Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, եւ պետական պաշտոնյաներն արձանագրում են, որ գյուղմթերքի պակաս չի զգացվելու: Իսկ ահա վիճակագիրներն արդեն հաշվել են, որ նախորդ տարվա համեմատ նվազել են գյուղատնտեսական մթերքների գները:
Իսկ ի՞նչ է շահել գյուղացին. Գյուղնախարարությունում այս հարցի պատասխանը չունեն, սակայն գիտեն, որ մթերող կազմակերպությունները զգալի պահանջարկ ունեն, մնում է, որ գյուղացիներն իրենք բերքն ու բարիքը գործարանների դուռը հասցնեն: Գյուղնախարարության Ագրովերամշակման վարչության պետ Միքայել Գրիգորյանը նշում է, որ շուրջ 43.600 տոննա պտուղ-բանջարեղեն է մթերվել՝ նախորդ տարվա 43.300-ի դիմաց, որից «Արտաշատի պահածոների գործարանը» մթերել է 18.500 տոննա, Արարատի «Բորոդինոն»` 18.000 տոննա եւ ՄԱՊ ընկերությունը` 6850 տոննա: Մթերման գները բոլոր գործարաններում էլ նույնն են, լոլիկի դեպքում` 25 դրամ կիլոգրամի դիմաց: Միքայել Գրիգորյանը նշում է, որ մթերողները պտուղ-բանջարեղենը հեռու տեղերից գործարան հասցնելու դեպքում գյուղացուն փոխհատուցում են նաեւ ճանապարհածախսը: Իսկ ինչպե՞ս են կատարում վճարումները, մեր այս հարցին Մ. Գրիգորյանը պատասխանում է, որ մթերողներն այնքան էլ լավ վիճակում չեն եւ գումարի ուշացման դեպքում էլ պետք է ըմբռնումով մոտենալ: «Պահածոյի գործարաններն աշխատում են սեզոնային եւ միշտ չէ, որ կարողանում են իրացնել իրենց արտադրանքը, որով էլ պայմանավորված՝ ունենում են միջոցների խնդիր»,- ասում է Մ. Գրիգորյանը: Նշենք, որ նախորդ տարի Արարատի պահածոների «Բորոդինո» գործարանից գյուղացիներն իրենց ապրանքի գումարը կարողացան ստանալ մայրաքաղաքում Կառավարության շենքի առջեւ ցույցերից ու բողոքներից հետո միայն: Արարատի մարզի Այգեզարդ գյուղում պետական վիճակագրությունը եղանակ չի ստեղծում: Եթե անգամ բերքն առատ է, ու գների անկում է գրանցվել, ապա այստեղ կատարած ծախսերի ու ստացած եկամտի մասին հաշվարկները բնավ էլ իրենց օգտին չեն: Այգեզարդցի Ալլան երիտասարդ կին է, ընտանիքի մայր, ունի բարձրագույն կրթություն, սակայն օրն անց է կացնում իր հողամասում հողի փխրեցման, քաղհանի, պարարտանյութի եւ ջրի խնդիրների լուծման վրա: «Մեր հողամասը փոքր չէ` 3000 քառակուսի մետր: Եթե ուզում ես գյուղում ապրել կարողանալ, ուրեմն աչքի լույսի պես պետք է պահես քո հողամասը»,- ասում է երիտասարդ կինը, ով արշալույսից էլ վաղ է արթնանում ու շտապում իր «աշխատավայրը»: «Այս 3000 մետր հողը վարելու համար երեք անգամ տրակտորին փող ենք տվել, մոտ 35 հազար դրամ ու 50լիտր էլ՝ դիզվառելիք: Մեկ սածիլի գինը 3-4 դրամ է, 17 հազար դրամի սմբուկի եւ նույնքան էլ լոլիկի սածիլ եմ գնել: 25.000 դրամ էլ տարվա ջրի վարձն է, 25 հազար դրամ էլ ծախսել ենք պարարտանյութի վրա: Միայնակ շատ դժվար է քաղհան անելը, եւ ստիպված ես օգնող ձեռքին էլ վճարել: Մինչեւ կեսօր քաղհան անելն էլ 3000 դրամ է, ու 15.000 դրամ էլ տվել եմ քաղհան անողին: Դեռ տարեվերջին շուրջ 20.000 դրամի էլ հողի հարկ պետք է վճարենք»,- պարզ թվաբանություն է անում Ալլան: Ստացած եկամուտներն էլ է հիշում մեր զրուցակիցը. վաճառել է 1300կգ սմբուկ, միջինը` 65 դրամով, եւ 400 կգ էլ լոլիկ՝ 50 դրամով: Ստացվում է, ծախսել է մոտ 160 հազար դրամ եւ ստացել 104.500 դրամի եկամուտ: Սակայն հողամասում դեռ բավականին բերք է մնացել, որն էլ պատրաստվում են 25 դրամով հանձնել «Արտաշատի պահածոների գործարանին»: Սակայն այստեղ էլ մեքենայի համար 7-10 հազար պետք է վճարեն: Այն, որ գործարանները փոխհատուցում են ճանապարհածախսը, նորություն է գյուղացիների համար: «Ոչ մի ճանապարհածախսի փոխհատուցում էլ չկա, սակայն գումարը տալիս են անմիջապես ապրանքի ընդունումից հետո»,- ասում են մարդիկ: Հետաքրքիր է, որ չեն բողոքում գործարանների մթերման գներից: Այստեղ իրացնում են այն մթերքը, որոնք շուկայում իրացնելու համար ապրանքային տեսք չունեն: Բացի այս էլ, գործարաններին իրենց հիմնական սպառողները չեն համարում, հիմնական եւ կայուն սպառողը մայրաքաղաքն է, որտեղ իրենց ապրանքն իրացնելու ո՛չ հնարավորություն ունեն եւ ո՛չ էլ ժամանակ: Օրինակ, լոլիկը տան դռանը 50 դրամով են հանձնում առեւտրականներին, իսկ մայրաքաղաք հասցնելն էլ ապրանքի գինը թանկացնում է 20-30 դրամով: Ամենալավ լոլիկը Երեւանում հանձնում են 80 դրամով, որը վերավաճառվում է մինչեւ 300 դրամով: Մթերող գործարանները թեպետ հիմնական սպառող չեն համարվում, սակայն համարվում են ապրանքների գների նախնական թելադրողները: Շուկան սակարկում է` ելնելով հենց գործարանների առաջարկած նվազագույն գնից:
Ակնհայտ է, որ գյուղացին երբեք էլ իր ապրանքի իսկական վաճառողը չի եղել ու երբեք էլ կլորիկ գումարներ աշխատելու հնարավորություն չի ունեցել: Այլապես Հայաստանի մարզերը վաղուց պետք է հասած ու անցած լինեին Երեւանին: Իսկ մարզերի զարգացմանը միտված պետական ծրագրերն էլ ավարտվելու են նրանով, որ 2009-ին գյուղատնտեսության ոլորտը նույնպես մտնելու է հարկման դաշտ: