Նավթի, ոսկու եւ ցորենի գներն աճում են

20/09/2007

Նյու Յորքում նավթի գները երեքշաբթի օրը նոր ռեկորդային մակարդակի են հասել: Նյու Յորքի ապրանքային սակարանում կայացած աճուրդի արդյունքում «սեւ ոսկին» թանկացել է 94 ցենտով՝ բարելի դիմաց մինչեւ 81,51 դոլար: Վերջին 27 տարվա ընթացքում ռեկորդային նշագծի են հասել նաեւ ոսկու համաշխարհային գները: Նյու Յորքի ապրանքային սակարանում կայացած վերջին աճուրդի ընթացքում ոսկու՝ դեկտեմբերի մատակարարման ապառնագրերի գինն աճել է 1,3 %-ով եւ հասել ունցիայի դիմաց 733,4 դոլար ռեկորդային ցուցանիշի: Բացարձակ ռեկորդը գրանցվել է 1980թ. հունվարին, երբ ունցիա ոսկու արժեքը կազմել էր 873 դոլար: Փորձագետները ոսկու գների ներկայիս աճը կապում են ԱՄՆ-ի Դաշնային պահուստային բանկի՝ հաշվադրույքը 5,25-ից մինչեւ 4,75 % կրճատելու որոշման հետ, ինչը հանգեցրել է եվրոյի նկատմամբ ամերիկյան դոլարի փոխարժեքի նոր պատմական անկման: Կտրուկ աճել է նաեւ ցորենի գինը: Եվ սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ավստրալիայի կառավարությունը 31 %-ով նվազեցրեց երկրում ապագա բերքի չափերը: Ավստրալացի ֆերմերներն այս տարի կարող են հավաքել միայն 15,5 մլն մետրական տոննա ցորեն: Դա Ավստրալիայում ամենացածր բերքն է վերջին 26 տարվա ընթացքում: Չիկագոյի հացահատիկի խոշորագույն սակարանն այդ հաղորդագրությանն արձագանքել է բուշել ցորենի գնի մինչեւ 8,98 դոլար ավելացմամբ: Եվրամիության հացահատիկի առաջատար Փարիզյան բորսայում նոյեմբերի մատակարարման 1 տոննա ցորենի գինը չորեքշաբթի օրը հասել է 265,5 եվրոյի (368,16 դոլար): Հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգի սակարանում 1 տոննա ցորենը չորեքշաբթի օրն արժեր 456,31 դոլար: