ԱՄՆ-ը Թուրքիայի նորընտիր ղեկավարներին համարում է ԱՄՆ-ի բարեկամներ եւ կոչ է անում լուրջ եւ վճռական քաղաքական քայլեր կատարել՝ հրաժարվել Իրանի հետ էներգետիկ համագործակցության գործարքից, բացել Հայաստանի հետ սահմանը, վերացնել խոսքի ազատության խոչընդոտները, վերաբացել Հույն ուղղափառ եկեղեցու կրոնական դպրոցը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը: «Թըրքիշ դեյլի նյուզի» փոխանցմամբ՝ Ատլանտյան խորհրդում շաբաթավերջին անցկացված հանդիպման ժամանակ իր ելույթում Բըրնսն անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարներին ու մարտահրավերներին: «Մենք ողջունում ենք նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությունը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը՝ նշելով, որ Գյուլի եւ Էրդողանի դաշինքն ԱՄՆ-ի համար շատ դրական է: Նրա խոսքերով՝ Գյուլի ընտրությունը ցույց տվեց Թուրքիայի ժողովրդավարության հասունությունը: Պետքարտուղարի տեղակալը Թուրքիային կոչ է արել հետ կանգնել Իրանի հետ էներգետիկ համագործակցության ծրագրից, որի վերաբերյալ այս ամռանը պաշտոնական Անկարայի եւ Թեհրանի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: «Հիմա ժամանակը չէ Իրանի հետ բիզնեսի համար»,- հայտարարել է Բըրնսը: Ամերիկացի դիվանագետը Թուրքիային հորդորել է նաեւ Քրեական օրենսգրքից հանել խոսքի ազատությունը սահմանափակող 301 պատժիչ հոդվածը: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Նիկոլաս Բըրնսն ասել է, թե ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում: Միաժամանակ, նա Թուրքիային հորդորել է վերակառուցել հարաբերությունները ՀՀ-ի հետ. «Մենք կոչ ենք անում Թուրքիային նորմալացնել հարաբերությունները եւ բացել սահմանը Հայաստանի հետ»: Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մեկնելու է ԱՄՆ, ուր հանդիպելու է Ջորջ Բուշի հետ: