Լավագույն նվերը փողն է, լավագույն ներդրումը՝ տնտեսականը

17/09/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Օրեր առաջ մի խումբ սփյուռքահայեր, մի քանի արվեստագետ եւ մշակույթի ոլորտի մի դյուժին ներկայացուցիչ Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն էին տալիս նկարիչ Մարկոս Գրիգորյանին։

Տխուր այդ արարողության ժամանակ վերապրում էի նկարչի հետ իմ ունեցած սակավ ու կարճատեւ հանդիպումները, որոնց ընթացքում մարդու եւ արվեստագետի հմայքից զատ զգացել էի նաեւ հանիրավի մերժվածի վիրավորանքն ու ցավը։ 1992-93 թվականներին, երբ շատերը դեռ վստահ էլ չէին, թե պատերազմող, շրջափակված եւ էներգետիկ ճգնաժամի մեջ ընկղմված Հայաստանն ապրելու է, մարդը Միացյալ Նահանգներից վերցրել ու Հայրենիք էր բերել շուրջ չորս տասնամյակի ընթացքում ստեղծած իր հավաքածուն։ Բերել էր Հայրենիքին նվիրելու։ Ովքեր տեսել են Գրականության եւ արվեստի թանգարանի սրահներից մեկում տանիք գտած այդ հավաքածուն, կարծում եմ` անջնջելի տպավորություն են ստացել։ Ովքեր չեն տեսել, ասեմ, որ դա պարսկական, հայկական, ռուսական ու եվրոպական մշակույթի, կենցաղի արժեքների հազվագյուտ հավաքածու է, որտեղ նախապատմական Լուրիստան, Էլամ, Սուզա, Ամլալ քաղաքակրթությունները ներկայացնող առարկաների կողքին կարելի է գտնել ոճավորված ջրի ծորակներ, դռան թակիչներ, արդուկներ, պատեֆոններ եւ այլ նմուշներ։ «Հայաստան-Միջին Արեւելք» անունը կրող թանգարանը, որն այդպես էլ չունեցավ իր հասցեն եւ այդպես էլ չմտավ զբոսաշրջիկների երթուղիների մեջ, Մարկոս Գրիգորյանի ամենանվիրական երազանքն էր։ 1993-ից նա սպասում էր, որ կառավարությունը շենք հատկացնի իր հավաքածուին, բայց Երեւանում որեւէ տարածք չգտնվեց, ու ցուցադրությունը շարունակում է մնալ Գրականության եւ արվեստի թանգարանում՝ գրավելով այդ հաստատության առանց այդ էլ փոքր տարածքի մի մասը։ Նկարչից հարցազրույց վերցնելու իմ բոլոր փորձերը ձախողվում էին։ Արվեստի մասին խոսելու տրամադրություն չուներ, իսկ թանգարանի մասին լռում էր, որպեսզի «վատ խոսք» չասեր հայրենի իշխանությունների հասցեին։ «Սկզբից պատերազմ էր՝ հասկանում էի, հետո պատերազմը նոր էր վերջացել՝ հասկանում էի, բայց հիմա չեմ հասկանում, թե ինչու էս թանգարանը ոչ մեկին չի հետաքրքրում»,- ոչ հրապարակման համար ասում էր նա 2001 թվականի սեպտեմբերին, երբ թանգարանի մասին հաղորդում էինք նկարում։

Նվիրաբերված թանգարանը մերժելու պատճառներ Հայաստանում շատ կան։ Թվարկեմ դրանցից մի քանիսը։ Առաջինը հավաքածուի միջինարեւելյան բովանդակությունն է։ Եթե Մարկոսը նվիրած լիներ զուտ եվրոպական կամ ռուսական մշակույթի արժեքներ ներկայացնող հավաքածու, կարծում եմ` դրա համար տեղ կգտնվեր։ Բայց տեղը չի գտնվում, որովհետեւ մենք մեզ անընդհատ դուրս ենք դնում մեր տարածաշրջանից։

Երկրորդ պատճառը քաղքենիական պարզ վերաբերմունքն է։ Մշակույթի ոլորտի նախկին մի պաշտոնյա ասում էր, թե Մարկոսի թանգարանում, բացառությամբ մի քանի նմուշի, մնացածը «խառախուռա» է։ Այսինքն՝ ջրի ծորակները կամ դռան թակիչները (տարատեսակ) ի՞նչ են, որ դրանց ցուցադրության համար շենք հատկացվի։

Եվ երրորդը, որն ամենատարածվածն ու ամենաարատավորն է. սփյուռքահայ է, թող իր հարցերը լուծի։ Այսինքն՝ Մարկոս Գրիգորյանը, ով իր հավաքածուն բերել էր Հայրենիք, պետք է հող գներ, այդ հողի վրա շենք կառուցեր, հավաքածուն դներ մեջն ու բացմանն էլ հրավիրեր նախագահին՝ կարմիր ժապավենը կտրելու, եւ դա կլիներ լուրջ ներդրում զբոսաշրջության զարգացման գործում։ Իմիջիայլոց, Մարկոսը մի քանի անգամ ասել էր, որ շենք հատկացնելու դեպքում պատրաստ է սեփական միջոցներով նորոգել ու կահավորել այն։

Մարկոսի հավաքածուն, սակայն, միակը չէ, որ անտարբերության պատճառով դուրս է մնացել ուշադրությունից։ 1981 թվականին ամերիկահայ քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանը Հայաստան է բերել իր ժառանգությունը։ 90 քանդակ, 160 գրաֆիկական աշխատանք եւ 17 գեղանկար է նվիրել Հայաստանի Ազգային պատկերասրահին։ Մարդը ցանկություն է հայտնել առանձին ցուցադրություն ունենալ։ Ժամանակի իշխանություններն ընդառաջել են։ Տեր-Հարությանի ամբողջական ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում, որն այն ժամանակ զբաղեցնում էր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի շենքը։ Անկախության տարիներին ճեմարանը եկեղեցուն վերադարձնելուց հետո թանգարանը տեղավորվել է կինոթատրոնի շենքում, եւ այսօր բոլորովին ոչ այդ նպատակի համար նախատեսված սրահում ցուցադրվում է սփյուռքահայ արվեստագետի աշխատանքների, կարելի է ասել, մեկ հինգերորդ մասը։

Թանգարանի տնօրեն Հարություն Հարությունյանն ասում է, որ այցելուներին ավելի ամբողջական պատկերացում տալու համար որոշ գործեր տանում են պատկերասրահ, փոխարենը՝ պահոցներից բերում այլ գործեր՝ այդպիսով ցուցադրվող աշխատանքների թիվը տարվա ընթացքում հասցնելով հարյուրի։

«Ամեն տարի պարտադիր, հոգու պարտքը կատարելու համար, նամակ ենք գրում նախարարություն՝ նախապես իմանալով, որ ոչինչ էլ չի ստացվելու»,- ասում է Հարությունյանը։ Վերակառուցումից եւ նորոգումից հետո կինոթատրոնի շենքը ոչ միայն Տեր-Հարությանի մշտական ցուցադրությունը կապահովի, այլեւ ազատ տարածքներում հնարավոր կլինի ընթացիկ ցուցահանդեսներ կազմակերպել։ Եթե Խորեն Տեր-Հարությանը ֆինանսական միջոցներ նվիրաբերած լիներ, շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ կառուցած լիներ, անշուշտ, մեծ բարերարի համբավ կունենար, բայց այսօր քչերն են նրան ճանաչում, քանզի «սփյուռքի ներուժ» ասելով` հասկանում ենք ոչ թե մտավոր կարողությունը, այլ գրպանի պարունակությունը։

Նույն Մարկոս Գրիգորյանին, ով Իրանի ժամանակակից արվեստի բիենալեի հիմնադիրն ու այդ արվեստը Վենետիկի բիենալեում առաջին անգամ ներկայացնողն է եղել, ով Նյու Յորքում պատկերասրահ է ունեցել (արվեստի կազմակերպման ահռելի փորձ՝ չհաշված սեփական գեղագիտությունը), իշխանությունները պետք է հրավիրեին Գեղարվեստի ակադեմիայում դասավանդելու՝ տալով թեկուզ համեստ մի վարձատրություն, որից, կարծում եմ, ինքը կհրաժարվեր։ Նույն կերպ պետք էր վարվել Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Սարգիս Զաբունյանի (Ֆրանսիա) հետ, ով անցած տարի Հայաստան եկավ ու դարձավ արվեստագետների փոքրիկ մի խմբի հյուրը։ Մշակույթի նախարարությունը պետպատվերով պետք է հրատարակեր գրաքննադատ Մարկ Նշանյանի (ԱՄՆ) աշխատությունները, իսկ Կրթության նախարարությունը նրան պիտի հրավիրեր համալսարանում դասավանդելու։

Շարքը երկար է, բայց թվարկումից ոչինչ չի փոխվի։ Այս ամենը չի արվել ու վաղն էլ չի արվելու, որովհետեւ Հայաստանում կարծում են, որ լավագույն նվերը փողն է, իսկ լավագույն ներդրումը՝ տնտեսականը։

www.hetq.am