Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում

12/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Վիլեն Սուքիասյանը Կոմկուսի Արաբկիրի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարն է այժմ: Վիլեն Սուքիասյանի մասին ես գրում եմ, որովհետեւ, իմ համեստ կարծիքով, նա պատմական արժեք է: Սույն մտքին ես հանգել եմ ոչ միայն Վիլեն Սուքիասյանի հետ շփման արդյունքում. այդ մասին պնդում են նրան ճանաչողները, բոլո՛րը:

Վիլեն Սուքիասյանն անդավաճան կոմունիստ է: Նման բան մեր օրերում սակավ է պատահում: Վիլեն Սուքիասյանն, ահա, այդպիսին է: Նրան նույնիսկ «պրիզնատ» է գալիս ամենասոցիալիստական՝ Կուբայի Հանրապետությունը: Չի՛ք այնպիսի մի ներկայացուցիչ Կուբայից, որին քամին բերի մեր կողմերն, ու նա իր պարտքը չհամարի այցելել Վիլեն Գեորգեւիչին: Վերջերս Հայաստան այցելած Կուբայի դեսպանն ասել է՝ «Միայն իմանաք՝ ինչ են խոսում մեզ մոտ՝ Կենտկոմում ու մինիստրություններում, Սուքիասյանի մասին»: «Ի՞նչ պիտի խոսեն. ի՞նչ կամ՝ էդ էլ պետք է խոսեն»,- ասում է Վիլեն Սուքիասյանը: Նա Կուբայի համար շատ բան է արել: 1961 թվականին ինժեներ-մեխանիկ Վիլեն Գեւորգի Սուքիասյանը կուսակցության «նապրավլենիով» մեկնում է Կուբա: Վ. Գեորգեւիչը 19 տարի աշխատել է Ֆիդել Կաստրոյի հետ: Նրանք երկուսով նույնիսկ մի կնոջ են սիրահարվել՝ Էվա Հիմենեսին: Վիլեն Գեորգեւիչն այս մասին համեստորեն լռում է: Այդ մասին պատմեց նրա կինը՝ Զինաիդան, առանց որի Վիլեն Սուքիասյանի կյանքն առանձնապես երջանիկ ընթացք չէր ունենա: Այդ մասին ընկեր Սուքիասյանն ինքն էլ է խոստովանում: Ասում է՝ «Չլիներ կինս՝ ես վաղուց էի ոտքերս ձգել. նա իմ սիրելի, սիրելի, սիրելին է: Անընդհատ ուզում եմ ասել՝ մեռնեմ մռութիդ»: Մի քանի օր առաջ ընկեր Վիլենին այցելել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խորխե Մարտի Մարտինեսը՝ տիկնոջ հետ: Սուքիասյանների ընտանիքը նրան ավանդական քուֆթայով է պատվել: «Տեսնեիր՝ մարդ ու կնիկ ի՜նչ ռուսերեն էին խոսում, քեֆդ կգար»,- ասում է ընկեր Սուքիասյանը: Իսկ դեսպանն ու իր տիկինն այնքան են հիացել հայկական քուֆթայով, որ դեսպանն այդ մասին հեռուստատեսությամբ էլ է ասել: «Ասաց՝ էդ ի՜նչ հրաշք ճաշատեսակ է, չեմ կարողանում մոռանալ»,- պատմում է ընկեր Սուքիասյանը:

Վիլեն Սուքիասյանը Կոմկուսի Արաբկիրի գրասենյակը տեղափոխել է տուն: Որովհետեւ փող չկա, ու տանը հարմար է: Ե՛վ լույսի վարձն է պակաս վճարում, եւ՛ մնացած ծախսերը: Աշխատասենյակը մինի-թանգարան է՝ Ֆիդել Կաստրոյի դիմանկարը, նրա անդավաճան զինակցի՝ Էռնեստո Չե Գեւարայի, Դերժավինի, նաեւ այն նավը՝ կաշվի վրա պատկերված, որ Կաստրոյին ու իր զինակիցներին տարագրությունից Հայրենիք վերադարձրեց, իհարկե՝ Լենինի կիսանդրին, պատմական արժեք ունեցող բազմաթիվ լուսանկարներ:

– Վիլեն Գեորգեւիչ, ինչպիսի՞ մարդ էր Ֆիդել Կաստրոն, ժողովուրդը սիրո՞ւմ էր նրան:

– Ի՞նչ եք ասում, ինչ եք ասում՝ շա՜տ, շա՜տ, պաշտում էին, որովհետեւ ինքը նվիրված էր իր ժողովրդին: Կային այնտեղ մարդիկ, որ թշնամի էին, բայց պլոճիկ չունեին` Ֆիդելի դեմ ինչ-որ բաներ խոսեին: Կուբայում աշխատելու իմ առաջին տարին երբ լրացավ, տուն պետք է վերադառնայինք, Ֆիդելը մեզ ճանապարհում էր: Դե՛, մենք ահագին գործ էինք արել այնտեղ, դպրոց էինք կառուցել, ես էլ շինարարության պետ եմ եղել, եկան ասին` Ֆիդել Կաստրոն քեզ կանչում ա: Ես էլ ասի՝ «Շեֆս թող ասի՝ նոր կգնամ»: Շեֆս եկավ-ասաց, գնացի: Գնացի, ձեռք տվի Ֆիդելին, լուսանկարիչն եկավ նկարեց, ասաց՝ «Գիտե՞ք, հայ է»: «Հա՞յ ես»,- հարցրեց: Ասի՝ «Հա, ի՞նչ կա որ»: «Յա՜,- զարմացավ,- չե՞ս մնալու մեզ հետ աշխատես»: «Դե,- ասի,- որ պայմանագիր կապեք, խի՞ չեմ մնա»:

– Միայն գործնական շփում է եղե՞լ, թե՞ ընկերական-մտերմիկ էլ՝ խնջույքներ, ուտել-խմել…

– Էդ էլ ա եղել, բա ո՞նց, էնքան ենք իրար հետ նստել, կերել-խմել, խորոված եմ արել՝ կերել են:

– Իսկ ի՞նչ էիք խմում Ֆիդելի հետ:

– Իրենց ռոմը, մեր կոնյակը… Մեր կոնյակի համար խելքը գնում էր: Մի օր վեր կացավ, խոսեց նույնիսկ՝ «Մենք լսել ենք ֆրանսիական կոնյակ, հըլը հայկական կոնյակը խմեք՝ տեսեք ինչ է»:

– Իսկ կոնֆլիկտներ չէի՞ն լինում:

– Մի անգամ էսպիսի մի դեպք եղավ. մի մինիստր կար, հակասովետական էր, ես այդ հարցը բարձրացրի, ինձ դեսպանատանը կպան՝ «Դու ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել, ի՞նչ ես ներկայացնում», թթված եկա մինիստրություն, Կառլոս Ռաֆայելովիչ կար, հին կոմունիստ, Կուբայի երրորդ դեմքն էր, ասաց՝ «Ի՞նչ ա եղել, էս ի՞նչ ա քո դեմքը», դե ինձ միշտ ժպիտը դեմքիս էին տեսնում: Ասի՝ «զզվել եմ, ես հետ եմ գնում»: Ասաց՝ ինչո՞ւ: Ասի՝ «Հենց ընենց»: Ասաց՝ «Դե, հըլը անցի կաբինետ»: Մտա կաբինետ, մեկ էլ, մի քիչ հետո՝ զանգ: Կանչում են ներքեւ՝ թե ավտո է եկել քո հետեւից: Իջա, տեսա ավտո է, դուռը բացեցի, նստեցի, չեմ էլ հարցնում՝ ո՞ւր են տանում, անհարմար եմ զգում: Տարան Ֆիդելի մոտ: Ֆիդելն ինձ գրկեց ու ասաց՝ «Պրադալժայտե վ տոմ ժե դուխե, նե աբրաշչայտե վնիմանիե, ես ձեր «պասոլին» էլ կզգուշացնեմ»… Էդպես էինք աշխատում:

– Լա՞վ ժողովուրդ են կուբացիները:

– Շատ հյուրասեր ժողովուրդ են: Եթե իմացան՝ հյուր ես ու Սովետից, խելքները գնում ա, մենակ թե լավություն անեն: Շատ բարեհամբույր են: Ոչ մի տեղ չեք տեսնի, որ իրար հետ կռիվ անեն, իրար անպատվեն, խոսելիս միայն ժպիտով են խոսում: Անգամ, եթե չես հասկանում, ասում են՝ «Իմ սիրտն այդպիսին չէ, այսպիսին է», հայերի նման չեն ասում՝ «Դե՛ ձենդ կտրի, է՛»:

Երկրաշարժի ժամանակ կհիշեք, ոնց էին օգնում մեզ, ինչքան արյուն տվեցին: Նախ Ֆիդելն ինքը եկավ արյուն տվեց: Հետո ասում էին՝ մենք հայերի հետ եղբայրներ ենք, մեր արյունները նույնն են արդեն: Ղարաբաղյան պատերազմի տարիներին ես մեկ էստեղ էի, մեկ՝ էնտեղ: Մի հանդիպման ժամանակ Կաստրոն ասաց՝ «Լավ, մեր երկիրը տասնյակ տարիներ է բլոկադայի մեջ եղել, բայց մեզ մոտ գոնե տաք է, դուք ինչպե՞ս եք ապրում այդպիսի մութ ու ցուրտ պայմաններում»:

– Սովետական իշխանության փլուզմանն ինչպե՞ս էր վերաբերվում Կաստրոն:

– Երբ Գորբաչովը եկավ Կուբա՝ ասֆալտը օդանավակայանից մինչեւ Կենտկոմ փոխել էին, ճոխ դիմավորեցին: Ռաիսայի հետ էր Գորբաչովը: Ֆիդելը հյուրերին շատ ջերմ էր ընդունում ու ճանապարհում: Բայց այդ անգամ, ճանապարհելուց, Ռաիսային մի թեթեւ ձեռքով արեց, Գորբաչովը երկու աստիճան բարձրացավ (դե՛, Ֆիդելը շատ բոյով էր), որ ինքն էլ հրաժեշտ տա, բայց Ֆիդելը շուռ եկավ ու գնաց: Երկու օր հետո Կուբայական ինչ-որ տոն էր. Ֆիդելը վեր կացավ ասեց. «Եթե մի օր լույսը բացվի ու մենք մնացած լինենք սոցիալիստական միակ երկիրը, փառք ու պատվով դրոշը կտանենք մինչեւ հաղթանակ»: Մայիսի 2-ին էլ Ռաուլ Կաստրոն ելույթ ունեցավ, բա թե՝ «ես ստալինական եմ, ես Ստալինին պաշտում եմ, մենք Ստալինի գծով պիտի գնանք», ու այնպես խոսեց՝ մտքիս մեջ ասացի՝ ա՛յ մարդ, ի՞նչ ա պատահել սրանց: Նրանք արդեն գիտեին, որ Գորբաչովը Սովետը քանդում ա: Ու հարաբերությունները Սովետի հետ փոխվեցին: