Մարտի 12-ին Փարիզում անցկացված գեղեցկության մրցույթում հաղթեց Գերմանիայի քաղաքացի՝ բնավ էլ ոչ գերմանական անուն-ազգանունով, ազգությամբ պարսկուհի, 22-ամյա Շերմին Շահրիվարը: 18-ամյա հայուհի Լուսինե Թովմասյանը երկրորդն էր: «Վիցե-միսս» տիտղոսին արժանանալն իհարկե մեծ հաղթանակ է, թեեւ կարելի է ասել՝ մեր աղջիկն ավելի հմայիչ ու գեղեցիկ էր, քան միսս Եվրոպան: Նաեւ՝ ավելի բարձրահասակ ու նրբագեղ: Բայց դա արդեն ճաշակի հարց է: Գերմանիան արեւելյան դիմագծեր ուներ, իսկ մենք՝ ավելի եվրոպական: Քաղաքական պատճառաբանումներ ու բացատրություններ փնտրել պետք չէ, մրցույթները միշտ էլ մատուցվում են որպես երազանքներին հասնելու հեքիաթային միջոց: Մի պահ միայն, ու ընտրվում է ամենագեղեցիկը, ում համար սկսվում է կյանքի նոր փուլ՝ փայլով եւ ուշադրությամբ լի: Մրցույթի հեղինակավոր ժյուրիի նախագահ՝ մոդել Ադրիանա Սկլենարիկովա-Կարամբեն ասել էր. «Հաղթողը պետք է դուր գա բոլորին, իր արժանիքներն ակնհայտ պիտի լինեն յուրաքանչյուրի համար: Դա պիտի լինի այն աղջիկը, ում նայելիս մարդիկ կմոռանան մյուս 35 մասնակիցների մասին»: Գեղեցկությունը հզոր ուժ է, իսկ բնական ու անկաշկանդ ձեւով սեփական գեղեցկությունը ներկայացնելը՝ բարդ մասնագիտություն: Լուսինե Թովմասյանը փորձ ունեցող մոդել է, աշխատել է տարբեր երկրներում՝ եւ՛ որպես պոդիումի մոդել, եւ՛ լուսանկարային կերպար: Նա ունի իր հմայքը մատուցելու ուրույն ոճ՝ կարծես ոչինչ չի անում, միայն անցնում է բեմով կամ նայում լուսանկարից, բայց հասցնում է թողնել լուսավոր տպավորություն: Ունի ժպիտ, որը սարքած չէ, այլ՝ բարի է ու մի քիչ էլ՝ խորամանկ: Ընդհանրապես երեւի հմայիչ լինելն առաջին հերթին նշանակում է` հիշվող լինել: Եվ Լուսինեն հիշվեց: Նրան մեծ թվով մարդիկ տեսան, քանի որ «Միսս Եվրոպա» մրցույթին 250 մլն մարդ էր հետեւում: Աշխատելու առաջարկներ ու պայմանագրեր անպայման կլինեն, նորաձեւությունը միշտ թարմ ու նոր դեմքեր է պահանջում, եւ Լուսինեի համար ամեն ինչ դեռ առջեւում է: «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի ասելով՝ բանակցություններ են ընթանում Լուսինեի «Թոփ-մոդել աշխարհ» ու «Top Intermodel Continental» մրցույթներին մասնակցելու շուրջ:
Լուսինեն ու Շառլ Ազնավուրը
«Հայաստան» բառը մրցույթի ընթացքում հաճախ հնչեց, եւ ոչ միայն` հայ գեղեցկուհու հետ կապված: Ժյուրիի կազմում ընդգրկված մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրին շոուի վարողները մի քանի անգամ հարցրին, թե ո՞ւմ հաղթանակին է ավելի հուզմունքով սպասում՝ ֆրանսուհո՞ւ, թե՞ հայուհու։ Այդ հարցերն Ազնավուրը դիվանագիտորեն շրջանցեց, պատասխանելով, որ երբեք Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ ընտրություն անել չի կարողացել: Շառլ Ազնավուրն ու Լուսինե Թովմասյանը մրցույթից հետո հանդիպել են: «Ես այնքան հուզված էի, նույնիսկ չհասցրեցի Ազնավուրի հետ լուսանկարվել,- ասաց Լուսինեն։ -Նա ինձ շնորհավորեց ու հարցրեց՝ խոսո՞ւմ եմ ֆրանսերեն: Երբ պատասխանեցի՝ ոչ, ասաց՝ անպայման սովորիր»: Մոդելների՝ իբրեւ դատարկագլուխ, գեղեցիկ տիկնիկների մասին պատկերացումն արդեն արդիական չէ, այժմ նրանց ինտելեկտն ու կրթությունը շատ բարձր են գնահատվում: 36 եվրոպական գեղեցկուհիների շարքում կային քիմիկոսներ, մենեջերներ ու լեզվաբաններ: Լուսինեն, օրինակ, պատրաստվում է հոգեբան դառնալ՝ հասկանալով, որ մոդելի կյանքը հավերժ չէ:
Մի սենյակում՝ երկու տիտղոսակիր
Ֆրանսիայում ու Թունիսում մրցույթից մեկ ամիս առաջ կատարված նկարահանումների ու փորձերի ընթացքում Եվրոպայի գեղեցկուհիներն իրար հետ ծանոթանում, շփվում ու մտքում գնահատում էին եզրափակիչ դուրս գալու ուրիշների ու սեփական շանսերը: «Մենք ակնկալում էինք, որ հնգյակում կընդգրկվենք, բայց իհարկե հաստատ ոչ ոք ոչինչ ասել չէր կարող», – ասաց Կ. Արիստակեսյանը: «Անսպասելի բան չեղավ: Ընթացքում պարզ էր, ով է ավելի լավ քայլում, շարժվում, ով է ավելի բնական: Անգլուհին էր լավը, ֆիննուհին: Իսկ գերմանուհու հետ մենք շատ էինք ընկերացել՝ ես եւ նա մեկ ամիս նույն սենյակում էինք ապրում: Շատ լավ աղջիկ է»,- ասաց Լուսինեն: Նույն սենյակում ապրող գեղեցկուհիները՝ տիտղոսակիր դառնալով, ի դեպ, նույն պարտավորություններն ու իրավունքներն են ձեռք բերել: Այժմ իրենց կյանքն ընթանալու է չափած-ձեւած ու տարիներով ստուգված արարողակարգով, չի ողջունվելու ոչ մի ինքնագործ որոշում՝ նույնիսկ հարցազրույցները պետք է խմբագրվեն: Նաեւ արգելվում է իմիջային փոփոխություններ անել՝ փոխել սանրվածքը, մազերի գույնը: Կ.Արիստակեսյանի ասելով՝ կա նաեւ ծայրահեղ դրույթ՝ ժպտերես ու ուրախ աղջկա իմիջ ունենալու դեպքում, չի կարելի հասարակության մեջ տխուր երեւալ: Իսկ հասարակական վայրերում ալկոհոլ խմելու եւ ծխելու, նաեւ ամուսնանալու դեպքում` գեղեցկուհիները կզրկվեն տիտղոսից: Երկու գեղեցկուհիները նույնանման պայմանագրեր են ստորագրել, ըստ որոնց՝ պարտավորվում են «Միսս Եվրոպա» գործակալության հրավերով մասնակցել գործակալության նախընտրած հեռուստահաղորդումներին եւ ցուցադրություններին, մի խոսքով՝ յուրաքանչյուր քայլ համաձայնեցնել կազմակերպիչների հետ: Հեշտ գործ չէ գեղեցկուհի լինելը, նույնիսկ, եթե երկրորդ գեղեցկուհին ես: Լուսինեն շատ գոհ է եւ՛ մրցույթի արդյունքներից, եւ՛ մրցույթի կազմակերպումից: Իսկ մեկ ամսվա նախապատրաստական աշխատանքներն ընդունում է որպես անհրաժեշտ գործ: «Առավոտվա ժամը 9-ից սկսում էինք բեմականացված պարերի փորձերը, պարապմունքները պարուսույցն էր անցկացնում: Փորձերը հաճախ տեւում էին մինչեւ երեկոյան ժամը 7-8-ը»,- ասաց նա: Թեթեւության ու նրբագեղության ետեւում մեծ աշխատանք է ընկած ու նաեւ՝ մեծ փողեր: Թեեւ Լուսինեն դրամային մրցանակի չարժանացավ, նրա առջեւ բացվեցին Եվրոպայի դռները, կամ թեկուզ՝ պատուհանները: Գեղեցկությունը հաճախ դիվանագիտությունից ավելի ազդեցիկ է, իզուր չէ, որ «միսս Եվրոպային» «Եվրոպայի դեսպան» են կոչում: Մենք էլ դարձանք Եվրոպայի փոխդեսպան: Գեղեցկության ոլորտում, իհարկե: