ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ստվերային գործունեություն ծավալած «Մաստեր պլյուս» ՍՊԸ-ն, որը 2006-2007թթ. ընթացքում ավելի քան 25 պայմանագրեր է կնքել կառուցապատման աշխատանքներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ ու հսկողական աշխատանքներ իրականացնելու համար ստացել գումարներ: Հարկային մարմիններ վերոնշյալ ժամանակահատվածում ընկերությունը ներկայացրել է հաշվարկ-հաշվետվություններ, համաձայն որոնց` ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում: Իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաեւ անապրանք գործարքներ իրականացնող 2 կազմակերպություն: Վերջիններս գործարք են իրականացրել 35 կազմակերպության հետ` շուրջ 1 մլրդ դրամ ընդհանուր գումարով, մինչդեռ այս տարվա ընթացքում նրանց կողմից վճարված հարկերը կազմել են ընդամենը 35.000 դրամ: Ներկայումս հարկերից խուսափելու ամենատարածված երեւույթներից մեկն անապրանք գործարքն է, քանի որ անհրաժեշտ հումքն ու նյութերը ձեռք են բերվում շուկայից, իսկ ծախսը հիմնավորող փաստաթղթերը` մեկ այլ կազմակերպությունից` շրջանցելով հարկերը: Անապրանք գործարքն առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելն է, որը քրեորեն հետապնդելի արարք է: «ՀՀ նախագահի եւ վարչապետի հանձնարարականներով` այս երեւույթի դեմ մղվում է կոշտ պայքար` նոր մեթոդների կիրառմամբ»,- ասված է Հարկային պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: