Էմին Սամսոնիչն ու թառափները
ԱԺ-ում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր: Գրեթե ողջ կազմով ԱԺ եկած կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար հերթագրվեց ուղիղ 32 պատգամավոր, սակայն նրանցից շատերին այդպես էլ հերթը չհասավ: Ի դեպ, այս հարցուպատասխանը Սերժ Սարգսյանի համար առաջինն էր վարչապետի կարգավիճակում: Հարցուպատասխանի մեկնարկից մի քանի րոպե անց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե թյուրիմացություն է եղել, եւ հաջորդ հարց տվողը լինելու է ոչ թե պատգամավոր Պողոսյան Սուրիկը, ինչպես նշված էր լուսատախտակին, այլ Բադալյան Վլադիմիրը, ով, ըստ Տ. Թորոսյանի, սխալմամբ է իր կողքին նստածի կոճակը սեղմել (երեւի սովորություն է): Պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցն էլ քաղաքաշինական թեմայով էր, սակայն, ինչպես նշեց պատգամավորը, քանի որ նախարարը նոր է, ինքը ցանկանում է, որ իր հարցին պատասխանի փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ դուք ուզում եք, որ ես պատասխանեմ ձեր հարցին»,- իր պատասխանն այսպես սկսեց փոխվարչապետը: «Ինձ համար էլ մեծ պատիվ է, որ դուք պատասխանում եք իմ հարցին»,- եղավ Ս. Միքայելյանի արձագանքը: Իսկ «Բարգավաճ Հայաստանից» Գոհարիկ Ենոքյանին էլ շատ էր հուզում Հայաստանից թառափ ձկնատեսակի արտահանման հարցը: Նրան գյուղնախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ թառափի արտահանման համար պետք է անցնել Էմիլ Սամսոնիչի լաբորատորիայով:
Դե բավակա՛ն է: Ձեր ուժերի գյորա մրցակցեք
Վերոնշյալ ուրախ մթնոլորտը մասամբ դառնացավ «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի եւ Ստեփան Սաֆարյանի հարցերի պատճառով: Ըստ տիկին Ալավերդյանի, «Սեփականության օտարման մասին» նոր օրենքն իր մեջ պարունակում է հակասահմանադրական նորմեր: Լ. Ալավերդյանը նշում էր, որ կառավարությունն անվավեր չի ճանաչել այն որոշումները, որոնք Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական են որակվել: Արդյունքում շատ մարդկանց իրավունքներ են ոտնահարվել: Լ. Ալավերդյանը հիշեցրեց, որ ԱԺ ընտրություններից առաջ վարչապետն ընդունեց տուժածների մի խմբի, սակայն հետո հարցերին ընթացք չտրվեց: «Ինչպե՞ս եւ ե՞րբ է կառավարությունը սկսելու այս հարցի լուծումը»,- հետաքրքրվում էր պատգամավորը: Նրա հարցին պատասխանեց վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ինքն ընտրություններից հետո «ոտքով եղել է բոլոր պրոբլեմատիկ տեղերում, հանդիպել է այդ բոլոր մարդկանց հետ»: «Ես ձեզ խորհուրդ կտայի գնալ եւ այդ մարդկանց հետ խոսել, ոչ թե մամուլից տեղեկություններ քաղել այդ մասին, որովհետեւ դուք կրկնում եք հայտնի մամուլի հայտնի ինֆորմացիան»,- ասաց Ս. Սարգսյանը՝ հավելելով, թե ինքը որեւէ մեկի հետ որեւէ հանդիպման ընթացքում չի խոստացել, որ կմտնի այն գործերի մեջ, որոնցով դատարանները որոշումներ են կայացրել: Ինչպես երեւում էր, վարչապետը մի թեթեւ բորբոքվեց պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցից: «Ժառանգության» պատգամավորը Ս. Սարգսյանին հարցրեց, թե արդյոք նա տեղյա՞կ է, որ օգոստոսին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Թալինում հանդիպել է մերձակա գյուղերի գյուղապետերի հետ: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Թալինն ընդգրկող ընտրատարածքում «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգով պայքարեց պատգամավորի մանդատի համար եւ պաշտոնապես ստացավ մոտ 3% ձայն, որից հետո շնորհավորեց հաղթող ճանաչված ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին: «Այն հանդիպումը, որ եղել է Թալինում, կառավարության հետ որեւէ առնչություն չի ունեցել: Այդ հանդիպմանը, այդ խորհրդակցությանը մասնակցել են Հանրապետական կուսակցության անդամ գյուղապետերը»,- նշեց Ս. Սարգսյանը՝ հավելելով, թե վստահ է, որ եթե «այնտեղ «Ժառանգությունը» մազ անգամ խախտում գտներ, ապա կդիմեր դատարան»: «Եվ վերջապես բավական է: Եկեք համակերպվենք ուժերի հարաբերակցության հետ, եկեք մեր ուժերին գյորա խնդիրների մեջ մտնենք, որպեսզի հետո չսկսենք, այսպես ասած, ետընտրական պրոցեսներ: Ընտրություն է, տեղի է ունեցել, որեւէ դատական նիստ չի եղել, որեւէ բողոք չի եղել, ձեր ներկայացուցիչը ԿԸՀ-ում ամեն ինչը ընկալել է, ընդունել է, ձեր կուսակցության նախագահն այս առիթով որեւէ տեղ չի դիմել: Չեմ հասկանում, խնդիրն ինչո՞ւմն է: Մեկ անգամ եւս հնչեցնելով, պարտությո՞ւն եք կրել: Է, եթե ուզում եք, տասն անգամ կարող եք ասել, ձեր խնդիրն է»,- շարունակեց Ս. Սարգսյանը: Ս. Սաֆարյանը նշեց, որ իր հարցը ոչ թե հետընտրական, այլ նախընտրական կրքերի մասին է եւ նպատակ ունի 2008-ի նախագահական ընտրությունից առաջ կանխել վարչական լծակների բացահայտ ցուցադրումը: «Եթե դուք դա համարում եք նախընտրական պրոցես եւ եթե հույս ունեք, որ Խաչիկի դեմ եք պայքարելու, սխալվում եք: Բայց եթե ցանկանաք, խնդրեմ»,- եղավ Ս. Սարգսյանի արձագանքը:
Առաջին նախագահի մասին՝ ոչ մի խոսք
Սերժ Սարգսյանը երեկ խուսափեց պատասխանել ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր մրցակցության մասին լրագրողների հարցին: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները խոսում են ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածության մասին եւ, որպես նրա հիմնական մրցակից ու այլընտրանք՝ նշվում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանն այս հեռանկարին: Այս հարցին Ս. Սարգսյանի պատասխանը մեջբերում ենք առանց կրճատումների. «Ես, ինչ ասեմ, հանդարտ եմ վերաբերվում բոլոր այն կանխատեսումներին, որ հնարավոր է, որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ, կամ որպեսզի Հանրապետական կուսակցությունն առաջադրի իմ թեկնածությունը, բայց կարծում եմ, որ դեռեւս վաղ է այդ թեմայով խոսել: Իսկ մենք որեւէ փոփոխություն մեր ռազմավարության մեջ՝ կախված թեկնածուների առատությունից կամ սակավությունից, չենք մտցնելու: Մենք այդպես վարվեցինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդպես ենք վարվելու նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք կարեւորագույն խնդիր ունենք: Կարեւորագույն խնդիրն է՝ ստանալ մեր ժողովրդի եւ միջազգային կազմակերպությունների առնվազն հավասար գնահատականը ընտրություններին, ԱԺ ընտրությունների համեմատ: Սա է մեր նվազագույն խնդիրը: Մենք այլ խնդիր, դեռեւս, առայժմ չենք տեսնում: Միգուցե հետո կարող ենք այլ խնդիրների մասին խոսել»: