1964 թվականի սեպտեմբերի 14-ից ԱՄՆ-ում սկսեց գործել առաջին հայկական միջնակարգ ամենօրյա դպրոցը: Այդ ժամանակ ԱՄՆ գաղթած հայերի թիվը հասնում էր 300.000-ի, գործում էին հայկական տարբեր միություններ, լույս էին տեսնում հայալեզու թերթեր, իսկ եկեղեցիներին կից անցկացվում էին կիրակնօրյա հայերենի դասընթացներ: Առաջին դպրոցը բացվեց մանկավարժ Գաբրիել Ինճենիկյանի շնորհիվ, որն այն ժամանակ դասավանդում էր Լոս Անջելեսի California State University-ում: «Ես տխրությամբ նկատում էի, որ հայ պատանիները չէին կարողանում մայրենի լեզվով գրել ու կարդալ, ու դա կամաց-կամաց հանգում էր լեզվի ու ազգության ոչնչացմանը: Երեք տարի պահանջվեց, որ կառավարությունը դրական պատասխան տա»,- ասաց նա: Ապագա դպրոցին անհրաժեշտ ծախսեր հավաքելու համար այն ժամանակ 34-ամյա Գ.Ինճենիկյանը մեկնեց ամենահզոր հայկական համայնք ունեցող Լիբանան: Բեյրութահայերի հանգանակությունների ու դպրոցի գրադարանը համալրելու համար անհրաժեշտ գրքեր հավաքելու շնորհիվ` նա կարողացավ առաջին քայլն անել: Դպրոցի առաջին աշակերտները դարձան 12 հայ մանուկ: «Դպրոցը կրեց մի սքանչելի անձնավորության՝ հայ փաստաբան Մաթեւոս Ֆերահյանի անունը, որը 250.000 դոլար էր կտակել հայ դպրոցին: Վարժարանի վարձը կազմում էր 5 ԱՄՆ դոլար, իսկ ուսումնական ծրագիրը համապատասխանում էր Կալիֆոռնիայի ուսումնական ծրագրին, պարզապես գումարվել էր հայերեն լեզվի, ազգային պատմության ու մշակույթի ուսուցանումը»,- ասաց Գ. Ինճենիկյանը: Այսօր արդեն ԱՄՆ-ում կա 25 հայկական դպրոց, 15-ը` Լոս Անջելեսում, 3-ը՝ Ֆիլադելֆիայում, 2-ը՝ Նյու Յորքում, 1-ական դպրոց ունեն Սան Ֆրանցիսկոն եւ էլի մի քանի ամերիկյան քաղաքներ: Վերջին դպրոցը բացվել է 1986 թվականին: Գաբրիել Ինճենիկյանի պատմելով՝ ամեն դպրոց ունի 12 դասարան, իսկ յուրաքանչյուր դասարան՝ 20 աշակերտ: Որպեսզի դպրոցն իր գոյությունը պաշտպանի` տարեկան հարկավոր է 250.000 դոլար: Մեկ երեխայի համար ծնողն ամսական վճարում է 500-600 ԱՄՆ դոլար, եւ այս գումարի մեջ չեն մտնում դասագրքերի ու զգեստների ծախսերը: Դա բավականին մեծ գումար է, եթե հաշվի առնենք, որ մի ընտանիքում կարող է երեք երեխա լինել: «Ծնողներն ուզում են, բայց հնարավորություն չունեն»,- ասաց Գ. Ինճենիկյանը: Իսկ ամերիկյան միջնակարգ դպրոցներն անվճար են, որովհետեւ կառավարությունը փոխհատուցում է յուրաքանչյուր աշակերտի համար ամսական անհրաժեշտ 500 դոլարը: Հայության թիվն ԱՄՆ-ում ավելացել է, իսկ ծնողները երեխաներին ուղարկում են անվճար ամերիկյան դպրոց: Պարոն Ինճենիկյանը լուրջ մտադրություն ունի` ստեղծել Ամերիկայի ու Կանադայի առաջին Charter School-ի կարգավիճակ ունեցող հայկական դպրոցը: Charter School-ը նույն պետական դպրոցն է, որտեղ գիտելիքների ստուգումը կատարվում է թեստերի օգնությամբ: «Պետությունը վճարում է ուսման վարձը եւ տարեվերջում քննություն անցկացնում ու գնահատական տալիս: Եթե գնահատականը ցածր է լինում, դպրոցը փակվում է: Charter դպրոցն իրավունք ունի ազգային ուղղվածություն ունենալ, այսինքն՝ օտար լեզու ուսուցանել, միայն չպետք է ունենա կրոնի դասեր: Ընդ որում՝ դպրոց կարող է ընդունվել յուրաքանչյուր ազգի մանուկ: Տարբեր մաշկի գույն ունեցողները հնարավորություն կունենան հայերեն ուսումնասիրել»,- ասաց Գ. Ինճենիկյանը, ով միշտ Լոս Անջելեսում հայի հանդիպելիս հարցնում է՝ քանի՞ զավակ ունեք: 75-ամյա հայ մանկավարժը համոզված է, որ շուտով բացվելու է հայկական առաջին Charter դպրոցը, որին աշակերտներ են պետք: «Ես ինձ պատասխանատու եմ զգում ամեն հայ մանուկի համար»,- այսպես ավարտեց զրույցը Գաբրիել Ինճենիկյանը: