Հայաստանի դեղորայքի շուկան փոքր է, բայց գրավիչ

12/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

«Pliva», «Glaxosmithkline», «Gedeon Richter», «Servier», KRKA եւ այլ ընկերություններ քաջ հայտնի են սպառողին: Նրանց հիմնական առաքելությունը երկրում մարքետինգային եւ գովազդային աշխատանքներ իրականացնելն է՝ բժիշկներին, բուժհիմնարկներին եւ դեղագործներին ներկայացնել ֆիրմայի գրանցված արտադրանքը, նոր դեղամիջոցները: Ինչպես նկատում են ֆիրմաների ներկայացուցիչները եւ բժիշկները, դա ընկերությանը օգտակար է ոչ միայն բիզնեսի առումով, այլեւ տվյալ երկրի առողջապահությանը՝ շուկայում հայտնվող նոր դեղորայքի մասին ինֆորմացիայի տարածման տեսակետից: Բացի կեղծված եւ ժամկետանց դեղորայքի հետ կապված խնդիրներից, ֆիրմաներին հուզում է շուկայի ծավալների ու ապրանքի գովազդի ընկալման հարցը, որը ֆիրմաներից պահանջում է գրագետ մենեջմենթ: Որքանո՞վ է ձեռնտու արտասահմանյան խոշոր դեղագործական ընկերություններին` համագործակցությունը Հայաստանի հետ: «Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում դեղորայքը մասսայականացնելու գործն ավելի հեշտ է, որովհետեւ աշխատանքը կապված է բուժաշխատողի եւ դեղագործի հետ, իսկ մեր ժողովուրդը բավականին հյուրընկալ է,- ասում է «Pliva» ընկերության տարածաշրջանային մենեջեր Տաթեւիկ Շաղյանը: -Բազմաթիվ թրեյնինգների ժամանակ տեսնում ենք այլ երկրների պրոբլեմները, թե ինչքան դժվար է մտնել բժշկի սենյակ, նրան խանգարել աշխատանքի ընթացքում՝ կարող են լինել ամենաանկանխատեսելի մոտեցումները: Իհարկե, այստեղ էլ բավականին դժվար է կոտրել արգելքը՝ մտնել, ներկայանալ, ստեղծել կոնտակտ, ձեռք բերել վստահություն»:

Խոշոր ֆիրմաների ներկայացուցիչներն, ինչպես նշեցինք, առեւտրով չեն զբաղվում: Զբաղվում են գովազդով, թեեւ համարում են, որ առողջապահության ոլորտում գովազդը եթե թույլատրելի է, ապա այն պետք է գործածվի ավելի մեղմ տարբերակով: «Մեր դեղերն ընդհանրապես չեն գովազդվում եւ ես առհասարակ դեմ եմ դեղորայքի գովազդին,- նշում է «Servier» դեղագործական խմբի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Բ. Լալայանը,- որովհետեւ հաճախ գովազդում են այն դեղերը, որոնք հիվանդն առանց բժշկի նշանակման չպետք է ընդունի, իսկ հեռուստագովազդը դրդում է գնել եւ խմել դրանք: Կարելի է գովազդել անվտանգ պրեպարատներ, ասենք, վիտամիններ, բայց դեղերի գովազդի 99%-ին ես դեմ եմ»:

Կեղծ դեղորայքի խնդիրն ավելի շատ կա, քան չկա

Դեղորայքի առք ու վաճառքով զբաղվում են տեղական մեծածախ դեղագործական ընկերությունները, ինչպիսիք են «Նատալիֆարմը», «Ալֆաֆարմը», «Արֆարմացիան», «Ամիկուսը» եւ այլք: Որքան ընկերությունը խոշոր է, այնքան ավելի է կարեւորում իր հեղինակությունը: Կեղծ դեղորայքի առեւտրով զբաղվում են հիմնականում մանր ընկերությունները եւ անհատները, այսպես կոչված` «սեւ պայուսակավորները»: Կեղծիքների վերաբերյալ «Glaxosmithkline», «Gedeon Richter», KRKA եւ «Servier» ֆիրմաների ներկայացուցիչները բավականին վստահ նշեցին, որ գոնե Հայաստանում իրենց ֆիրմայի արտադրանքը երբեւէ չի կեղծվել, քանի որ «բրենդ-ֆիրման ուշադիր է հետեւում շուկային»: Հետեւել շուկային` նշանակում է օրական 2-3 դեղատուն այցելել, մշտապես կապ պահպանել տեղական դեղագործական ֆիրմաների, Դեղգործակալության եւ Առողջապահության նախարարության հետ: Չնայած դրան, յուրաքանչյուր ընկերություն ունի արտադրանքը պաշտպանելու իր նոու-հաուն: «Մենք ունենք անտիբիոտիկ՝ «Sumamed»,- պատմում է Տ. Շաղանը,- որը կեղծիքից պաշտպանելու համար ընկերությունը` բավականին մեծ ծախսեր անելով, ստեղծեց հալոգրամմա: Անզեն աչքով այն նկատել հնարավոր չէ, նրա առկայությունը ստուգվում է վերիֆիկատոր կոչվող ապարատով: Մոտ 110 դեղատների անվճար բաժանեցինք վերիֆիկատորները, որի արտադրությունը բավականին թանկ հաճույք էր, եւ այդ դեղատների ցուցակը բաժանեցինք բուժաշխատողների շրջանում: Դուք երեւի կզարմանաք, մենք նույնիսկ կեղծ պրեպարատի տվյալով արեցինք ռեկլամային բուկլետ: Սովորաբար խուսափում են ասել, որ իրենց պրեպարատը կեղծվել է, իսկ մենք դիմեցինք այսպիսի քայլի, որպեսզի հուշենք, թե ինչպես կարելի է զգուշանալ կեղծիքից: Եվ եթե երկու տարի առաջ պրեպարատը, ըստ մեր վիճակագրության, մոտ 1/3 չափով մտնում էր կեղծված, այսօրվա դրությամբ մենք չենք հանդիպում կեղծ պրեպարատներ»: «Servier» դեղագործական խմբի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լալայան Բագրատն ասաց. «Մենք տարբերակում ենք դեղերի տուփերը, որոնք գալիս են Հայաստան: Օրինակ, Ռուսաստանում «Դիաբետոն» դեղամիջոցը հայտնի է ինչպես Diabeton MV, Հայաստանում՝ Diabeton MR, նույնը կարելի է ասել որոշ այլ դեղերի մասին՝ «Պրեդուկտալի», «Պրիստառիումի»: Այս մասին տեղյակ են բոլոր բժիշկները եւ հիվանդները, այսինքն, կարելի է ասել, որ եթե նույնիսկ կեղծվի, ապա այդ դեղորայքը չի կարող գալ եւ վաճառվել Հայաստանում, որովհետեւ կեղծիքը միանգամից կհայտնաբերվի»:

Համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ, դեղորայքի առք ու վաճառքի, նրա որակի նկատմամբ որակական չափանիշներ կիրառելու առումով Հայաստանում օրենսդրությունն ավելի պատշաճ մակարդակի վրա է: Ադրբեջանն ընդամենը վերջին տարվա ընթացքում է որոշել դեղորայքը գրանցել: Վրաստանում կա գրանցման գաղափարը, բայց փաստը, որ Վրաստանը նաեւ կեղծված դեղերի արտահոսքի հիմնական աղբյուրն է, խոսում է օրենսդրական թերացումների մասին: Այսպիսով, դեղորայքը հիմնականում կեղծվում է Ռուսաստանում, որովհետեւ այստեղ կան անհրաժեշտ տեխնոլոգիական հզորությունները եւ արտադրական բազաները` դեղի նմանակ ստեղծելու համար, բայց վաճառվում է Վրաստանում: Պատճառը թերեւս Վրաստանում դեղորայքի նկատմամբ ավելացված արժեքի հարկ չկիրառելն է: Այսինքն, յուրաքանչյուր դեղ Վրաստանում 20%-ով ավելի էժան է, հետեւաբար` մեծաքանակ առեւտրի համար շատ հարմար: Ի դեպ, Վրաստանից Հայաստան մուտք է գործում ոչ միայն կեղծված, այլեւ օրիգինալ, բայց ապօրինի ներկրված դեղորայք: Այս դեպքում «օրինազանց» ապրանքն արհեստականորեն կարող է դառնալ կեղծ կամ փչացած, քանի որ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են դրանք բերվում եւ արդյո՞ք տեղափոխման ժամանակ ապահովվում են դեղորայքի պահպանման կանոններն ու հատուկ պայմանները: «Դեղգործակալություն» ՓԲԸ-ն դեղորայքը գրանցող միակ հաստատությունն է, որն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ եւ երբեմն ուշացնում այս կամ այն դեղորայքի գրանցումը: Ըստ ֆիրմաների ներկայացուցիչների, դա եւս կարող է պատճառ դառնալ հրատապ, բայց շուկայում բացակայող դեղորայքի կեղծված տարբերակների ի հայտ գալուն: Այսպես եղավ, օրինակ, Pliva-ի «Տիոկտացիդ» պրեպարատի հետ նախորդ տարվա աշնանը, երբ Դեղգործակալությունը մոտ 5 ամիս ձգձգեց «Տիոկտացիդի» վերագրանցումը:

Տարբեր դեղագործական ընկերությունների կարծիքն այն մասին, թե արդյո՞ք հայաստանյան շուկան հետաքրքրություն է ներկայացնում արտասահմանյան դեղագործական ընկերությունների համար, միանման էր: Իրականում Հայաստանի շուկան շատ փոքր է, որպեսզի խոսենք մեծ բիզնեսի եւ մեծ գումարների մասին: Ոմանք նաեւ նշում են, որ այն եկամուտը, որ ստացվում է վաճառքից, մնում է երկրում՝ ներկայացուցչությունը «պահելու համար»: Սակայն փաստ է, որ միայն հսկա ճանաչված ֆիրմաները կարող են իրենց թույլ տալ ներկայացուցչություն ունենալ աշխարհի ամենահեռավոր երկրում: Այնպես որ, փոքր երկրի առավելություններից մեկն էլ կարելի է համարել մեծ երկրների մեծ ֆիրմաների ուշադրությանն արժանանալը: