Դասականը վերադառնում է

20/09/2007

Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը, որը մեկնարկել է երեկ եւ ավարտվելու է սեպտեմբերի 30-ին, շատ խորհրդանշական ուղերձ ունի:

Այն մեկ փառատոնի շրջանակներում է հավաքել հայազգի աշխարհահռչակ երաժիշտների, որոնք ելույթներ են ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում, եւ հազվադեպ են Հայաստան գալիս: Դասական երաժշտության միջոցով փառատոնը հայերի ուշադրությունն է հրավիրում արտագաղթի եւ հայրենադարձության խնդիրների վրա: Փառատոնի կազմակերպիչներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամն ու գերմանական «Վիլս» փառատոնը, որի հիմնադիրը դիրիժոր Վլադիմիր Խաչատրյանն է: Հիմնադրամի տնօրեն Մարիամ Շահինյանը նշեց, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ հայ երաժիշտներ կան, որոնք տարբեր պատճառներով հայրենի հողում համերգներ չեն ունենում: Այս համատեղ համերգային փառատոնը նրանց հանդիպման առիթ է տալիս, իսկ հայ հանդիսատեսին լավ երաժշտություն նվիրում: Փառատոնը կոչ է անում աշխարհասփյուռ հայերին սեփական հողում արարել:

Փառատոնի մասնակիցներն են Բելգիայի Էլիզաբեթ թագուհու մրցույթի ոսկե մեդալակիր, երիտասարդ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, ջութակահար Կարեն Խաչատրյանը, դաշնակահարուհիներ Սվետլանա Նավասարդյանը, Լուսինե Խաչատրյանը, Գայանե Շարլույանը: Ելույթ կունենա նաեւ երիտասարդ «Նարեկացի» կամերային նվագախումբը` դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ: Բոլոր երաժիշտներն էլ խոստովանում են, որ իրենց համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում ելույթ ունենալը: «Վերադարձը», որը անցնում է ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, վկայում է, որ հայ հանդիսատեսը լավ երաժշտության կարիքը զգում է: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է հայ երաժիշտների հետ նաեւ վարպետության դասեր անցկացնել: Փառատոնի վերջին համերգային ծրագիրը կազմված կլինի հայ կոմպոզիտորների` Ալեքսանդր Հարությունյանի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից: Կազմակերպիչները հուսով են, որ այս փառատոնն ավանդական կդառնա: