YouTube կայքէջում անցած շաբաթավերջին տեղադրված տեսահոլովակը, որում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթին եւ սպանության դրդիչներից Յասին Հայալին գովաբանող երգն ուղեկցվում է համապատասխան կադրերով, աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Տեսանյութում ընդգրկված են Սամասթի եւ Հայալի լուսանկարները: Երգում պարունակվող ուղղակի սպառնալիքները «հայերին սատարողների» հասցեին ուղեկցվում են Դինքի սպանությունից անմիջապես հետո նկարահանված կադրերով, որոնցում հայազգի լրագրողի դին ընկած է գետնին՝ ծածկված թերթերով: Որպես «դավաճաններ»՝ հոլովակում տեղ են գտել գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը եւ այլ առաջադեմ մտավորականներ, ինչպես նաեւ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւ նախկին նախագահ Ահմեդ Սեզերը: «Թըրքիշ դեյլի նյուզի» վկայությամբ՝ «Ծրագրեր մի կազմեք» կոչվող երգի տեքստը գրել է ծայրահեղ ազգայնական բանաստեղծ Օզան Արիֆը, այն կատարում է հայտնի երգիչ Իսմայիլ Թուրութը: Երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը տեսանյութը պատրաստողների հետ: Թուրութը «Միլիեթ» օրաթերթին հայտարարել է, թե գաղափար չի ունեցել անգամ YouTube-ի մասին: Պնդելով, թե չի ճանաչում տեսանյութը պատրաստողներին, որպեսզի դատական հայց ներկայացնի նրանց դեմ, երգիչն ասել է. «Թող կառավարությունը փնտրի մեղավորներին եւ պատժի նրանց»: Թուրք իրավապաշտպանները, մասնավորապես՝ «Ոչ ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման ակտիվիստները շեշտում են, որ իրավապահները որեւէ քայլ չեն ձեռնարկում տեսահոլովակի կապակցությամբ, «մինչդեռ այդքան շատ գործեր են հարուցել տխրահռչակ 301 հոդվածով»: Հրանտ Դինքի փաստաբանները պատրաստվում են փաստի կապակցությամբ հայց ներկայացնել դատարան` համոզված լինելով, որ տեսահոլովակի հեղինակներն ատելության քարոզչություն են իրականացնում եւ գովաբանում են մարդասպանին: «Թըրքիշ դեյլի նյուզը» տեղեկացնում է նաեւ, որ YouTube-ում հիշյալ տեսանյութերի 10 տարբերակ էր տարածվել, որոնցից ամենավիճահարույցը երեկ հանվել է կայքից: