Մթերվելու է 120.000 տոննա խաղող

19/09/2007

Խաղողի մթերման սեզոնն արդեն սկսվել է, եւ կոնյակ, գինի, շամպայն արտադրող գործարաններն իրար հետեւից հրապարակում են, թե այս տարի որքան հումք են ընդունելու: Առաջինն, ինչպես միշտ, «Երեւանի կոնյակի գործարանն է» (ԵԿԳ), որը սեպտեմբերի 15-ից առաջինն է սկսել մթերումը եւ պլանավորել է գնել 28.700 տոննա խաղող: ԵԿԳ-ն այս տարի 1 կգ խաղողը մթերելու է 133 դրամով` 2006թ. 130 դրամի փոխարեն: Խաղողի ընդունման ծավալներով հաջորդը «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատն» է: Գործարանի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի խոսքով` կոմբինատն այս տարի 1 կգ-ը 135 դրամով մթերելու է 20.000 տոննա խաղող: Մթերումը սկսելու են սեպտեմբերի 20-ից: Առայժմ մթերող գործարանների մեջ խաղողի համար ամենաբարձր գինը տալիս է այս ընկերությունը: Ընկերությունը տարեցտարի ավելացնում է թե՛ մթերման, թե՛ արտադրության եւ թե՛ արտահանման ծավալները: Կոմբինատի «Նոյ» կոնյակն արդեն արտահանվում է ԱՊՀ եւ եվրոպական 18 երկրներ: Հայաստանում իրացվում է արտադրանքի ընդամենը 3 տոկոսը: Եթե 2006թ. 9 ամիսներին կոմբինատն արտահանել է 930.000 լիտր կոնյակ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արտահանել է 2 մլն 358 հազար լիտր կոնյակ: Իսկ ահա «Երեւանի շամպայն գինիների» գործարանը նվազեցնում է թե՛ արտադրության, եւ թե՛ արտահանման ծավալները: Պատճառը դոլարի արժեզրկումն է: Գործարանի պատասխանատուները դեռ չգիտեն, թե այս տարի որքան խաղող են մթերելու, բայց գիտեն, որ չեն արտահանելու: Դոլարի արժեզրկման պատճառով Հայաստանում արտադրված ապրանքի ինքնարժեքը բարձրանում է եւ արտասահմանում դառնում է պակաս մրցունակ: Այս գործարանն արտադրելու է այնքան, որքան սպառվելու է միայն Հայաստանի շուկայում: Ըստ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի` այս տարի մթերվելու է արտադրված խաղողի կեսը՝ մոտ 120.000 տոննա` նախորդ տարվա 100.000 տոննայի փոխարեն: Այս տարի սպասվում է մոտ 220.000 տոննա խաղող, ինչը 20.000 տոննայով ավելի է խաղողի նախորդ տարվա բերքից: