Արդեն սովորական է դարձել, որ գրեթե 10 տարի Հայաստանում իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն այդ տարիներին արձանագրված դրական տեղաշարժերը վերագրում է իրեն՝ միաժամանակ բացասականը բարդելով ուրիշների վրա:
Իսկ ՀՀ Ազգային ժողովի վերջին ընտրությունից հետո մի շարք պաշտոններ ստացած ՀՅԴ ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, որ իրենք այլընտրանք են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Եվ հիմա, իրենց «ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն» համարող դաշնակցականները, կամ ինչպես մասնավոր զրույցներից մեկում դիպուկ նկատեց մի ՀՀԿ-ական՝ մերօրյա քաղաքական հերմաֆրոդիտները, հայտարարում են, թե իրենք անպայման նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու են սեփական թեկնածուով ու չեն սատարելու իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին (թեեւ հավանաբար այդկերպ մասնակցելով ավելի շատ կօգնեն Ս. Սարգսյանին, քան ուղղակիորեն նրան սատարելով): Օրերս ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանն ասել էր, թե ՀՅԴ-ն «դրական ընդդիմություն է»: Իսկ Շուշիում անցկացվող ՀՅԴ Գերագույն ժողովի բացման ժամանակ ՀՅԴ-ականները հերթական անգամ հայտարարել էին, թե իրենք իշխանության մեջ են՝ որոշ կոնկրետ հարցեր լուծելու նպատակով, իսկ իշխանությունների բացասական քայլերի հետ կապ չունեն: ՀՅԴ-ականների նման դիրքորոշման վերաբերյալ ի՞նչ կարծիքի է ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-I նորաթուխ փոխանախագահ Գալուստ Սահակյանը: Պարզվեց՝ ՀՀԿ-ն էլ է արդեն համակերպվել, որ «ցանկացած ընտրության պահին, բոլոր սեւ գույները փորձում են վերագրել ՀՀԿ-ին, իսկ լավագույն մասը՝ վերցնել»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ «դրական ընդդիմություն» լինելու մասին հայտարարությանը, ապա, ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում նշեց Գ. Սահակյանը, «դրական, բացասական ո՛չ ընդդիմություն է լինում, ո՛չ էլ դիմություն»: «Դաշտը գործում է՝ ընդդիմության ճամբար եւ դիմության քաղաքական կուսակցությունների ճամբար: Մնացած բոլոր դրսեւորումները սեթեւեթանքներ են, եւ յուրաքանչյուրն իր գործունեության համար, ի վերջո, ինչ-որ տեղ պատասխան է տալիս»,- շարունակեց ՀՀԿ փոխնախագահը: Վերջինս նաեւ որոշ ակնարկ-խորհուրդներ տվեց ՀՅԴ-ին: Գ. Սահակյանի խոսքերով՝ եթե առաջիկա ընտրությանն էլ է ՀՅԴ-ն մասնակցելու «ընդդիմադիր թիկնոցով», ապա պետք է իշխանության մաս չկազմի, իսկ եթե իշխանության մաս է լինելու՝ պետք է իշխանական կուսակցությունների հետ գոնե ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերի: «Կա տարբերակ, որ կարող են իրենց իշխանական լծակները կամ նախարարներին հետ կանչել, եւ փորձեն այլ ֆորմատով հանդես գալ: Հնարավոր եմ համարում նաեւ, որ պահպանեն իրենց տեղերը եւ ավելի կոռեկտ ու իշխանական պատասխանատվությամբ մասնակցեն ընտրություններին»,- ասում է Գ. Սահակյանը: Հիշեցնենք, որ օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը գրեթե անհավանական էր համարել, որ նախագահի ընտրությունից առաջ ՀՅԴ-ն հետ կանչի իր նախարարներին ու այլ պաշտոնյաներին: Փաստորեն մնում է պայմանավորվածություններ ձեռք բերելու տարբերակը: Ի դեպ, ՀՀԿ փոխանախագահը երեկ չբացառեց, որ եթե ՀՅԴ-ն սեփական թեկնածուով ու «ընդդիմադիր թիկնոցով» մասնակցի նաեւ նախագահի առաջիկա ընտրությանը, ապա ընտրություններում ՀՀԿ-ի հնարավոր հաղթանակից հետո ՀՀԿ-ն նորից պորտֆելներ կտա ՀՅԴ-ին: Կարճ ասած՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու տարբերակն ամենահավանականն է: Իսկ Գալուստ Սահակյանը «վերլուծել է» ու հանգել այն եզրակացության, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ ՀՀԿ թեկնածուին հավասարազոր թեկնածու չկա: Ըստ նրա, ոչ մի կուսակցություն չի կարող միայնակ հասնել հաջողության, «որովհետեւ միշտ պետք է հիշել, որ տրամաբանորեն կա ժողովուրդ»: Իսկ առաջիկա ընտրությանը ՀՀԿ կառույցներն արդեն 60-70%-ով պատրաստ են:
Դրախտի եւ դժոխքի միջեւ
Երեկ անդրադարձ եղավ նաեւ օրերս «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին վարչապետ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, մասնավորապես՝ զրույցի այն հատվածին, որտեղ Ս. Սարգսյանը նշել էր, թե բոլոր գործարարներն ու քաղաքացիները պետք է հարկերը մուծեն, քանզի «շատ փող ունենալը դեռ չի նշանակում, որ նրանք դրախտ են գնալու եւ ոչ դժոխք»: Ճշգրիտ կանխատեսումներ անողի համարում ունեցող Գալուստ Սահակյանից երեկ լրագրողները փորձեցին պարզել, թե, ըստ նրա, մեր պատգամավորները, օլիգարխները դրա՞խտ, թե՞ դժոխք են գնալու, եւ ո՞ւր է գնալու անձամբ Սերժ Սարգսյանը: «Հումորով պատասխանեմ. վարչապետը գնալու տեղ չունի, ինքն է որոշում՝ ո՞վ դրախտ գնա, ով՝ դժոխք,- նշեց ՀՀԿ փոխնախագահն ու անցավ պատասխանի՝ իր խոսքերով՝ ավելի լուրջ տարբերակի,- Դա պարզապես խոսք չէր, հայտարարություն չէր: Ես հուսով եմ, որ հենց այդպես էլ կլինի: Կառավարությունն իր հաշվարկներն ունի, թե համախառն արդյունքն ինչքան է, եւ ինչքան պետք է հարկահանություն կատարվի: Սա քաղաքական հավատամք է, եւ այդ ռազմավարությունն այդ արդյունքներն անշուշտ տալու է»: Նա համաձայն չէր լրագրողների այն տեսակետի հետ, թե վարչապետի այդ հարցազրույցից տպավորություն ստացվեց, որ վերջինս ներկայացնում էր իր նախընտրական ծրագիրը: Բանասեր Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի խոսքում նկատել է մեր երկրի ապագա զարգացումները նախանշող «մասունքներ»: