Տարբեր գլխուղեղներ

20/09/2007

Նյու 3որքի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ամոդիոն «Nature Neuroscience» հանդեսի վերջին համարում հրապարակել է մի վերլուծություն, որի համաձայն, ազատական եւ պահպանողական գործիչների գլխուղեղի կեղեւում աշխատանքային գործընթացներն էապես տարբերվում են: Գլխուղեղի այս հատվածն է գրանցում հակասությունը, որը գոյանում է տվյալ մարդու խառնվածքից ակնկալվող արձագանքի եւ նոր իրավիճակից բխող պահանջի միջեւ: Իրենց «ազատականներ» եւ «պահպանողականներ» որակած մի խումբ կամավորներ մասնակցել են հետազոտության, որի ընթացքում հատուկ սարքավորումները չափել են նրանց գլխուղեղի էլեկտրական ակտիվության աստիճանը: Փորձի մասնակիցներին կարգադրել են սեղմել կոճակը, երբ նրանք համակարգչի էկրանին կտեսնեն որոշակի հաճախականությամբ գրված թվեր, եւ զգուշացրել, թե կոճակը սեղմել պետք չէ այն դեպքում, եթե հաճախականությունը սկսի նվազել: Ըստ Դեյվիդ Ամոդիոյի, ճիշտ այդպես էլ արել են ազատականները, մինչդեռ պահպանողականները շարունակել են սեղմել կոճակը: «Պահպանողականներն ավելի հետեւողական եւ համառ են գտնվել իրենց գործողություններում»,- ասել է Ամոդիոն: Միաժամանակ, նա ընդգծել է, թե չի պնդում, որ այդ տարբերությունը բնածին ֆենոմեն է՝ թեկուզ այն պատճառով, որ «գլխուղեղը ճկուն օրգան է եւ մշտապես զարգացում է ապրում»: «Քաղաքական կողմնորոշումների վրա ազդեցություն են գործում դաստիարակությունը, սոցիալական շրջապատը, անձնական փորձառությունը»,- ասել է ամերիկացի հոգեբանը: Պրոֆեսոր Ամոդիոն նաեւ ափսոսանք է հայտնել, որ քաղաքական որոշ մեկնաբաններ արդեն հասցրել են իր հետազոտության արդյունքներն օգտագործել այս կամ այն կողմին գնահատականներ տալու համար: Մի հանրապետական ակտիվիստ, մասնավորապես, «The Sacramento Bee» պարբերականին տված հարցազրույցում պնդել է, որ գիտի, թե «ինչո՞ւ են ազատականներն ավելի արագ որոշում կայացնում այն պահին, երբ հարկ է հաղթահարել հին սովորությունը. որովհետեւ նրանք ունեն այդ ունակությունը, որովհետեւ նրանք իրենց խառնվածքով ավելի հակված են արագ գործողության»: