«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»
Հայկական ժողովրդական ասացվածք
Հայկական գյուղատնտեսության հերն անիծվեց դեռ 1991-ին, երբ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանը չնախապատրաստված սեփականաշնորհեց գյուղատնտեսական հողատարածքները: Ամենեւին էլ կողմ չլինելով «կոլխոզներին եւ սովխոզներին», պետք է փաստեմ, որ հենց այդ պահից ի վեր հայ գյուղացին դարձավ, բառիս բուն իմաստով` անտեր: Որովհետեւ այդ ժամանակ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե ինչո՞վ պետք է գյուղացին հողը վարի, որտեղի՞ց պետք է հայթայթի պարարտանյութն ու թունաքիմիկատները, ինչպե՞ս եւ որտե՞ղ պետք է սպառի ստացված բերքը եւ այլն: Խնդիրն ամենեւին էլ նյութականի մեջ չէր, պարզապես քանդվեց, թեկուզ եւ վատ, բայց աշխատող մեխանիզմը, սակայն նրա փոխարեն չներդրվեց նորը, անգամ սաղմնային վիճակում: Ժամանակի ընթացքում որոշ հարցեր լուծվեցին: Որոշ հարցերում գյուղացին ինքն իր գլխի ճարը տեսավ, որոշ հարցեր, այնուամենայնիվ, լուծվեցին պետական մակարդակով, սպառման հարցը լուծեցին վերավաճառողներն ու ժամանակի ընթացքում բացված բազմաթիվ գինու եւ պահածոյի գործարանները: Սակայն կան հարցեր, որոնք չեն լուծվել, եւ դեռ պարզ էլ չէ` կլուծվե՞ն երբեւիցե, թե՞ ոչ:
Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ անհասկանալի եղանակի պատճառով գյուղացու բերքը պարբերաբար փչանում է: Համենայնդեպս, այդպես են մեզ ներկայացնում հայրենի ԶԼՄ-ները: Եվ հենց այդ պահից սկսած` վերավաճառողները հասկանում են, որ վնասված պտուղն այդ տարի անհրաժեշտ է թանկ վաճառել: Իսկ հեռուստալրագրողներն այդպես էլ չեն հասկանում, որ իրենց բարձրացրած աղմուկը մի քանի ամիս հետո հարվածելու է իրենց իսկ գրպանին: Կամ հասկանում են, բայց ստիպված են կատարել վերեւից իջեցրած հրամանը, որը երկու խնդիր է հետապնդում` քարոզել կարկտահարված վայրերով պտտվող գյուղնախարարի բազմաչարչար աշխատանքը (ժամանակակից տերմինաբանությամբ` նրան PR անել) եւ փորձել բյուջեից, արտաբյուջետային ֆոնդից կամ միջազգային վարկային եւ դոնոր կազմակերպություններից «փող պոկել»` գյուղացիների վնասը փոխհատուցելու պատրվակով: Ի դեպ, «փող պոկելը» Գյուղնախարարության պաշտոնյաների մոտ վատ չի ստացվում: Այլ հարց է, թե այդ պատրվակով ձեռք բերված գումարների քանի՞ տոկոսն է հասնում վնաս կրած գյուղացիներին:
Հասկանալով հանդերձ, որ կարկուտը չինովնիկ չէ, որ կաշառք վերցնի ու չգա, միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ այդ նույն կարկուտը, հավանաբար, այլ երկրներում էլ է գալիս: Սակայն այնտեղ բնության սովորական երեւույթից երբեք նման վայնասուն չի բարձրանում, քանզի այդ խնդիրն այնտեղ վաղուց լուծված է: Եվ Գյուղնախարարության ապարատի չիվնովնիկները բազմաթիվ «խալյավնի» արտասահմանյան գործուղումներից մեկի ժամանակ կարող էին փորձի փոխանակման կամ ուսումնասիրությունների միջոցով փորձել լուծել «հայաստանյան կարկուտի անլուծելի խնդիրը»: Եվ եթե չեն ուզում օգտվել պապենական հակակարկտային միջոցներից, որոնք, հասկանալի պատճառներով, պատերազմական տարիներին հավաքվել եւ օգտագործվել են այլ նպատակներով, ապա գոնե ժամանակակից քաղաքակիրթ մեթոդներն այսքան տարիների ընթացքում կարելի էր փորձել ներդնել: Օրինակ, շատ երկրներում այս խնդիրը լուծված է ապահովագրության օգնությամբ: Համոզված եմ, որ մեկ-երկու տարի կարկուտն անպայման կգա միայն այն տարածքներում, որտեղ գյուղացիները «նախօրոք» ապահովագրվել էին: Սակայն եթե ապահովագրվի ոչ թե սպասվող բերքը, այլ միայն գյուղացու կատարած ծախսը, ապա շատ շուտ ամեն ինչ իր տեղը կընկնի, քանզի կեղծարարը հավելյալ սպասելիք չի ունենա եւ «մուֆթա ապահովագրությունն» անիմաստ կհամարի: Եվ այս դեպքում կխրախուսվի միայն իրոք վնաս կրած գյուղացին, այն էլ` միայն իր կատարած ծախսերի չափով:
Տնտեսության այս ոլորտում այլ անհասկանալի էպիզոդներ եւս կան: Օրինակ, տարբեր պտղատեսակների ներմուծման եւ արտահանման սերտիֆիկացիայի հարցը: Այս խնդիրն առավել ցայտուն երեւաց այն պահից, երբ դոլարի կուրսը Հայաստանում սրընթաց ընկավ: Պարզվում է` հայկական արտադրանքի արտահանման համար այս անբարենպաստ տարիներին արտահանողը վերոնշյալ սերտիֆիկատի համար այնքան բարձր գին պետք է վճարի, որ Հայաստանից պտուղ (ծիրան, դեղձ, խաղող) արտահանելը դառնում է անիմաստ: Կամ դա կարող են անել միայն ընտրյալները: Այսինքն` մենաշնորհի համար Հայաստանում հերթական պարարտ հողն է ստեղծված: Իհարկե, այս հարցին մենք կանդրադառնանք ավելի հանգամանալից:
Այս ամենն, իհարկե, մանրուք էր, կարեւորն այն է, որ Գյուղնախարարությունը սիրում է Դաշնակցության նման գաղտնի աշխատել: Որովհետեւ փաստ է, որ եթե Ռուսաստանը չարձանագրեր, որ Հայաստանում աֆրիկյան ժանտախտ կա եւ չհրաժարվեր մեր մսամթերքից, մերոնք այդպես էլ չէին իմանա, թե ինչից են «կոտորվում» հայրենական խոզերը: Համենայնդեպս, փաստն այն է, որ մինչեւ ռուսաստանյան լրատվամիջոցները չանդրադարձան այս խնդրին, մեր ռեյտինգային ԶԼՄ-ները ոչ մի լուր այդ մասին չէին հաղորդել: Երեւի «զակազ» չկար: