Էլի ասացին, որ ոչինչ չեն ասելու

19/09/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ստեփանակերտ այցելելուց հետո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ պարոնայք Ֆասյեն, Մերզլյակովը եւ Բրայզան, Երեւանում հանդիպեցին լրագրողների հետ եւ, ըստ էության, ոչ մի նոր բան չասացին։

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, Ստեփանակերտում իրենք շատ արդյունավետ հանդիպում են ունեցել Բակո Սահակյանի հետ։ Նշենք, որ ԼՂՀ նախագահի մասին մինչ այդ բավական ջերմ արտահայտվել էր նաեւ Մեթյու Բրայզան, ասելով. «Բակո Սահակյանը կառուցողական, ստեղծագործական միտք ունեցող գործչի տպավորություն թողեց»: Բրայզայի ռուսաստանցի գործընկեր Մերզլյակովն ավելացրեց, որ Բակո Սահակյանի հետ հանդիպելով՝ իրենք հետաքրքիր ինֆորմացիա ստացան, որը դեռ պետք է վերլուծել։ Բնականաբար, չնայած այս բարեկամական խոսքերին՝ Բակո Սահակյանի մասին խոսելիս համանախագահներից ոչ մեկը չօգտագործեց «նախագահ» արտահայտությունը: Իսկ դրանից հետո Յուրի Մերզլյակովն ավելացրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո «դրական տպավորություններ» ունեն, եւ դրա «լրացուցիչ խթաններ» է ստեղծում՝ Բաքու մեկնելուց առաջ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ բանակցությունների ձեւաչափի փոփոխության հարցը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը հայտարարել էր, որ դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բանակցային գործընթացում որոշակի փոփոխություններ մտցնել։ Ըստ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի, իրենք չգիտեն, թե Մորատինոսն ինչ է նկատի ունեցել։ Մի բանում, սակայն, նա համոզված է՝ ներկայիս պայմաններում բանակցությունների ձեւաչափը փոխելու մասին խոսք անգամ լինել չի կարող. միջնորդական առաքելությունն ընկած է ԵԱՀԿ Մինսկի խմբի ուսերին, իսկ բանակցությունները վարում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան։ Սրա հետ մեկտեղ, չի բացառվում, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղը վերստին դառնա բանակցությունների մասնակից։ Ֆասյեն համոզված է, որ այդ օրը գալու է, եւ «որքան շուտ, այնքան լավ»։ Իր գործընկերոջ միտքը շարունակեց Մեթյու Բրայզան՝ ասելով, որ Ղարաբաղն այժմ էլ մասնակցում է բանակցային գործընթացին, քանի որ իրենք այցելում են Ղարաբաղ, հանդիպումներ ունենում, լսում կարծիքներ եւ այլն։ Ֆասյեն էլ ավելացրեց, որ իրենք կանոնավոր կերպով այցելում են «Ստեփանակերտ՝ Խանքենդի»։ Լրագրողի այն հարցին, թե հատուկ պայմանավորվածությո՞ւն կա Ստեփանակերտ անունից հետո Խանքենդին ավելացնելու հարցում, ֆրանսիացի համանախագահը պատասխանեց, որ դիտավորյալ է օգտագործում Խանքենդի անունը։ «Ես կկրկնեմ, որովհետեւ կրկնությունը գիտության մայրն է», – ասաց նա՝ իր միտքը բացատրելով Ֆինլանդիա եւ Սուոմի (այդպես են ֆիններն անվանում իրենց երկիրը) անվանումների օրինակով։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի ռազմաշունչ հայտարարություններին, ապա համանախագահները գտնում են, որ դրանք չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Այդուհանդերձ, նրանք նշում են, որ ԼՂՀ-ում եւ Հայաստանում իրենց ունեցած հանդիպումները լավատեսություն են ներշնչում, եւ հույս ունեն, որ Բաքվի հանդիպումները նույնպես արդյունավետ կլինեն։

Յու. Մերզլյակովի խոսքերով, գնալով ավելի քիչ չկարգավորված հարցեր են մնում։ «Չեմ ասում, որ հակամարտության լուծմանը մոտ ենք, սակայն առաջխաղացում կա»,- ասաց նա։ Կառուցողական, պրոդուկտիվ, հետաքրքիր, լավատեսականգ եւ ուրիշ ոչինչ։ Այս բառերը դարձել են համանախագահների ելույթների մշտական ուղեկիցը։ Ոչ մի էական բան չի ասվում։ Այսինքն, ցանկության դեպքում կարելի է մինչեւ լրագրողների հետ հանդիպումը նյութ գրել համանախագահների ասուլիսի մասին։ Մանավանդ, որ, ինչպես երեկ ասաց պրն Մերզլյակովը՝ «Մի հարցրեք մանրամասների մասին, չենք պատասխանի»։

Հ.Գ.
Համանախագահների այս այցի միակ նորությունը թերեւս այն էր, որ նրանք եղել էին Ստեփանակերտում, քանի որ վերջին շրջանում ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, այլեւ տարածաշրջան այցելող տարբեր եվրոպացի պաշտոնյաներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էին Ստեփանակերտ մեկնելուց: