Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն առաջիկա նախագահական ընտրությունները դիտարկում է «Սերժ Սարգսյան եւ մյուսներ» ձեւաչափի մեջ: Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, ապա Ա.Աշոտյանը կարծում է, թե այդ խոսակցությունները զուտ պարապության հետեւանք են. «Օգոստոսյան օրերին, երբ քաղաքական պայքարն այնքան թեժ չէր, լրատվամիջոցներին եւ մարդկանց գուցե հաջողվում էր հասարակության ուշադրության կենտրոնում պահել այդ թեզը, սակայն սեպտեմբերից, երբ քաղաքական ակտիվությունը վերադարձավ դասական մակարդակին, ակնհայտ դարձավ, որ առաջին նախագահի վերադարձի մասին խոսակցությունները դառնում են հերթականը եւ այլեւս ուշադրության կենտրոնում չեն»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը` հավելելով, թե աշնանը շատացել են իրական իրադարձությունները եւ «միֆական ու ցանկությունների դաշտում եղած թեզերն այլեւս չեն քննարկվում»: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այնտեղ, պարզվում է` ոչ թե «միֆական» թեզ կա, այլ` ցանկությունների. Ա. Աշոտյանը ցանկություն ունի նախագահական ընտրություններից հետո կոալիցիոն իր գործընկերոջը տեսնել ընդդիմադիր դաշտում: «Սեփական թեկնածուով հանդես գալը բխում է ՀՅԴ-ի կուսակցական շահերից. քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքն ակնհայտորեն թույլ չի տվել այդ քաղաքական ուժին լուծել սեփական հավակնությունների խնդիրը եւ, ըստ իրենց, հավուր պատշաճի ներկայանալ պետական ինստիտուտներում: Դրա համար ՀՅԴ-ն այդ խնդրի լուծումը փորձում է տեղափոխել նախագահական ընտրությունների դաշտ, որտեղ համարում են, թե կարող են ունենալ ավելի մեծ հաջողություններ եւ ավելի գրավիչ լինել»,- գտնում է Ա. Աշոտյանը: Սակայն, նրա գնահատականներով, ՀՅԴ-ին բոլորովին այլ ճակատագիր է սպասվում. «Այն ընդդիմադիր գործիչները, որոնք արդեն հայտարարել են իրենց թեկնածության առաջադրման մասին, դուելի ժամանակ կունենան ավելի մեծ շանսեր եւ կկարողանան զրկել ՀՅԴ ներկայացուցչին գոնե 2-րդ տեղը գրավելու շանսից»,- վստահեցնում է ՀՀԿ-ական պատգամավորը: Ավելին, երեկ Ա. Աշոտյանը բացատրել է, թե ինչով է պայմանավորված ՀՅԴ-ին իշխանական կոալիցիայում ընդգրկելու հանգամանքը: Ըստ Աշոտյանի` դա պայմանավորված է նրանով, որ այս կառավարությունը ձեւավորվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, որին 2003 թվականի նախագահական ընտրություններին սատարել է նաեւ ՀՅԴ-ն: «Նախագահական ընտրություններից հետո Դաշնակցությանը պատմական շանս է տրվելու՝ դառնալ խորհրդարանական 3-րդ ընդդիմադիր խմբակցությունը, իսկ 30 մանդատը, այն էլ՝ Դաշնակցության նման փորձառու եւ հմուտ քաղաքական ուժի միանալու դեպքում, կարող է լրացուցիչ հետաքրքրություն մտցնել ԱԺ աշխատանքների մեջ»,- ասել է Ա. Աշոտյանը: