալի չի լինի: