Կրկին ծեծի է ենթարկվել Հովհաննես Գալաջյանը

19/09/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Սեպտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում անհայտ անձինք ծեծել են «Իսկական Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին: Դեպքը տեղի է ունեցել խմբագրության միջանցքում` աստիճանների մոտ, երբ Հ. Գալաջյանը, իր իսկ խոսքերով, գնում էր դիմավորելու որպես «Ազգ» օրաթերթի թղթակից ներկայացած ոմն Մանուկի:

Հ. Գալաջյանի պատմելով, սկզբում իր վրա հարձակվել է մեկ հոգի` երկաթե մահակով, որին ինքը կարողացել է «տապալել գետնին», սակայն դրանից հետո ավելացել է եւս մեկը, ու կրկին երկաթե մահակով հարվածել է Հ. Գալաջյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին: Հովհաննես Գալաջյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Երկաթե մահակի հարվածից ստացած վնասվածքների պատճառով Հ.Գալաջյանի գլխին վեց կար են դրել:

Հ. Գալաջյանի պատմելով` դեպքից մի քանի ժամ առաջ իրեն զանգահարել է Մանուկ անունով մի երիտասարդ, ներկայացել որպես «Ազգ» թերթի թղթակից ու ցանկություն հայտնել հանդիպել իր հետ: Հ. Գալաջյանը Մանուկին հրավիրել է խմբագրություն, սակայն ժամը 18:45-ին Գալաջյանին անծանոթ «լրագրողը» զանգահարել է իրեն` ասելով, թե ցերեկով եկել-փնտրել է Հ.Գալաջյանի նկարագրած «Իսկական Իրավունք» թերթի խմբագրությունը, սակայն չի գտել: «Ես նրան առաջարկեցի, որ ուղիղ ժամը 19:00-ին իրեն կդիմավորեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ու երբ իջնում էի դիմավորելու, երրորդ-չորրորդ հարկերի արանքում` կեպկայով մի երիտասարդ դուբինկայով անմիջապես հարվածեց գլխիս: Ես միանգամից հարձակվեցի նրա վրա ու նրան տապալեցի գետնին: Արդեն համարյա թե խլել էի մահակը, երբ էլի մահակի հարվածներ զգացի գլխիս եւ այլ տեղերիս: Տեսա մեկ ուրիշ երիտասարդի: Ես փորձում էի այդ երկուսի հարվածներից մի կերպ պաշտպանվել: Հետո թողեցին` փախան, ես մի կերպ բարձրացա վեցերորդ հարկ, կարողացա զանգահարել Հայկ Բաբուխանյանին, պատմել կատարվածը»,- պատմել է Հովհաննես Գալաջյանը: Ինչպես նախորդ` մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ այս դեպքը Հ. Գալաջյանն ու «Իսկական Իրավունքի» խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը կապում են ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի եւ ՍԻՄ անդամներ Կարեն ու Սուրեն Վարդանյանների հետ: Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերի 6-ին Հ. Գալաջյանը դարձյալ ծեծի էր ենթարկվել, որի համար նա կրկին մեղադրում էր նշված ՍԻՄ-ականներին: «Մենք ոչ թե կասկածներ ունենք, այլ ունենք փաստեր,- կատարվածի համար Հ. Խաչատրյանի շրջապատին մեղադրել է Հայկ Բաբուխանյանը` թվարկելով իր «փաստարկները»,- Մեկ տարվա ընթացքում Գալաջյանը երկու անգամ ֆիզիկական հարձակման է ենթարկվել, բայց ամեն օր նա ենթարկվել է հոգեբանական հարձակման, վիրավորանքների է արժանացել: Նա ամեն օր ստորացումների, ինքնասիրության ոտնահարման է ենթարկվել, ինչի մասին բազմիցս հայտնել ենք: Մարդուն հանել են աշխատանքից. ստրկատիրական հասարակարգում այդպես չէին հանում աշխատանքից, ճորտերի հետ այդպես չէին վարվում, ինչպես Գալաջյանի հետ, ով 18 տարի ստեղծել էր թերթը: Բայց մի օրում դուռը ջարդեցին` մտան: Մարդու անձնական իրերն են վերցրել եւ չեն վերադարձնում, մարդու ազատման հրամանը չեն տալիս: Չի կարելի մարդուն ամեն օր հետապնդել, այն էլ այն մարդուն, որը Հայաստանում համար մեկ թերթի ստեղծողն է, Հայաստանի համար 2 տարի մարդը մասնակցել է Արցախում պատերազմական գործողություններին: Չի կարելի մարդուն մեկ տարի ասել, որ՝ դու քաղաքացիական իրավունք չունես երկրում»,- ասել է Բաբուխանյանը:

Դեպքի օրը, քննչական նախնական գործողություններից հետո իր հիվանդասենյակում կատարվածին գնահատականներ է տվել նաեւ Հովհաննես Գալաջյանը: Նրա ասելով, իր հետ կատարվածը համընկել է Գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումին, որով նա Դատախազությանը խնդրել է ստուգել` արդյոք հնարավո՞ր է` անցյալ տարի իր վրա հարձակման պատվիրատուները լինեն կամ դրա հետ ինչ-որ ձեւով կապ ունենան Հրանտ Խաչատրյանը, Կարեն ու Սուրեն Վարդանյանները: «Չգիտեմ, միգուցե կարող է պատահել եւ այդ ուղղությունը, բայց միանշանակ պնդել չեմ կարող»,- ասել է Հ. Գալաջյանը:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` դատապարտելով կատարվածը, երեկ ասաց, թե սա Բաբուխանյանի կողմից իրեն ուղղված հերթական զրպարտչական գործողությունն է, իսկ «Գալաջյանը պարզամտորեն հավատում է այն ամենին, ինչ իրեն մատուցում է Հայկ Բաբուխանյանը»: Հ. Խաչատրյանի խոսքերով, պարզելու համար, թե իրականում ով է ծեծել Հ. Գալաջյանին, իրենք էլ են հետաքննություն անցկացնում: Իսկ Կարեն Վարդանյանը` դատապարտելուց հետո տեղի ունեցածը, մեզ հետ զրույցում Հայկ Բաբուխանյանին անվանեց «սովորական պրովոկատոր». «Արդեն երկրորդ անգամն է նման դեպք տեղի ունենում, սակայն զարմանալիորեն դա տեղի է ունենում ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Հայկ Բաբուխանյանը քրեական հատվածում պրոբլեմներ է ունենում: Առաջին անգամ, երբ Հ. Գալաջյանին ծեծի ենթարկեցին, տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի կազմակերպած ՍԻՄ հեղաշրջումը: Հայկ Բաբուխանյանն ուզում էր տուժածի կերպար ձեւավորել,- ասում է Կ. Վարդանյանը,- Իսկ երկրորդ, այսինքն` այս դեպքը եղավ այն ժամանակ, երբ նորից Հայկ Բաբուխանյանին տուժածի կերպար է հարկավոր ձեւավորել, որովհետեւ Բաբուխանյանի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան: Իսկապես շատ տարօրինակ զուգադիպությամբ Գալաջյանի ծեծերը համընկնում են Հայկ Բաբուխանյանի համար շատ կարեւոր օրհասական փուլերում»: Կարեն Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քրեական գործերի մասին է խոսքը: Ի պատասխան նա նշեց. «Կան փաստաթղթերի կեղծման բազմաթիվ փաստեր, եւ Դատախազությունը հիմա դրանք է ուսումնասիրում»: Իսկ պատասխանելով հարցին, թե դրանք ի՞նչ կապ ունեն Հ. Բաբուխանյանի հետ, Կ. Վարդանյանն ասաց. «Հ. Բաբուխանյանը հայտարարել էր, թե ՍԻՄ-ի կնիքը կորել է, սակայն այս ժամանակահատվածում ՍԻՄ-ի «կորած» կնիքը բազմաթիվ տեղերում օգտագործվել է»: Կ. Վարդանյանի հավաստմամբ` այս գործով այժմ քննություն է իրականացվում: Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են Գալաջյանի հետ կատարվածը նորից կապում իրենց անվան հետ, ինչին ի պատասխան՝ Կ. Վարդանյանն ասաց. «Բաբուխանյանը հայտնի պրովոկատոր է: Նա արդեն կորցրել է բոլոր կարգի արժանիքները: Նա չունի ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ քաղաքական գործչի արժանապատվություն: Նա սովորական պրովոկատոր է, որն օգտագործում է իր մոտիկ ընկերոջ ծեծի առիթը` հերթական պրովոկացիան անելու համար»:

Անկախ նրանից, թե ով ում է մեղադրում, փաստն այն է, որ Հայաստանում հերթական անգամ լրագրող է ծեծի ենթարկվել: Դեռեւս Գալաջյանին ծեծի ենթարկելու առաջին դեպքը չբացահայտված, տեղի է ունենում երկրորդ դեպքը: Իսկ այս պարագայում արդեն անլուրջ է թվում Ոստիկանության երեկվա տարածած հաղորդագրությունը, թե` Հայաստանի Ոստիկանությունը սկսել է «Իսկական Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին ծեծի ենթարկելու մասին գործի նախաքննությունը: Նշենք, որ երեկ Հ. Գալաջյանին էին այցելելու նաեւ դատական բժիշկները: