Սափրագլուխների գենետիկան

14/09/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

– Որտեղի՞ց հայտնվեցին էս հաստավիզ սափրագլուխները,- հարցնում էր մի օր մեկն՝ ասելով, թե առաջ նրանք չէին երեւում։

Եթե դրանք ծնվել են վերջին տասնհինգ տարում, ուրեմն պիտի առավելագույնը տասնհինգ տարեկան պատանիներ լինեին։ Եթե ծնվել են ավելի վաղ, ուրեմն նրանց ծնողներն էլ, ըստ գենետիկայի օրենքի, պիտի հաստավիզ ու սափրագլուխ լինեին։ Բայց հարց տվողն ասում է՝ առաջ չկային, չեն երեւացել՝ չկասկածելով անգամ, որ աննյութ բաներից կարող են առաջանալ սափրագլուխներ։ Ասեմ նաեւ, որ դրանց ճանաչելու համար կարեւորը տեխնիկական պարամետրերը չեն՝ ծալքերի քանակ, շրջանի տրամագիծ եւ այլն։

Սափրագլուխները միայն օլիգարխների շրջապատում չեն, կամ միայն օլիգարխների շրջապատում չի, որ նկատվում են սափրագլուխներ։ Ամենուր են, բայց հաճախ նկատում ենք նրանց՝ միայն JEEP-երի, թանկանոց ռեստորանների ու կազինոների խորապատկերում։ Պատճառն այն է, որ՝ թողած էությունը, տարվում ենք տեխնիկական պարամետրերով։

Երիտասարդ, համակրելի աղջիկը սրճարանում մատուցողուհի է աշխատում։ Երեւի նաեւ ուսանող է համալսարաններից մեկում։ Ուսման վարձն է վաստակում։ Հիանալի է։ Բայց սրճարանի մոտերքում կամ ներսում մուրացկան տեսնելիս այնպես է «հույ» անում, որ մուրացկանը չէ, հաճախորդներն են սարսափում։ «Ինչո՞ւ ես կոպտում տարիքն առած կնոջը» հարցին առանց վրդովմունքի պատասխանում է՝ կաֆեի տերն ասել ա՝ դրանց ըստե չթողեք։ Տեխնիկական պարամետրերով ոչ մի կերպ չի համապատասխանում։ Բարալիկ վիզ ունի, կապույտ, թափանցիկ աչիկներ, շեկացրած, ուսերին թափվող մազեր, երբ սուրճը զգուշորեն դնում է սեղանին, նկատում ես մատների ու եկեղեցու մոմերի նմանությունը։ Ինչո՞վ է տարբերվում սափրագլուխներից։ Ոչնչով։

Առավոտ կանուխ երիտասարդ, բարեկազմ մարդը երեխային դպրոց է բերում։ Դռնից ներս թողնելուց առաջ քնքշորեն համբուրում է, նստում մեքենան ու գնում։ Դատախազության կամ Ոստիկանության քննիչ է, դրանով է պահում իր ընտանիքը։ Մինչ դասերը կավարտվեն, աշխատանքային պարտականությունները կատարելով՝ քննում է մի քանի վկայի (չեմ ասում՝ կասկածյալի)։ Վկան նրա կաբինետից դուրս է գալիս հոգեպես ընկճված (չեմ ասում՝ ծեծված կամ նվաստացած)։ Ընդմիջման ժամին մարդը գալիս է դպրոցի մոտ, սպասում մի քիչ, վերցնում երեխային ու գնում։ Ոչ ոք չի նկատում, որ բարեկազմ մարդն ու հոգատար հայրը սափրագլուխ է։ Այս դեպքում, իհարկե, կան կատալիզատորներ։ Օրինակ՝ եթե մեկը ժամանակավորապես փակի նրա մեքենայի ճանապարհը, վրա կտա. «Արա, հըլը մի հատ հելի ըստուց»։

Անուշիկ տիկին է, աշխատում է իր տեղում։ Հավակնությունները մեծ են, հնարավորությունները՝ քիչ։ Ուրիշների հաջողությունները հանգիստ չեն տալիս, բայց նրա արտաքինից դա չի երեւում։ Մեկ էլ գործընկերներն իմանում են, որ անուշիկ այս տիկինը զրպարտագրեր ու մատնագրեր է գրում։ Թյուրիմացությո՜ւն… Ի՞նչ իմանաս, որ տեխնիկական բոլոր պարամետրերին անհամապատասխան այս կինը թաքնված սափրագլուխ է։

Երեւանում հաճախ պատահող խցանումների մեջ ետեւդ կանգնած «Ժիգուլին» («Ժիգուլին», ոչ թե այլ մեքենա) անընդհատ «սիգնալ» է տալիս։ Հայելու մեջ նայում ես՝ մազերը տեղն են, դեմքը՝ լղարիկ ու հոգնած։ Դիմացդ կանգնած մեքենաների շարքը պարզ-պարզ տեսնում է, խցանման չերեւացող ծայրն էլ է տեսնում, բայց ձեռքն ազդանշանից չի վերցնում։ Հիմա սա պլպլացող գանգամաշկ ու վզին մի տասնյակ ծալք պիտի ունենա՞ր անպայման։

Ինչո՞վ սափրագլուխ չէ այն դատավորը, ով պատվեր է կատարում։ Ծնունդի կամ հարսանիքի տեղում տեսնում ես՝ սոլիդնի մարդ է, կենացներ է ասում ընտանիքի ամրության, ծնողների նկատմամբ հարգանքի ու նման բաների մասին, բայց գործի մեջ ուրիշ է՝ շատ նման սրճարանի այն մատուցողուհուն, ով «չայեվոյի» համար դառնում է սրճարանի տիրոջ սափրագլուխ «ախրաննիկը»։ Սա էլ նախագահի կամ վարչապետի կամ գլխավոր դատախազի սափրագլուխն է, բայց կենսագրության մեջ գրում է՝ արդարադատության եսիմ որ դասի եսիմ ինչ։

Նախագահն ու վարչապետը սափրագլուխների պակաս երբեք չեն զգացել։ Ի պաշտոնե իրենց հատկացված «ախրանաներից» բացի, նրանք կամավոր սափրագլուխների փաղանգներ ունեն։ Հեռավոր մարզի ինչ-որ վարչության պետի աթոռին նստած ճերմակվերնաշապիկավոր-փողկապավորը վարչապետի «ախրանայի» անդամ է զգում իրեն։ Նա այնտեղ նստած չէ, որ գյուղացիների խնդիրները լուծի, այլ՝ որպեսզի անգիր ու անհոդաբաշխ պաշտպանի հարազատ կուսակցության ու կառավարության բռնած գիծը։

Իշխանության համար պայքարում անգամ նրանք ունեն իրենց սափրագլուխ թիկնապահներն, ովքեր կայացման այլ ուղի չգտնելով՝ մտել են քաղաքականության մեջ։ Սափրագլուխները հո միայն լրագրող կամ մարդ ծեծելու համար չե՞ն, նաեւ ճանապարհ են բացում, հսկում շեֆերի անդորրը։ Անկախ մազածածկույթի առատությունից՝ սրանք էլ կամավոր ստանձնում են շեֆի ճամփեն բացելու սրբազան գործը։ Բայց տարբերությունը վերը նշվածներից այն է, որ քաղաքականներին կարելի է խոսել, ճչալ, բղավել, մատ թափ տալ, բռունցք ճոճել՝ օդում, իսկ մյուսները պետք է լուռ ու մունջ անեն իրենց գործը՝ մինչեւ սափրագլուխների դարաշրջանի պատմական ավարտը։