Հյուսիսի հարսնացուն

17/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «Վիվա Սելլ» ընկերության «հարսանյաց հանդեսը»:

Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառվում էին այս «ամուսնության» մասին խոսակցությունները, սակայն կողմերից եւ ոչ մեկը կոնկրետ ոչինչ չէր ասում, խնամախոսությունը բավականին երկարաձգվեց: Եվ ահա հինգշաբթի օրը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ Հայաստան ժամանած ռուսական պատվիրակության մեջ էին նաեւ խնամիները՝ MTS ընկերության ներկայացուցիչները: Եվ ռուսական MTS-ը պաշտոնապես հայտարարեց, որ 310 մլն եվրոյով գնել է «Վիվա Սելլի» 80% բաժնեմասը: Իսկ բաժնեմասի մյուս 20 %-ը կվաճառվի 2010-2012թթ.:

Նախ՝ այս երկու ընկերությունների մասին. MTS-ը համարվում է Վլադիմիր Պուտինի կնոջ սեփականությունը: Ճիշտ այնպես, ինչպես «Վիվա Սելլն» է համարվում ՀՀ բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչներից ոմանց սեփականությունը: Այսինքն` եթե ավելի պարզ ձեւակերպենք, ՌԴ նախագահի ընտանիքը մերոնցից տարավ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատորին: Այդ է վկայում նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը 2004թ. նոյեմբերի 3-ի գիշերը հապշտապ որոշեց «ԱրմենՏելին» զրկել բջջային կապի մենաշնորհից, իսկ հաջորդ օրը «Վիվա Սելլը» ստացավ գործունեության լիցենզիա: Պատահական որեւէ ընկերության համար ՀՀ կառավարությունը նման շտապողականություն հաստատ չէր ցուցաբերի: Բացի այդ, ի սկզբանե խոսակցություններ կային, որ «Վիվա Սելլում» փոքր չափով իրենց բաժնեմասերն են ունեցել նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Իհարկե, հստակ հայտնի չէ, թե դեռեւս չվաճառված 20% ում բաժնեմասն է` նշված եւ չնշված հայ պաշտոնյաների՞նը, թե՞ ընկերության սեփականատեր, լիբանանցի Պիեռ Ֆատուշինը: Այսպիսով, այս գործարքով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը փաստացիորեն դարձավ ռուսական երկու ընկերությունների սեփականությունը: Անցած տարի ռուսական մեկ այլ՝ «ՎիմպելԿոմ» ընկերությունը գնեց Հայաստանի կապի առաջին խոշոր՝ «ԱրմենՏել» ընկերության 100 տոկոս բաժնեմասը: Այդ ժամանակ MTS-ը նույնպես ցանկություն ուներ ձեռք բերել «ԱրմենՏել» ընկերությունը, սակայն նախապատվությունը տրվեց «ՎիմպելԿոմին»: Ինչեւէ: «Վիվա Սելլը» հիմնադրվել է 2004թ. նոյեմբերին, իսկ բջջային կապի ծառայություն սկսել է մատուցել 2005թ. երկրորդ կեսից: Այս երեք տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել 986 հազար բաժանորդ, ինչը կազմում է շուկայի 66 %-ը: Ընկերության անցած տարվա հասույթը կազմել է 104 մլն դոլար: «Վիվա Սելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, 2006թ. ընկերության զուտ շահույթը եղել է մոտ 25 մլն դոլար: Այնուամենայնիվ, ինչո՞ւ վաճառվեց հիմնական դժվարությունները հաղթահարած, շուկայում կայացած ու արդեն պատկառելի շահույթ ապահովող այս ընկերությունը: Կարծիք կա, թե այս գործարքն ունի քաղաքական դրդապատճառներ: Ռուսաստանը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի բոլոր շահութաբեր ու ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները: ՀՀ իշխանություններն էլ չեն կարողանում դեմ դուրս գալ, որովհետեւ առաջիկա նախագահական ընտրություններում վերարտադրվելու համար պետք է ստանան Ռուսաստանի համաձայնությունը: Եվ «Վիվա Սելլը» հենց այդ համաձայնության երաշխիքն է: Իհարկե, որպես ընկերության սեփականատեր հանդես եկող լիբանանցի Պիեռ Ֆատուշը հերքեց այս խոսակցությունները եւ ասաց, թե վաճառում է ընկերությունը, որովհետեւ Հայաստանում ուզում է ներդրումներ կատարել այլ ոլորտներում: «Այդ գումարը ես ներդնելու եմ շինարարության ոլորտում՝ Երեւանում Downtown կոչվող քաղաքաշինական մի ծրագրում,- ասաց Պ. Ֆատուշը: -Նաեւ ուզում ենք ներդրումներ անել հանքարդյունաբերության ոլորտում»: Խոսակցություն կա, որ «Ֆատուշ գրուպ» ընկերությունն այս ընթացքում ձեռք է բերել ոսկու հանքերի ուսումնասիրման լիցենզիաներ:

Գործարքի քաղաքական ենթատեքստը, բնականաբար, հերքեց նաեւ MTS-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը: Նրա խոսքերով՝ իրենք գործարքի հետ կապված չեն կայացրել որեւէ կողմնակի համաձայնություն, չեն վերցրել որեւէ կողմնակի պայմանավորվածություն, բացի այն, ինչ կա պայմանագրում: Մի քանի ամիս առաջ, երբ նոր էր «Վիվա Սելլը» MTS-ին վաճառելու թեման շրջանառվում, կարծիք կար, թե գործարքի գումարը լինելու է 600-700 մլն դոլար, այսինքն՝ սեփականատերերն ուզում էին այդ գնով վաճառել:

Բոլոր դեպքերում գործարքն արդեն կայացել է եւ Հայաստանի կապի ոլորտն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի ենթակայության տակ: Իսկ MTS-ը ինչպե՞ս է ցանկանում զարգացնել «Վիվա Սելլ» ընկերությունը: «Առաջիկայում մենք դիմելու ենք Հայաստանի կառավարությանը՝ ինտերնետ կապուղիներ տրամադրելու արտոնագիր ձեռք բերելու համար»,- ասաց Լ. Մելամեդը: Ներկայումս Հայաստանում ինտերնետ կապուղի կարող է տրամադրել միայն «ԱրմենՏել» ընկերությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ 2007թ. հոկտեմբերի 1-ից «ԱրմենՏելը» զրկվում է իր մենաշնորհներից: Եվ եթե MTS-ի դիմումը բավարարվի, ապա Հայաստանի ինտերնետ շուկայում կարող է առաջանալ լուրջ մրցակցություն, ինչը կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացմանը, գուցե նաեւ` գների էժանացմանը: Թեպետ ի՞նչ երաշխիք կա, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործող երկու ռուսական ընկերություններն իրականում կմրցակցեն եւ ոչ թե կգործեն գաղտնի պայմանավորվածությունների շրջանակում: Այս հարցին Լ. Մելամեդը բազմանշանակ պատասխան տվեց՝ «Ավելի լավ է հարցն ուղղել ռուսաստանցի լրագրողներին, եւ նրանք լավագույնս կներկայացնեն «Բիլայնի» եւ MTS-ի փոխհարաբերությունների վիճակը»: Իսկ մինչեւ 2008թ. նոր սեփականատերը նպատակ չունի սակագներ փոխել: