Մնաց Այվազյանի գործը

17/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հինգշաբթի ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ գոլդ» ընկերության հետ հաշտության համաձայնագրի նախագծին:

Իսկ Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը լիազորվել է կնքել այդ համաձայնագիրը: Հիշեցնենք, որ ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունը տարեսկզբին դիմել էր Վաշինգտոնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն եւ Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ էր հարուցել: Ընկերությունը պահանջում էր, որ Հայաստանի կառավարությունը փոխհատուցի այն վնասների համար, որը պատճառել է 2006-2007 թվականներին՝ խոչընդոտելով Մարջանի ոսկու եւ Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրերում կատարելիք աշխատանքներին: Թե ինչ համաձայնության են եկել, կողմերը դեռ գաղտնի են պահում: Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, կառավարությունը համաձայնել է բավարարել «Գլոբալ գոլդի» ցանկությունը՝ Հանքավանում եւ Մարջանում չխոչընդոտել ներդրումներին ու ուսումնասիրություններին, պայմանով, որ ընկերությունը փոխհատուցում չի պահանջի:

Միեւնույն ժամանակ «Գլոբալ գոլդը» Ամերիկայում, այս անգամ արդեն՝ Նյու Յորքի միջազգային դատարանում, հարուցել է մեկ այլ վարույթ` արդեն բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դեմ: Ընկերությունը բողոքել է, որ Այվազյանը 3 մլն դոլար կաշառք է պահանջել: Նյու Յորքի դատարանը պարզել է նաեւ, որ նախկին նախարարը «Գլոբալ գոլդի» հետ ունեցել է նաեւ այլ հարաբերություններ: 2003թ. այս ընկերությունը գնեց Հանքավանի եւ Մարջանի ուսումնասիրման լիցենզիաներն ունեցող ՍՀԱ ընկերության 100 տոկոս բաժնեմասը: Ավելի ուշ պարզվեց, որ Վարդան Այվազյանը ՍՀԱ-ում իր մասնաբաժինն ունի: Ճիշտ է, դա իր անունով չէր, բայց այդ բաժնեմասի հետեւում նախարարն էր կանգնած: Վաճառելուց կարճ ժամանակ անց միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գները սկսեցին աճել: Այվազյանը փոշմանեց կատարած գործարքի համար եւ փորձեց իր մասը վերադարձնել՝ ամեն կերպ խոչընդոտելով նոր սեփականատեր «Գլոբալ գոլդի» գործունեությանը: Եվ ահա Նյու Յորքի դատարանը փաստեր ունի, որ նախարարը՝ որպես պետական պաշտոնյա, միջամտել է լիցենզիա ձեռք բերելու գործարքի հարցում: Հանքավանի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան ՍՀԱ-ին տրվել է մինչեւ 2017թ.: Սակայն երբ կոնցեսիայի մասին օրենքը փոփոխության ենթարկվեց, Բնապահպանության նախարարությունն արդեն ՍՀԱ-ի սեփականատեր «Գլոբալ գոլդին» լիցենզիան տրամադրեց ոչ թե մինչեւ 2017թ., այլ ընդամենը 1 տարով: Սակայն այդ նոր օրենքի համաձայն՝ հին լիցենզիաների ժամկետները նոր լիցենզիայում պետք է պահպանվեն, ինչը չի արել Վ.Այվազյանը, որովհետեւ, ինչպես ավելի ուշ պարզվեց, այլ նպատակներ ուներ: «168 Ժամն» արդեն հրապարակել է, որ այդ հանքավայրում ուսումնասիրություն կատարելու լիցենզիան Այվազյանը 2005թ. դեկտեմբերին տվել է իր օգնական Տիգրան Քրմոյանի անունով գրանցված «Ինտերիեր» ՍՊԸ-ին: Իսկ 2006թ. հոկտեմբերին «Ինտերիերն» այդ լիցենզիան վաճառել է մեկ այլ՝ «Գոլդեն Օրե» ընկերությանը, որը պատկանում է արդեն Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Իսկ այս տարվա ապրիլին այդ լիցենզիան դարձավ վրացական «Մադնեուլի» ընկերության սեփականությունը: Մենք փորձեցինք Վարդան Այվազյանից տեղեկանալ, թե ամերիկյան դատարանում ինչպես է պատրաստվում պաշտպանել իր շահերը, սակայն նախկին նախարարը առայժմ չցանկացավ այդ մասին զրուցել: Խոստացավ այդ հարցին անդրադառնալ 10-15 օր հետո: Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում այս դատական պրոցեսներում Վարդան Այվազյանին պաշտպանելուց: Այժմ ԱԺ պատգամավորն արդեն ինքն իր շահերը պետք է պաշտպանի: