Արվեստն է մարդկանց բերում Հայաստան

14/09/2007

«ՀայՌուսգազարդ» ընկերության 10-ամյակի տոնակատարության շնորհիվ աշխարհահռչակ երաժիշտ, կիթառահար Ալ Դի Մեոլան եկավ Հայաստան: Նա աշխարհի ամենահայտնի կիթառահարներից մեկն է, եւ կատարում է ֆյուժն ոճի երաժշտություն, որում միահյուսված են իսպանական ֆլամենկոն, ջազն ու բրազիլական մեղեդիները: «Շատ հայ ընկերներ ունեմ, նրանք շատ են պատմել Հայաստանի մասին, մեծ ցանկություն ունեմ իմ աչքերով տեսնել այս երկիրը: Չնայած դեռ մեկ օր եմ այստեղ, բայց արդեն լավ տպավորություններ ունեմ: Այսօր կարեւոր օր է ինձ համար, քանի որ առաջին անգամ պիտի նվագեմ այստեղ»,- երեկ նշել է նա: Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգին հանդես եկան նաեւ Արտո Թունչբոյաջյանն ու Ջիվան Գասպարյանը: «Արտոյի միջոցով մեր երաժշտության մեջ մտան հայկական երաժշտության հետաքրքիր ելեւէջներ»,- ասել է Մեոլան: Օրերս մեր խմբագրություն իսպանացի մի զբոսաշրջիկ էր եկել եւ փնտրում էր Արտոյի ու վարպետ Ջիվանի ձայնասկավառակներն ու պլակատները: Իսպանացուն Հայաստան էր բերել նրանց երաժշտությունը: Ալ Դի Մեոլան էլ է Հայաստանի մասին իմացել իր երաժիշտ ընկերների միջոցով: