Անկախ նրանից, թե ում թեկնածությունը կառաջադրեր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, Ազգային ժողովը, թող որ մի երկու օր ցուցադրական (ու, ցավոք, ոչ գրագետ) հարցուպատասխանից հետո, միեւնույն է, հաստատելու էր: Եվ առանց լուրջ վերլուծությունների էլ պարզ էր, որ ՀՀ հաջորդ գլխավոր դատախազը դարձյալ շարունակելու է մնալ Աղվան Հովսեփյանը:
Թվում էր` փոփոխված սահմանադրությամբ գլխավոր դատախազի թեկնածությունը հաստատելու կամ մերժելու` խորհրդարանին տված գործառույթը նպատակ ուներ ընդգծելու խորհրդարանի կարեւորությունը, ցույց տալու, որ գլխավոր դատախազի պաշտոնը եւ պաշտոնի հավակնորդը օրենսդիր մարմնի անմիջական հսկողության տակ են: Սակայն տպավորությունը ճիշտ հակառակն էր:
Նախ` որոշ պատգամավորների հարցերը ստիպում էին մտահոգվել, որ վերջիններս այնքան էլ ծանոթ չեն քննարկվող խնդրին կամ այն լավ չեն պատկերացնում:
Հարցերի գերակշիռ մասն ուներ վաղուց հայտնի ու մի քանի ամսվա վաղեմության պատասխաններ: Մասնավորապես, Գյումրիում երկու ավազակախմբի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում անհայտացած 12-ամյա տղայի մասին, որի դին հայտնաբերվել էր, կատարվել էր քննություն եւ գործը կարճվել էր` բազում անպատասխան հարցեր թողնելով գյումրեցիներին: Կային հարցեր, որոնք մոտավորապես հնչում էին այսպես. «Հարգելի պարոն Հովսեփյան, ճի՞շտ է, որ ջրի ֆորմուլը H2O-ն է»: Ընդդիմության թեւը ներկայացնող պատգամավորների աշխուժության ֆոնին հասկանալի էր բիզնես կամ կասկածելի անցյալ ունեցող պատգամավորների ընդգծված պասիվությունը: Խորհրդարանի ներկայացուցիչների մեծ մասը խնդիրներ, ավելի ստույգ` անմիջական առնչություններ ունի ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հետ: Իսկ այդ մասին տեղյակ են այն հիմնարկությունում, որը գլխավորում է Աղվան Հովսեփյանը:
Եվ հետո, խիստ ուսանելի էր նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ պատահած անցքը: Նա հանդգնություն ունեցավ կասկածի տակ առնել իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԱԺ հասած գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անաչառությունն ու նրան մեղադրել իր դեմ գործ սարքելու մեջ: Եվ ի՞նչ պատահեց դրանից հետո: Հակոբյանի գործում հայտնվեցին նորանոր դրվագներ, որոնց իսկությանը կարող ենք չկասկածել, սակայն խիստ կասկածելի էր դրանց հրապարակման համար ընտրված ժամանակը:
Մեկ այլ թարմ դեպք: Շատ տպավորիչ էր Քաղավիացիայի վարչության երբեմնի ղեկավար Շահեն Պետրոսյանի հետ կատարվածը, երբ վերջինիս անմարդկային ծեծի էին ենթարկել: Թվում էր` ոչինչ չի կարող խանգարել գործի բացահայտմանը. կա՛ տուժողը, կա՛ ծեծողը, որի ինքնությունը պարզ է, կա՛ն Գլխավոր դատախազությունն ու Աղվան Հովսեփյանը, կա՛ հասարակությունը, որը պիտի որ սպասեր այս գործի բացահայտմանը: Մի խոսքով, թվում էր` այս անգամ ոչինչ չի կարող խանգարել, որ մեղավորը, այսինքն` Քաղավիացիայի նախկին ղեկավարին ծեծողը, պատժվի այդ դեպքի համար ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածով: Բայց Շահեն Պետրոսյանն արդեն վաղուց ապաքինվել է, հանցագործն ազատության մեջ է: Հասարակությանը մնում է ենթադրել, որ կողմերի լիակատար համաձայնությամբ գործը փակվել է, քանի որ Քրեական օրենսգիրքը բազմաժանր է. այնտեղ կան նաեւ բազում հոդվածներ ոչ միայն ծեծողների, այլեւ ծեծվողների համար…
Գլխավոր դատախազի նշանակումը, վերանշանակումը կամ նրա հետ կատարված որեւէ այլ իրադարձություն հայաստանյան իրականության մեջ որեւէ եղանակ չի ստեղծում: Եվ մինչ պատգամավորները շոյված են, որ իրենց է փոխանցվել մի գործառույթ, որը ստիպում է ոչ թե իրենց ներկայանալ գլխավոր դատախազի մոտ` իրերով, այլ հակառակը, նրանք, միեւնույն է, չունեն ոչ մի երաշխիք, որ պաշտոնավարման հաջորդ վեց տարիների ընթացքում գլխավոր դատախազը չի ներկայանա ԱԺ` իր սովորության համաձայն եւ արդեն հայտնի նպատակներով: Եվ այդ ժամանակ, «տեղում», իրենք հնարավորություն կունենան ստուգել` մոռացվա՞ծ են Վիշինսկու մեթոդները, թե՞ դրանք միշտ թարմ են, ինչպես ԱԺ բուֆետի կոտլետները:
Իսկ հասարակությունը միանգամայն անտարբեր է խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններից հատկապես այս մեկի հանդեպ: Դրա պատճառն այն չէ, որ գլխավոր դատախազը հասարակական անձ չէ կամ այնքան էլ պոպուլյար չէ, որքան էլ նրա անմիջական գաղափարով Արագածի շուրջ կազմակերպվեց համազգային շուրջպարը կամ որքան էլ քնարական են նրա մտքերը` մայրենի բնության կամ ծառատունկի մասին: Հասարակության հետաքրքրության պակասը գլխավոր դատախազի միակ հավակնորդի հանդեպ ամենեւին էլ պայմանավորված չէ Աղվան Հովսեփյանի ցածր ձայնով կամ նրա քննախույզ, տագնապ առաջացնող հայացքով: Պատճառն այն է, որ անկախ նրանից` ով է զբաղեցնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունում դարձյալ կենտրոնացած է երկրի կրիմինալի սերուցքը: Իսկ հասարակ քաղաքացին որքան անպաշտպան էր, երբ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանը չէր, նույնքան էլ անպաշտպան է նրա օրոք:
Հ.Գ. Հինգշաբթի օրը, ճիշտ այն պահին, երբ խորհրդարանը ուժ գտավ վերահաստատել Աղվան Հովսեփյանի թեկնածությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում (դա եղավ նաեւ այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն վերջապես ստացավ իրեն հուզող` կոռուպցիայի դեմ Գլխավոր դատախազության պայքարի ծավալների մասին սպառիչ տեղեկությունը), «02» հաղորդաշարը հայտնեց, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել վտանգավոր մի հանցագործի, որը տնտեսական խանութներից մեկի պահեստից … երեք պայուսակ է գողացել: Հանցագործն անմիջապես մեկուսացվել է հասարակությունից: