«Պետք է հավասարը հավասարի պես մրցենք կոմերցիոն ալիքների հետ»,- ասում է Ալեքսան Հարությունյանը

19/09/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Հ1»-ի նոր եթերաշրջանի մասին խոսելիս՝ սկզբում ուրախալի լուր հայտնեց. Հանրայինի կոմերցիոն մուտքերի հաշվին ստեղծված եւ երիտասարդներին ուղղված «Նոր ալիքը» շուտով հեռարձակվելու է ողջ հանրապետությունով։ «Կարծում եմ՝ արդեն մայիսի 1-ից «Նոր ալիքը» տեսանելի կդառնա Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա։ Այնպես որ, էստրադային տեսահոլովակների ու երիտասարդ հաղորդավարների պակաս այսուհետ մեր հանրապետության մարզերում չի նկատվի։ Ա. Հարությունյանը ներկայացրեց նաեւ Հ1-ի «հեռահար նպատակները», որոնք նշմարելի կդառնան երկու տարի անց եւ կկրեն «մշակույթ» անվանումը։ Այսինքն, եթեր կհեռարձակվի «Մշակույթ» ալիքը, որը վեհ նպատակներ կհետապնդի եւ զերծ կլինի գովազդից։ «Ծրագրեր կլինեն, որոնք մեծ հեռուստալսարանի համար գուցե ցանկալի չեն, բայց կարեւոր է, որ դրանք եթերում լինեն»,- ասաց նա ու օրինակ բերեց սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգները, որոնք «Հ1»-ը միշտ նկարահանում է, բայց եթեր է հեռարձակում լավագույն դեպքում ուշ գիշերը։ Բացի դասական երաժշտությունից, Հ1-ի խորհրդի նախագահը որեւէ այլ ծրագրեր նշել դեռ չի կարող, վաղ է համարում, ասում է միայն, որ կլինեն «հայկական եւ համաշխարհային արվեստի մասին պատմող հաղորդումներ ու ֆիլմեր»։ Նա վստահ է, որ «Մշակույթ» ալիքի համար ֆինանսներ կգտնվեն երկու-երեք տարի հետո, երբ կավելանան «Հ1»-ի կոմերցիոն մուտքերը։ Իսկ այդ մուտքերը, ըստ Ա. Հարությունյանի՝ ամեն տարի ավելանում են, թեեւ 2003 թվականից սկսած պետական բյուջեի կողմից ֆինանսավորումը նույնն է մնում։ Նախագահական ընտրություններին Հ1-ը պատրաստվում է՝ կատարելագործելով իր մարզային ցանցերն ու հնարավորություն տալով իր թղթակիցներին ուղիղ միացումներ իրականացնել։ «Մասշտաբն ու օպերատիվությունը կավելանան»,- ասաց Ա. Հարությունյանը ու նկատեց, որ անձամբ ինքը կադրային փոփոխություններ չի նախապատրաստում։ Փոխվելու է «Հ1»-ի տաղավարների ձեւավորումն ու հաղորդումների բովանդակությունը։ Նոր ծրագրեր են պատրաստվում, օրինակ, գուսանական երգեր ներկայացնող «Մենք ենք, մեր սարերը» նախագիծը։ Կշարունակվի բարձր վարկանիշ ունեցող «Երկու աստղ» հաղորդումը՝ նույն հաղորդավարներով։ Իսկ «Աստղերը կրկեսում» կամ «Աստղերը սառույցի վրա» ռուսական հաղորդումների նմանակները չեն սպասվում։

«Հ1»-ը շարունակելու է ֆիլմեր գնել, թարգմանել դրանք ու ցուցադրել։ Ըստ Ա. Հարությունյանի՝ ֆիլմերի արժեքը տատանվում է 100 դոլարի եւ 2000 դոլարի միջեւ։ Նա ասաց, որ նոր գնված ֆիլմերի ժանրային ամպլիտուդը մեծ է լինելու՝ ֆրանսիական կոմեդիաներից մինչեւ իտալական նեոռեալիզմը։ Նա նշեց, որ օրենքով ամրագրված կետ կա, որը ստիպում է եթեր հեռարձակել միայն հայերեն լեզվով ֆիլմերը. «Այդ օրենքը գործում է 2004 թվականից, եւ, փաստորեն, բոլոր այն ֆիլմերը, որոնք առանց թարգմանության են հեռարձակվում, անօրինական են։ Ես անգլերեն կամ ռուսերեն լեզուների նկատմամբ վատ վերաբերմունք չունեմ, պարզապես խնդրում եմ, որ օրենքը պահպանվի»,- ասաց նա։ Եվ նշեց, որ «Հ1»-ը շատ լավ թարգմանություններ ունի, դրա ապացույցը համարելով շուտով ցուցադրվելիք ամերիկյան «Կորուսյալները» սերիալը, որի հայերեն տարբերակը հավանության է արժանացել հենց ամերիկացիների կողմից։ «Նրանք գրել էին, որ նույնիսկ չէին սպասում, որ Հայաստանում նման որակի թարգմանություն կարող է լինել»,- ասաց Ա. Հարությունյանը։

Նա ասաց նաեւ, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ ծագած խնդիրներն արդեն լուծվել են։ «Ազատությունը» հիմնականում փակեց այն ֆինանսական պարտքը, որն ուներ Հանրային ռադիոյի նկատմամբ։ Կարծում եմ, որ այն լուծումները, որոնք գտնվել են` լավագույնն են։ Խորհրդի որդեգրած քաղաքականությունն այն էր, որ Հանրային ռադիոն կամ հեռուստատեսությունն առանց մրցույթի ստացած իր հաճախականությունները չի կարող վճարովի տրամադրել այլ հեռարձակողների։ Ոչ մի երկրում, բացի Ադրբեջանից եւ Ղրղըզստանից, «Ազատություն» ռադիոկայանը Հանրային ռադիոյով չի հեռարձակվում։ Եվ ես չէի ուզենա, որ Հայաստանն այդ շարքում լիներ։ Հիմա «Ազատությունը» հեռարձակվում է մասնավոր ամենամեծ ցանցով, մենք երկու ժամ հինգ րոպեով կրճատեցինք մեր ռադիո «Երեւանի» ծրագիրը եւ հնարավորություն տվեցինք «Ազատությանը» եթեր դուրս գալ»,- ասաց նա ու վստահեցրեց, որ «Ազատության» լսարանը հիմնականում նույնն է մնացել, էականորեն չի փոխվել։ «Բնակչության թվով այդ ռադիոկայանի լսարանը շատ մոտ է բացարձակ լսարանի»,- ասաց Ա. Հարությունյանը։

Երկու տարի հետո լատինաամերիկյան սերիալներ չեն լինի

«Հ1»-ը նոր ռազմավարություն է մշակել, այն է` դանդաղորեն հրաժարվելու է արտասահմանյան սերիալներից ու հայկական ֆիլմեր եւ սերիալներ է նկարահանելու։ «Բառացիորեն երեկ ես ռուսական մի ընկերության հետ բանակցություններս ավարտեցի, եւ հաջորդ տարի եւս մեկ հայ-ռուսական ֆիլմ կունենանք։ Այդ ֆիլմը ամերիկյան ոճի ֆիլմ կլինի»,- ասաց նա։ Ֆիլմի հերոսը կլինի ռուսական մի բարձրաստիճան պաշտոնյա, ով այցելում է Հայաստան, իսկ Հայաստանում նրա նկատմամբ մահափորձ է իրականացվում։ Հետո արդեն ռուսական հատուկ ծառայությունները՝ հայկական գործընկերների օգնությամբ, կանխում են այդ մահափորձը, հետաքննում ու պատժում ահաբեկիչներին։

Իսկ մինչ հայկական ֆիլմարտադրությունը հոսքագծի վրա դնելը, «Հ1»-ով կցուցադրվեն լատինաամերիկյան սերիալները։ «Հասարակության 60-70% տոկոսը նայում է այդ սերիալները։ Իսկ եթե մարդիկ նայում են, ուրեմն նրանց պետք է այդ սերիալները «տալ»։ Նույնիսկ ռուսական շատ սերիալներ գնված են լինում։ Իսկ եթե Ռուսաստանը, մտավոր մեծ հզորություն ունենալով, նախընտրում է սերիալներ գնել, ուրեմն դա պետք է։ Մեր ռուս գործընկերները մեզ խորհուրդ են տվել առայժմ գնալ այդ ճանապարհով, եւ եթե սերիալները 10-15 սերիաներից ավելի են, պետք է գնել եւ չփորձել սեփական ուժերով սցենար գրել ու նկարահանել։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ երկու-երեք տարի հետո Հանրային հեռուստատեսությամբ լատինաամերիկյան սերիալներ չեն լինի»։ Նրանց շուկայից դուրս կմղի հայրենի արտադրանքը, եւ առաջինը լատինաամերիկյան սերիալներից կազատվի Սփյուռքը, քանի որ արբանյակային ալիքն արդեն նոյեմբեր ամսվանից է դադարեցնելու դրանց ցուցադրումը։ «Մենք ֆիլմեր են նկարահանում ու շարունակելու ենք նկարահանել եւ բոլորովին մեր առջեւ խնդիր չենք դնում «Օսկարի» կամ «Ոսկե ծիրանի» արժանանալ, մենք ընդամենը ուզում ենք այնպիսի ֆիլմեր նկարահանել, որոնք հեռուստադիտողը նայում է»,- ասաց Ա.Հարությունյանը։ Նա հավաստիացրեց, որ «Հ1»-ի առաջին՝ «Մի վախեցիր» ֆիլմը նայվել է, սիրվել է, իսկ ֆիլմի մասին հնչած բացասական կարծիքները նա համարում է քաղքենի մարդկանց կարծիքներ։ Ա.Հարությունյանն օգնության կոչեց նորին մեծություն հեռուստավարկանիշը։ «Վարկանիշը շատ մեծ դեր ունի, դա մի գործիք է, որով բոլոր հեռուստաընկերություններն են աշխատում։ Բայց չի կարելի նաեւ վարկանիշի գերին դառնալ։ Մենք Ղարաբաղից Ղարաբեկյանի համերգը հեռարձակեցինք, այդ համերգը բավականին ցածր վարկանիշ ուներ, բայց եթե Ղարաբեկյանը նորից համերգներ տա, մենք շարունակելու ենք դրանք ցույց տալ։ Այսինքն, միայն վարկանիշը չէ, որ որոշիչ է»։ Ա.Հարությունյանը պատմեց, որ վարկանիշը ուսումնասիրելով, ինքը որոշել է «Հայլուրից» հետո միանգամից ֆիլմ ցուցադրել, քանի որ մինչ այդ՝ գովազդ ցուցադրելով՝ իրենք հանդիսատես էին կորցնում։ «Այն, ինչը չէին նայում, հանեցինք ու դեն նետեցինք»,- ասաց նա։

Գովազդը, որը ֆինանսական հոսքերի գլխավոր աղբյուր է համարվում ցանկացած հեռուստաընկերության համար, ըստ Ա. Հարությունյանի՝ էժան է Հայաստանում այն պատճառով, որ ալիքները շատ են, իսկ «պիրատությունը»՝ տարածված։

«Ով մի փոքր սենյակ ու երկու կամերա ունի, հեռուստատեսություն է բացում։ Երբ լիցենզավորված ֆիլմեր գնեն ու թարգմանեն, գովազդի գինը կբարձրանա։ Արդեն հնարավոր չի լինի վարձույթի սրահից ֆիլմ կամ մուլտիկ վերցնել, ցուցադրել ու մեջը գովազդ տեղադրել»,- ասաց նա։

«Մեզ հաճախ են տալիս նույն հարցը, ուզում են պարզել, թե ինչո՞վ է տարբերվում Հանրային ալիքը մասնավոր ալիքներից։ Կասեմ, որ այդ հարցը բանավեճի առարկա է ամբողջ Եվրոպայում։ Եվրոպական հեռարձակողների միությունը, որի անդամը մենք հանդիսանում ենք, պատասխանում է այսպես. հանրային հեռուստատեսությունները պետք է հավասարը հավասարի պես մրցեն կոմերցիոն ալիքների հետ։ Հաղթանակի հասնելով, մենք պետք է անենք այնպես, որ մեզ ոչ միայն նայեն, այլեւ՝ հարգեն»,- ասաց Ա. Հարությունյանը։ Ընդ որում՝ հարգանքի մասին նա նշեց մի քանի անգամ։