Նոր կառավարության 100-րդ օրվա կապակցությամբ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց նախարարության ինչպես նախորդ չորս տարիների կատարած աշխատանքների հաշվետվությունը, այնպես էլ հետագա գործունեության նոր ծրագիրը:
«Առաջիկայում այս փաստաթղթերը կներկայացվեն Ազգային ժողովում, որպեսզի մեր պատգամավորները լավատեղյակ լինեն ոլորտում իրականացված աշխատանքներից ու նաեւ հետագա ծրագրերից: Այս ծրագրի հիմնական նպատակը հետեւյալն է` մշակել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարություն: Մեզ պետք էր նման մի ռազմավարական փաստաթուղթ մշակել, որտեղ կհավաքվեն կատարված բոլոր աշխատանքները»,- ասաց նախարարը:
Ա. Վարդանյանի խոսքերով` ծրագրում ընդգրկված աշխատանքներն իրենք պլանավորում են կատարել առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում: Նախարարի խոսքերով` նախարարությունը 2008 թվին նպատակ ունի բարձրացնել ընտանեկան նպաստի միջին չափը, նվազագույն աշխատավարձը, որը կկազմի 25.000դրամ, ինչպես նաեւ՝ կենսաթոշակը. «Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին` պետական բյուջեի հնարավորությունների աճմանը զուգընթաց, էապես ավելանում են նաեւ սոցիալական ոլորտին հատկացվող միջոցները, եւ պետական ամենամեծ ծրագրերից մեկը աղքատության ընտանեկան նպաստի մեծացումն է: Թվերը բազմիցս հրապարակվել են, 1999-2007թթ. աղքատության մակարդակը կրճատվել է 56-ից մոտ 29 տոկոսի, ծայրահեղ աղքատությունը՝ շատ ավելի մեծ չափերով` 27-ից 16 տոկոսի: Բայց մենք նպատակ ունենք 2012 թվին արդեն հասնել աղքատության նորմալ մակարդակի, ինչը զարգացող երկրներում 12 տոկոս է կազմում, իսկ ծայրահեղ աղքատությունը` 1,6 տոկոս: Կառավարությունը 2008-ից նաեւ հնարավորություն կտա բարձրացնելու քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը, որը 35.500 դրամից կդառնա 40.000 դրամ: Շատ խնդիրներ ունենք ընդհանրապես պետական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու առումով: Եթե 2003թ. նախարարությունում վարչության պետերը ամենաբարձրը ստանում էին շուրջ 70-75.000դրամ, 2007-ի տվյալներով նրանք ստանում են մոտ 140.000 դրամ աշխատավարձ: Հաջորդ հիմնական ուղղություններից են զբաղվածության ակտիվ ծրագրերը, աշխատաշուկայի ճիշտ կանխատեսումը, հաշվարկումը եւ մեր աշխատուժի վերաորակավորման, վերապատրաստման աշխատանքները, որպեսզի նոր պայմաններում նրանք մրցունակ լինեն, կարողանան աշխատանք գտնել»:
Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, որ կենսաթոշակների բարձրացման հետեւանքով հնարավոր է որոշ ընտանիքներ զրկվեն նպաստներից, Ա. Վարդանյանը նշեց, որ դրանք մեկը մյուսի հետ քիչ կապ ունեն. «Նախ պետք է հասկանանք մի բան. մենք ունենք երկու տարբեր համակարգ` կենսաթոշակային համակարգ, երբ անձը ստանում է կենսաթոշակ, եւ ընտանեկան կենսաթոշակի համակարգ, երբ պետությունն աջակցում է ընտանիքին համապատասխան դեպքում: Այս առումով ուղղակի անթույլատրելի է երկու համակարգերը խառնելը: Բայց մյուս կողմից՝ մենք հետեւյալ խնդիրն ունենք. ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ է, բայց երբեմն աբսուրդ վիճակ է ստացվում, երբ ընտանիքում թոշակառու անձի թոշակը բարձրանում է 1500-2000 դրամով, ամբողջ ընտանիքն արդեն դուրս է մնում նպաստային համակարգից եւ զրկվում, օրինակ, 7000 դրամ նպաստից: Փաստորեն, ընտանիքը 5000-6000 դրամով տուժում է: Մենք մի քանի միջոցներով վերջին երեք տարիների ընթացքում փորձել ենք նվազագույնի հասցնել այդ շերտը` իջեցրել ենք ընտանեկան նպաստի իրավունք տվող բալերի շեմը, ավելացրել ենք միայնակ թոշակառուներին տրվող գործակիցները, որպեսզի նրանք ավելի բարձր գործակիցներով տեղավորվեն համակարգում: Օրինակ, 2004թ. եթե մենք այդ մեղմացնող քայլերը չկատարեինք, ապա շուրջ 18.000 ընտանիք նման իրավիճակում կհայտնվեր: Բայց մեր կատարած քայլերի արդյունքում նման վիճակում հայտնվեցին մոտ 2000 ընտանիքներ: Եվ անգամ հայտնվելու դեպքում մենք այդ խնդիրը լուծում էինք այնպես, որ այդ մարդիկ միանվագ նպաստ էլ ստանան»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտին հատկացվող բյուջեն այս տարվա համար կկազմի շուրջ 40 միլիարդ դրամ: Ըստ Ա. Վարդանյանի` սա միայն նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գումարն է: Իսկ նախորդ տարվա համեմատ աճը կազմում է շուրջ 8 միլիարդ դրամ:
Օրերս ՀՅԴ Գերագույն ժողովը որոշում կայացրեց նախագահական ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով. այդ դեպքում ի՞նչ վիճակում կհայտնվեն դաշնակցական նախարարները` հե՞տ կկանչվեն, թե՞ կշարունակեն աշխատել: «Մենք քաղաքական մշակույթի այնպիսի փուլում ենք, որ նման հարցերը բնական են: Ես այդ հարցին կպատասխանեմ հետեւյալը. Դաշնակցությունը Հայաստանում գործող լիարժեք քաղաքական կուսակցություն է, եւ վերջին երեք ընտրությունների ընթացքում ակնհայտ է, որ տարեցտարի Դաշնակցությունը շատ ավելի ընկալելի ու հասկանալի է դառնում մեր հասարակության համար, եւ կարծում եմ, որ գրագետ կազմակերպված նախընտրական արշավների արդյունքում Դաշնակցության ցուցանիշներն աճում են: Եվ, բնականաբար, ժողովրդին ներկայանալու այնպիսի հնարավորություն, ինչպիսին նախագահական ընտրություններն են, Դաշնակցությունը չէր կարող բաց թողնել: Սա հնարավորություն է՝ մեր մոտեցումներով ու սկզբունքներով էլ ավելի ամբողջական ներկայանալ հասարակությանը: Իսկ ինչ վերաբերում է մեր աշխատելուն, ապա եթե Հանրապետության նախագահը կամ վարչապետը նպատակահարմար կգտնեն, որ դաշնակցական նախարարները թողնեն աշխատանքը, որեւէ խնդիր այստեղ չկա, մենք կթողնենք: Իսկ եթե կգտնեն, որ պետք է շարունակենք աշխատանքը, կաշխատենք»: