Բացահայտենք ինքներս մեզ

19/09/2007

Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ երեկ ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով, պետբյուջեի հարկային մուտքերի հավաքագրման եւ գերավճարների կուտակման, ապրանքների ներմուծման եւ իրացման շղթայում ստվերային շրջանառությունների հարկման միջոցով Հարկային հավաքագրումների մակարդակի բարձրացման նպատակով, որը ղեկավարելու է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներ կան նաեւ նախագահի աշխատակազմից, Մաքսային պետական կոմիտեից, Ոստիկանությունից, ԱԱԾ-ից եւ Գլխավոր դատախազությունից:

Ռ. Քոչարյանը երեկ հանձնաժողովականներին ասել է, թե համախառն ներքին արդյունքի մեջ հարկային եկամուտների տոկոսը պետք է լինի այնպիսին, ինչպիսին քաղաքակիրթ երկրներում է: Ըստ Ռ. Քոչարյանի` հանձնաժողովն իր գործունեությամբ պետք է «լուրջ ազդակ հաղորդի, որ չկան անձեռնմխելի մարդիկ, ոլորտներ, եւ որեւէ տանիք որեւէ մեկի համար չի կարող ծառայել, պետք է աշխատել միմիայն օրինական դաշտում»: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե այսօր կան երեւույթներ, որոնք չեն կարող լինել առանց պետական կառույցների հովանավորչության: «Հովանավորչություն իրականացնողները պետք է բացահայտվեն եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը: Փաստորեն, այս հանձնաժողովն իրականում իրականացնելու է այն սուպերլիազորություններ ունեցող վերահսկողական մարմնի աշխատանքը, որի ստեղծման մասին խոսվում էր վերջին մի քանի ամիսներին: