Աղանդավորության մարտահրավերներ

20/09/2007

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրներում կրոնական հանդուրժողականության մասին ամենամյա զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում արձանագրված է, որ անցած մեկ տարվա ընթացքում այս առումով Հայաստանում էական փոփոխություն չկա։ Հետաքրքիր է սակայն, որ Պետդեպարտամենտը որպես Հայաստանում արձանագրված «բացասական երեւույթ»՝ նշում է, օրինակ, որ հայկական բանակում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներից բացի, այլ կրոնական խմբավորումների ներկայացուցիչներ քարոզելու իրավունք չունեն։ Ուշագրավ է նաեւ այն, որ ԱՄՆ կառավարությունն ակնարկում է, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին 235 միլիոն դոլար հատկացնելու հարցը կախված է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից, իսկ այդ պարտավորությունների մեջ մտնում է նաեւ կրոնական հանդուրժողականությունը։

Փաստորեն, ամերիկացիները մեզ հորդորում են թույլ տալ աղանդների մուտքը բանակ։ Ընդ որում, խոսքը նաեւ այն աղանդների մասին է, որոնք երիտասարդներին քարոզում են ընդհանրապես խուսափել զինծառայությունից։ Իսկապես, անքննելի են ամերիկացիների գործերը։

Կրոնի ազատության մասին 1998թ. օրենքի համաձայն` ԱՄՆ Պետական դեպարտամենտն ամեն տարի Կոնգրեսին ներկայացնում է զեկույց աշխարհի երկրներում կրոնի հանդեպ վերաբերմունքի, տարբեր դավանանքների պատկանող համայնքների միջեւ հաստատված հարաբերությունների եւ կրոնական հանդուրժողականության վերաբերյալ:

Վերջին զեկույցում ընդգրկված են 2006թ. հուլիսի 1-ից մինչեւ 2007թ. հունիսի 30-ը գրանցված զարգացումները: Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում նշվել է, որ 2006թ. համեմատ էական փոփոխություն չկա: Տարբեր դավանանքների հետեւորդների միջեւ հանդուրժողականության առումով իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ է, սակայն հասարակության կողմից կրոնական փոքրամասնությունների նկատմամբ նկատվում է հակասական վերաբերմունք:

ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարության հետ կրոնի ազատության թեման քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված քաղաքականության համատեքստում: Այդ քննարկումների ընթացքում ԱՄՆ կառավարությունն ընդգծում է, որ 235 միլիոն դոլարի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի իրականացումը կախված է ՀՀ կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից, մասնավորապես` «արդար կառավարման» ցուցչից, որը ներառում է նաեւ կրոնի ազատությունը: Զեկույցում նշվել է, որ Հայաստանում հավատացյալների շուրջ 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Գոյություն ունեն համեմատաբար փոքրաթիվ այլ համայնքներ՝ կաթոլիկներ, բողոքականներ, հուդայականներ, մահմեդականներ եւ այլ խմբեր: Աթեիստների ստույգ թիվը հայտնի չէ:

Զեկույցում ասված է, որ Երեւանում գործում է Կապույտ մզկիթը, որը բաց է ուրբաթօրյա աղոթքների համար: Այն կառուցվել է 18-րդ դարում եւ վերջին տարիներին վերականգնվել է Իրանի աջակցությամբ: Երեւանի այդ միակ մզկիթը գրանցված չէ որպես կրոնական կենտրոն, սակայն կառավարությունը չի արգելում տեղի մահմեդականներին աղոթել այնտեղ:

Օրենքը թույլատրում է կրոնի ուսուցում պետական դպրոցներում, ծրագրի հիմքում Հայ Առաքելական եկեղեցու պատմությունն է: Աշակերտները կարող են չհաճախել կրոնական կրթության դասերին: Տարրական եւ միջնակարգ դպրոցներում դասավանդվում է համաշխարհային եկեղեցիների պատմությունը: Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն կարող դասավանդել պետական դպրոցներում, սակայն իրավունք ունեն դա անել մասնավոր տներում՝ իրենց երեխաների համար: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ կան նաեւ բանակում, սակայն կրոնական որեւէ այլ խմբավորման ներկայացուցիչ բանակում քարոզելու եւ կրոնական ծես կատարելու իրավունք չունի: ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ «զեկույցում ընդգրկված ժամանակաշրջանում կրոնական համայնքները չեն հաղորդել իրենց գործունեությունը խոչընդոտող լուրջ միջադեպերի մասին»: Նշվել է սակայն, որ 1991 թվականի Խղճի ազատության օրենքն արգելում է «պրոզելիտիզմը»՝ հավատորսությունը: Հայ Առաքելական եկեղեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ է եւ, չնայած դավանաբանական որոշ տարբերությունների, բարեկամական հարաբերություններ ունի քրիստոնեական հիմնական ուղղությունների, այդ թվում` ուղղափառ, կաթոլիկ եւ որոշ բողոքական եկեղեցիների հետ:

Զեկույցում ասված է, որ բնակչության մեծ մասը բացասական վերաբերմունք ունի «Եհովայի վկաներ» խմբի հանդեպ, որովհետեւ «եհովականները հրաժարվում են ծառայել բանակում»: Բացի այդ, կա համատարած կարծիք, որ նրանք «զբաղված են հոգեորսությամբ հատկապես ընչազուրկների շրջանում»: Տեղական մամուլում հրապարակվող հոդվածներում երբեմն կասկածամտություն է նկատվում ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Զեկույցում ասված է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, հրեական համայնքը չի հաղորդել որեւէ միջադեպի կամ վիրավորական վերաբերմունքի մասին: