Քարոզարշավը սկսված է

20/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայրաքաղաքում երթեւեկող տաքսու վարորդներից շատերի կարծիքով՝ Հայաստանում, թեեւ ոչ պաշտոնապես, այդուհանդերձ՝ հայտարարված է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Նրանցից ոմանք վստահեցնում են, որ մեր պաշտոնյաները նախընտրական տրամաբանությամբ հանդիպումներ, հարցազրույցներ են ունենում, ոմանք արդեն շողոքորթում, քծնում ու հերյուրանքներ են տարածում մրցակիցների հասցեին:

Վարորդ Գեւորգը, հիշեցնելով 60 տարվա իր կյանքի փորձը, ինչպես միշտ կոչ է անում ականջալուր լինել իր ասածներին. «Ինչ ասել եմ՝ միշտ կատարվել է, բայց ոչ թե նրա համար, որ ես պառավ գուշակ եմ, այլ՝ անգիր գիտեմ բոլորի մտածածը, քայլերն ու նպատակները: Մեր քաղաքական գործիչներն էնքան խելոք չեն, որ իրանց քայլերն ու առաջ շարժվելու ուղղությունները թարմացնեն: Հավատացե՛ք, որ զուբրիտ ենք արել իրանց մտքերը, բայց իրանք էլ էնքան խորամանկություն չունեն, որ փոխեն մարտավարությունը: Օրը 6 անգամ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են ցույց տալիս: Նայում ես, ոգեւորվում, ու մեջդ հավատ ա գալիս: Մի տեսակ կյանքի հանդեպ լավատեսությամբ ես լցվում, կյանքը բարելավելու հույսով ես ներշնչվում, բայց, երբ հիշում ես, որ մի քանի ամսից նախագահական ընտրություններն են՝ միանգամից կոտրվում ես: Ասում ես՝ լավ, ա՛յ վարչապետ, չէ՞ որ դու էս 10 տարի ա իշխանություն ունեիր, ինչի՞ էդ խստությունդ չկար: Մեկ-մեկ մտածում եմ, որ կարող ա շատ հոռետես ենք դարձել, էլ ոչ մեկի հանդեպ հավատ չունենք, կարող ա իրականում մարդը սրտանց ա ասում, բայց մեկ ա՝ սրտի խորքում մի ձայն ասում ա, որ պետք չի հավատալ, քաղաքականությունն ա պահանջում, որ քեզ կուտ տան,- ասում է վարորդ Գեւորգն՝ ու շարունակում:- Հասկանո՞ւմ եք, կարող ա մենք անարդար ենք, կարող ա մարդը մեր հանդեպ մաքուր սրտով ա, բայց գոնե մի անգամ պետք ա իրանց ասածի տերը լինեն, որ ժողովրդի հավատը վերականգնվի: Ճիշտ ա, մենք էս վերջին տարիներին շատ «մուխտառ» ազգ դարձանք էն իմաստով, որ մենակ բողոքում, դժգոհում ու հայհոյում ենք, բայց դրա պատճառները շատ խորն են: Մեր պաշտոնյաները պիտի հասկանան, որ մարդկանց մեջ հավատը սպանել են, եթե նույնիսկ ճիշտ բան են ասում՝ մեկ ա, մենք ուզում ենք կասկածենք ու չհավատանք դրան: Դրա համար պիտի կարողանան իրանց խոսքին տեր կանգնել, ասածն անել, գործով ապացուցել, որ չեն խաբում մարդկանց: Էսօր, եթե նույնիսկ ժողովրդին ճիշտ բան են ասում՝ ժողովուրդը չի հավատում դրան, իներցիայով մտածում ա, թե էլի խաբում են»: «Օրինակ, երբ Վրաստանից ռեպորտաժներ են ցույց տալիս ու պատմում են, թե Սահակաշվիլին ոնց ա սաղին օրենքի առաջ ծալում՝ քիչ ա մնում էդ տղու ճակատը պաչեմ: Մարդը չորով դրած սաղին ձերբակալում ու օրենք ա պահանջում, ուրեմն՝ ինքը դուխով ա, չէ՞, վախենալու բան չունի, չէ՞: Ինքը չի մտածում, որ էսինչ արարքն արել ա, ու էսինչ մարդիկ իրան պադդերժկա են արել, եթե հանկարծ իրանց վնասի՝ իրա անօրինությունները ջրի երես դուրս կգան: Նշանակում ա, որ իրա կենսագրությունը մութ չի, պարզ ապրած մարդ ա ու չի վախենում իրա շրջապատին պատժել: Ա՛յ, նախագահի կերպարը դա ա, ա՛յ, ժողովուրդը հավատում ա իրա անաչառությանը, ու ինքը ժողովրդի կռիշան ա, ոչ թե չինովնիկների: Էսօր շատ են խոսում, իբր Սահակաշվիլին սիրուհիներ ունի, սեքսուալ մանիակ ա եւ այլն, բայց իմ համար՝ վսյո ռավնո: Դրա մասին թող իրա կինը դարդ անի, որովհետեւ իրա սեքսուալ հակումներով ժողովրդին չի դավաճանում: Մեր վարորդներից մեկը Վրաստանում բարեկամներ ունի, որ պատմում ա, թե ժողովուրդը ոնց ա սկսել սիրել Սահակաշվիլուն՝ ապշում եմ: Երեւի վրես կծիծաղեք, ռոմանտիկ բան եմ ասում, բայց ես կերազեի, որ մենք էլ տենց նախագահ ունենայինք, ու ես հպարտությամբ խոսայի իրա մասին»:

Առաջին տիկինների նախասիրությունների մասին

Վարորդ Գարիկն էլ ուշադրություն է հրավիրում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ` Բելլա Քոչարյանի գործունեության վրա, ասելով՝ «Ես էդ կնոջը շատ եմ հարգում ու իմ ընտանիքն էլ շատ սիրում ա իրան: Հիշո՞ւմ եք, Լեւոն Տեր-Պետրոսյանի կնոջն ինչ ասես ասում էին՝ հրեա ա, էս ա, էն ա: Էն օրը նախագահների կանանց մասին հաղորդում էր ու մեր նախագահի կնոջ մասին որ ասեցին` նենց սիրտս լցվեց: Ուրեմն՝ ցույց էին տալիս նախկին Սովետական Միության երկրների առաջին տիկիններին: Մեկի մասին ասում էին, որ սա բրիլյանտների սիրահար ա եղել, պետության փողերով թանկարժեք զարդեր ա առել իրա համար, մյուսինը՝ Պուտինի կինն էր կարծեմ, ԿԳԲ-ի գործակալ ա եղել, էն մյուսն ամուսնուց բաժանվել ա: Հետո, երբ հերթը հասավ Բելլա Քոչարյանին՝ ասում ա՝ Հայաստանի առաջին տիկինը միակ կինն ա եղել, որ պատերազմ ա տեսել ու կռվի դաշտում մանկահասակ երեխաների հետ ա եղել: Հետո ցույց էին տալիս, որ տիկին Բելլան գնում ա մանկատներ, ծերանոցներ, ու էնքան ազդեցիկ էր: Նրանց կնանիքի նախասիրություններից հետո մեր առաջին տիկնոջ վարքուբարքը շատ հիացրեց ինձ: Օրինակ՝ էդ տեսակ կինը չպիտի թույլ տա, որ ամուսինը երկիրը վնասի, ինքը չպիտի հանդուրժի սխալ քայլ: Տենց բաներն էլ են շատ կարեւոր, որովհետեւ երկրի նախագահը նախ պիտի լավ ամուսին, լավ հայր ու ընտանիքի կազմակերպիչ լինի, որ կարողանա երկիր ղեկավարել,- ասում է Գարիկն ու մեր հեռուստաընկերություններին խորհուրդ է տալիս,- Հես ա, ընտրությունների ժամանակ էլի թեկնածուների գլխավերեւում սափրագլուխներ են երեւալու, ու երգիչներն էլ երգելու են: Դրա փոխարեն՝ թող թեկնածուների ընտանիքների, կանանց, երեխեքի մասին հաղորդումներ պատրաստեն: Չգիտեմ՝ ուրիշների համար ո՞նց, բայց իմ համար էդ թեկնածուի ընտանիքը, երեխեքը շատ կարեւոր են: Կնոջ վերաբերմունքը, երեխեքի դաստիարակությունը շատ բան կարան խոսան թեկնածուի բարոյական ու լավ մարդ լինելու մասին: Համ էլ ինչի՞ց են վախենում, թող ժողովուրդը ճանաչի իրանց հարազատներին»,- ասում է վարորդ Գարիկը:

«Ժողովրդի ֆազերը կգցի»

«Ես շատ կարեւոր բան եմ նկատում. մեր պաշտոնյաները սկսել են սովորական մարդկանց մեջ շատ երեւալ,- ասում է Գուրգենն ու շարունակում: -Երեւի սկսել են հասկանալ, որ իրանք մենակ են մնացել ու իրանց չեն սիրում: Կամ էլ հոգնել են էդ մենակությունից, որովհետեւ միայնակ ղեկավարությունը ոչ միայն ժողովրդին պետք չի, այլ՝ պետությանն էլ պետք չի: Էն օրը վարչապետի խոսքերն էի լսում, ու նենց տպավորություն էր, կարծես լրիվ ուրիշ մարդ լիներ: Մի տեսակ էն ժոստկի, երկաթի կերպարից դարձել ա փափուկ, ժպտերես մարդ: Երբ որ ինքը պաշտպանության նախարար էր՝ դեմքին միմիկա չկար, ոչ մի զգացմունք, ոչ մի բան, նենց դաժան կերպար էր: Էն օրը նայում եմ, ասում եմ՝ ինչ-որ անսովոր ա էս մարդը, ժպտում ա, հումոր ա անում… Իջնում ա, ժողովրդի միջով ման ա գալիս: Թոշակների համար երբ խոստումներ ա տալիս՝ ես հավատում եմ, որ կանի, որովհետեւ էս տեսակ խոստումից հետո լյուբոյ իրան հարգող տղամարդ հետ չի կանգնի: Հետո հարկերի մասով որ առանց քաշվելու ասում ա՝ մարդիկ պետության փողերի հաշվին հարստանում են, հետո էլ ժողովրդին բարեգործություն են անում: Խոստովանենք, որ մինչեւ էսօր ոչ մի պաշտոնյա առերես, բարձրաձայն էդ բանը չէր ընդունել, բայց մարդը կանգնեց, ասեց: Մնում ա, որ էդ թաքցնողներին մեր աչքի առաջ պատժի: Սերժ Սարգսյանի հիմիկվա կերպարը ինձ Վազգենին ա հիշեցնում, որովհետեւ Վազգենն էլ էդ թափով սկսեց: Եթե հիշում եք՝ նախարարներին մի հատ հաթաթա տվեց, ու դրանից շատ չանցած՝ գլուխը կերան,- ասում է Գուրգենն՝ ավելացնելով,- Մարդն ասեց ու արեց, չէ՞: Էն օրն էլ ահագին դեպքեր էին բացահայտել, որ կազմակերպությունները հարկերը թաքցրել են, նշանակում ա՝ հույս կա: Բայց ես պատկերացնում եմ, որ թոշակի հարցում ինքն իսկականից բարելավում անի՝ մեր երկրի աղքատությունն ահագին կթեթեւանա: Հիմա ամենաաղքատ խավը ծերերն են: Բայց մյուս կողմից էլ՝ մտածում եմ՝ կարո՞ղ ա էս ամեն ինչը նախագահական ընտրության տրյուկ ա: Եթե հանկարծ սուտ խոստում լինի՝ հավատացե՛ք, որ ժողովրդի ֆազերը կգցի, ու հաստատ մի վատ բան կլինի»:

«Լեւոնը քավության նոխազ էր»

Վարորդ Ռոբերտի կարծիքով՝ փորձը ցույց է տվել, որ տարիների ընթացքում հնչած բոլոր հայտարարություններն ու խոստումները փուչ են եղել, հետեւաբար՝ չի կարելի ընկնել երազանքների մեջ. «Հայ ժողովուրդը ոնց որ բառիս բուն իմաստով հավատացյալ լինի, որովհետեւ հա՛ իրան խաբում են, հա՛ ինքը նորից հավատում ա: Մեր իշխանություններն արդեն մի բան պիտի մտածեն, թե ի՞նչ անեն, որ ժողովուրդն իրանց չհավատա: Էդ դեպքում համ ժողովրդին լավ կլինի, չի հիասթափվի, համ էլ՝ իշխանությանը լավ կլինի՝ սուտ դուրս չի գա: Թող իշխանությունը սուտ խոստում տա, ու թող ժողովուրդը հա իրան չհավատա, մենակ թե չհավատա: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին կուզենայի, որովհետեւ, համենայնդեպս, իրա բերանից դուրս չի եկել բառ, որն անհիմն ու սուտ ա: Եթե ինքը վստահ ա եղել իրա ասածի վրա՝ հայտարարել ա, իսկ եթե՝ ոչ, ուրեմն՝ սուտ չի խոսացել: Տեր-Պետրոսյանը չի խաբել մեզ, չնայած շատ վատ բաների միջով ենք անցել: Սուտն ամենաահավոր բանն ա, բայց մեր քաղաքական գործիչներն ամենաշատը սուտն են սիրում: Ինչ ուզում եք ասեք՝ Լեւոնը մնում ա Լեւոն: Քաղաքական գործչի իսկական կերպարն իմ համար ինքն ա, ու, եթե Աստված տա՝ ճիշտ լինեն էդ խոսակցությունները, իբր ինքը դնելու ա թեկնածություն՝ ես հաստատ, առանց մտածելու իրան կընտրեմ,- ասում է վարորդ Ռոբերտն ու ավելացնում,- ասածս հիշեք, որ ժողովրդի 80%-ը Լեւոնին ա ընտրելու՝ չնայած նրան, որ ձեւ են տալիս, թե չեն ընդունում իրան: Լեւոնին կարող ա չընտրեինք, եթե իրանից լավ թեկնածու լիներ, բայց հիմիկվա ցուցակում ծանրակշիռ ու միակ արժանի մարդը ինքն ա: Գիտե՞ք, բոլորս էլ հասկանում ենք, որ Լեւոնի վրա շատ մեղքեր բարդեցինք, բայց իրականում ինքը դրան արժանի չէր: Ինքը մեզ անկախություն ա տվել, ու դրա հետեւանքների ամբողջ պատասխանատվության, քավության նոխազը ինքը դարձավ: Ներքուստ հասկանում ենք, որ Լեւոնի փոխարեն եթե մեկ ուրիշը լիներ՝ ավելի վատ էր լինելու»:

«Ֆուկ էղան»

Վարորդ Սարգիսն ուրախ է. Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է առաջադրվել. «Գիտեք, ոչ թե նրա համար, որ ինքը արդար նախագահ ա էղել, չէ, ինքն ու իրա շրջապատն են էս ամեն ինչի հիմքը դրել, բայց հենց սկսեցին խոսալ, որ Լեւոնը թեկնածությունը կարող ա դնի, էն Արթուր Բաղդասարյանը ու իրա նմանները քաղաքականությունից ֆուկ էղան: Հիմա մնացել են Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Էրկուսն էլ շատ լուրջ թեկնածուներ են: Հիմա ժողովուրդը երկուսին էլ կլսի, ու ավելի լավ կկողմնորոշվի: Սերժ Սարգսյանը շատ լավ ա տիրապետում երկրի վիճակին, էս վերջին հարցազրույցից էլ էրեւաց, իսկ Լեւոնը քանի տարի փակված էր: Համ էլ չգիտենք` էլի էդ ՀՀՇ-ին ա բերելո՞ւ հետը: Պիտի պատասխան տա, չէ՞: Մի խոսքով` շատ կարեւոր օրեր են գալիս»: