Օգտակար հատկություններով բույսերի նոր սորտեր ստանալու համար նախկինում տարիներ շարունակ աշխատում էր սելեկցիոներների մի քանի սերունդ: Ներկայումս նոր սորտերի ստացումը գրեթե րոպեների հարց է, երբ մի օրգանիզմի գեներն արհեստական ճանապարհով ներմուծվում են մյուսի մեջ: Այս դեպքում գործ ենք ունենում գենետիկորեն փոխանցված (տրանսգեն) օրգանիզմների հետ:
Այս ճանապարհով ստացված սննդամթերքը լուծում է գյուղմթերքի նկատմամբ աշխարհում օրեցօր աճող պահանջարկը: 1992-ին Չինաստանում առաջին անգամ սկսեցին աճեցնել տրանսգեն ծխախոտը, որը բավականին դիմակայուն էր վնասակար միջատների նկատմամբ: Իսկ ահա 1994-ին ստեղծվեց առաջին գենետիկորեն մոդիֆիկացված սննդանյութը` լոլիկը, որը բավականին երկար ժամանակ պահպանում է իր ապրանքային տեսքը: Հաջորդ տրանսգեն բույսը կարտոֆիլն է: Հետաքրքիր է, որ 1990-ականների վերջին աշխարհում առաջին նախադեպեր համարվող լոլիկն ու կարտոֆիլը գրեթե միաժամանակ էլ թափանցեցին Հայաստան: Այդ ժամանակ հումանիտար մեծ օգնություններից կախված Հայաստանը գրեթե բաց շուկա էր եւ շարունակում է այդպիսին լինել նորարարությունների համար: Ներկայումս շուրջ 120 տեսակի բույսեր` սոյա, եգիպտացորեն, բրինձ, բամբակ, դդում, վարունգ, պղպեղ, սեխ եւ այլն, ստանում են տրանսգեն ճանապարհով: ԱՄՆ-ում միայն յուղերի 80 տոկոսը ստանում են կրկին տրանսգեն ճանապարհով: Գիտական միտքն անաղարտ չի թողել նաեւ կենդանական աշխարհը: Որպես առաջին տրանսգեն օրգանիզմներ՝ փորձարկման են ենթարկվել մուկն ու պտղաճանճը, եւ նրանցում մտցված գեները կայուն ժառանգվում են: Հայտնի է նաեւ գենետիկորեն մոդիֆիկացված բարձր յուղայնությամբ ձեւափոխված կովերի կաթի եւ արագ աճող թառափների մասին: Իսկ ահա 2002-ին ճապոնացիներին հաջողվել է խոզի ԴՆԹ-ի մեջ ներմուծել սպանաղի գենը, որի արդյունքում խոզի միսը քիչ է ճարպակալում:
Տեղական շուկայում տարիներ առաջ ներմուծված լոլիկի եւ կարտոֆիլի տրանսգեն սորտերը ներկայումս համարվում են մասսայական սպառման ապրանք, որի մասին տեղական սպառողներն ընդհանրապես տեղեկացված էլ չեն: Մյուս կողմից էլ՝ խնդրին հասարակական հնչեղություն տալը կարող է վնասել տեղական լոլիկի մածուկ արտահանողներին, եթե, իհարկե, նրանք մտադիր են «նվաճել» եվրոպական շուկան:
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիան» խնդրի ուսումնասիրման ճանապարհին մի շարք ուշագրավ արձանագրումներ է կատարել: Ասոցիացիան իր հրապարակումներում նշում է, որ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների նկատմամբ այնքան է մեծացել ռիսկի տոկոսը, որ գիտնականները դժվարանում են այս երեւույթը գիտատեխնիկական առաջընթաց համարել: Ընդհանրապես ուսումնասիրված չէ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող սննդամթերքի հարցը, որի իրական պատկերը կարելի է ստանալ մարդկային 15-17 սերունդների վրա ազդեցության ուսումնասիրության միջոցով: Գենետիկների համար շարունակում է վեճի թեմա մնալ այն, թե ինչպես են տրանսգեններն ազդում բնության եւ մարդու վրա: Եթե տրանսգեն արտադրանքը բժշկության բնագավառում օգտագործելը պարտադրված անհրաժեշտություն է համարվում, ապա անընդունելի է այն սննդի արտադրության մեջ կիրառելը: Այն իր հետ բերում է մի շարք անցանկալի հետեւանքներ` մարդկային գենոֆոնդի, կենսաբազմազանության եւ ընդհանրապես ամբողջ էկոհամակարգի փոփոխություն: Ֆրանսիայում սպառողներին թյուրիմացության մեջ չգցելու համար սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պետական մարմինը զգուշացնում է, որ տրանսգեն սննդամթերքը կարող է անվտանգ չլինել մարդու օրգանիզմի համար: Դեպի Եվրոպա արգելվում է արտահանել 1 տոկոսից ավելի գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր պարունակող սննդամթերքը: Տրանսգեն մթերքների ստեղծման «հայրենիք» համարվող ԱՄՆ-ի եւ Կանադայի` եվրոպական շուկա մտնելու փորձերը ձախողվեցին, քանի որ արժանացան սպառողների դիմադրությանը` մարդիկ հրաժարվեցին գնել նման ծագման ապրանքները: Անգամ խոշոր մեծածախ ցանցերի սեփականատերերն իրենց խանութներից հանեցին տրանսգեն բաղադրիչ պարունակող սննդամթերքը:
Հայաստանում նման օրենք չկա, որն արգելի գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի, սերմերի, բույսերի ներկրումը, թեպետ ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ մարդն իրավունք ունի ապրել մաքուր շրջակա միջավայրում: Այս կոնտեքստում Հայաստանը միացել է նաեւ մի շարք միջազգային կոնվենցիաների: Հայաստանը չունի նաեւ այն լաբորատոր հնարավորությունները, որտեղ կարողանան հայտնաբերել գենետիկորեն մոդիֆիկացված նյութերի պարունակության տոկոսը: Գաղտնիք չէ, որ Հայաստան ներմուծվող բուսական յուղերի մոտ 80 տոկոսը տրանսգեն ծագում ունի: Առողջապահության նախարարությունը դեռ 2002-ին գենետիկորեն ձեւափոխված աղբյուրներից ստացված սննդամթերքի պարտադիր պիտակավորման մի ցանկ է սահմանել, սակայն այս որոշումն այսպես էլ մնացել է թղթի վրա: Մոտ 30 անուն սննդամթերք չի անցնում պարտադիր պիտակավորում: Եթե Հայաստանը մտածում է մեր գենոֆոնդի եւ բնության կենսաբազմազանության պահպանման մասին, ապա պարտավոր է օրենքով սահմանափակել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող սննդամթերքի ներմուծումը մեր երկիր: Սակայն այստեղ առկա է մի մեծ խոչընդոտ. անկախության տարիներին Հայաստանը միշտ էլ կախված է եղել միջազգային օգնություններից, ինչը նշանակում է, որ անիմաստ է օրենքով կարգավորել մի ոլորտ, որտեղ դու իրավիճակի վերահսկողը չես: Կամ, ինչպես ասում են` նվեր տված ձիու ատամները չեն հաշվում:
Գյուղնախարարությունը վերջերս մի «համարձակ» քայլի է դիմել. պատրաստվում են հայկական եւ իտալական ծիրանից նոր սորտեր ստանալ: Մնում է հուսալ, որ հայկական ծիրանն էլ չի արժանանա լոլիկի բախտին: